Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎՐԱՍ ԿՈՇԻԿ ԷԻՆ ՆԵՏՈՒՄ»

Հունիս 27,2008 00:00

\"\"Բացառիկ հարցազրույց երգչուհի Վարվառայի հետ

Հանրահայտ երգչուհի Վարվառայի հայտնությունը բեմում՝ ռուսական փոփ երաժշտարտադրության ոլորտում նոր փուլ ազդարարեց. եւ դա այն ժամանակ, երբ «Աստղային ֆաբրիկայի» ու այլ նախագծերի անթիվ շրջանավարտներ իրենց միօրինակ երգերով հոգնեցնում էին հանդիսատեսին: Վարվառայի շնորհիվ ռուսական բեմից կրկին հնչեց որակյալ երաժշտություն՝ էթնիկ տարրերով, բայց ժամանակակից ոճերով:

Շիկահեր գեղեցկուհու հիթերը պտտեցվում են աշխարհի հեռուստառադիոեթերներով եւ զբաղեցնում բարձր հորիզոնականներ հիթ շքերթներում:

Օրերս «Fashion Group» ընկերության նախաձեռնությամբ հայ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն ունեցավ վայելելու Վարվառայի երկու մենահամերգ՝ Գյումրիում եւ Երեւանում:

– Առաջին անգամ չեք Հայաստանում, ինչպիսի՞ զգացողություն ունեք…

– Ուրախ եմ, որ կրկին Երեւանում եմ: Տրամադրությունս էլ բարձր է: Երկու տարի առաջ Անդրեի հրավերով եմ եկել Հայաստան եւ «Վազգեն Սարգսյան» մարզադաշտում երգել նրա մենահամերգին: Այդ օրվանից կարոտում էի Երեւանը, հայերի ջերմությունը … Դեռ նախորդ այցից շատ էի տպավորվել, ցնցվել էի Արարատ լեռան փառահեղ տեսքից: Գուցե ձեզ համար սովորական է առավոտյան արթնանալ ու պատուհանից Արարատը տեսնել, բայց ինձ համար դա իրոք մեծ հաճույք էր: Հուսով եմ, այս այցիս ընթացքում ավելի շատ ժամանակ կունենամ ձեր երկրի տեսարժան վայրերում լինելու:

– Անընդհատ հյուրախաղեր ու շրջագայություններ, Դուք էլ բազմազավակ մայր եք, Ձեր ընտանիքը դրանից չի՞ տուժում:

– Իհարկե, շատ դժվար է ամեն ինչ ժամանակին հասցնել, համատեղել աշխատանքը, կարիերան եւ ընտանեկան կյանքն այնպես, որ ոչ մի կողմը չտուժի: Երբեմն ընտանիքս իմ զբաղվածության պատճառով տուժում է, բայց հարազատներս ինձ հասկանում են…

– Ճի՞շտ է, որ մինչեւ հայտնի դառնալը՝ ուսանողական տարիներին Ձեր ուսուցիչներից մեկը բազմիցս լսարանից Ձեզ դուրս է հրավիրել եւ անգամ կոշիկ նետել Ձեր վրա:

– Ճակատագրի բերումով դպրոցն ավարտելուց հետո սովորում էի Մատվեյ Օշերեւսկու մոտ, որը մի շարք աղմկահարույց բեմադրությունների ռեժիսոր էր: Ուսանողական տարիներին մեր հարաբերությունները լարված էին: Բազմիցս լացելով դուրս եմ վազել լսարանից, խոստանալով երբեք չվերադառնալ: Այո, նա իսկապես իմ հետեւից իր կոշիկներն էր նետում ու «հիմար» անվանում: Բայց այս ամենում, իհարկե, դրական բան էլ կար: Յուրաքանչյուր արտիստ պետք է նման ճանապարհ անցնի, կոփվի:

– Ասում են, որ վերջերս «Եվրատեսիլ» միջազգային մրցույթին մասնակցելու առաջարկ եք ստացել Շվեյցարիայից եւ Մոլդովայից:

– Այո՛, ստացել եմ ու կտրականապես մերժել, որովհետեւ նրանց առաջարկած պայմաններին համաձայն չէի: Նրանց երգերը ոչ մի կապ չունեին իմ ոճի հետ, դեմ էին իմ արտիստական սկզբունքներին:

– Ռուսական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում ասել էիք, որ ռուսական երգիչ-երգչուհիները եւ Դուք գտնվում եք տարբեր հարթություններում, քանի որ, Ձեր խոսքով, նրանք վախենում են էքսպերիմենտներից…

– Ես ստիպված եմ հաշվի նստել իմ գործընկերների հետ, բայց դա չի նշանակում, որ պետք է դառնամ նրանց նման, համաձայնեմ այն ամենի հետ, ինչ նրանք անում են եւ սկսեմ համեմատվել նրանց հետ: Ես ընտրել եմ մի ոճ, շատերը՝ այլ: Իմ ընտրած ոճը ինձ չի կաղապարում: Այստեղից էլ իմ ու գործընկերներիս տարբերությունը:

– Բացի Անդրեից, հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ո՞ւմ եք ճանաչում:

– Հայ երգիչներից գիտեմ նաեւ Սոնային, որի հետ ծանոթացել եմ Մոսկվայում: Հիմա ընկերություն ենք անում: Շատ եմ սիրում հայկական երաժշտությունը՝ հատկապես կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի երգերը, որոնցից մեկը կցանկանայի կատարել: Ափսոս, դրանցից գրեթե բոլորն արդեն երգվել են հանրաճանաչ արտիստների կողմից: Շատ եմ սիրում հատկապես բաբաջանյանական երգերի կոբզոնական մեկնաբանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել