Այսօր, ժամը 12-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվելու ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու՝ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
Երեկ այս առիթով «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը հայտնեց, որ իր պաշտպանյալների վրդովմունքն է առաջացրել այն հանգամանքը, որ իրենք ապօրինի են գտնվում կալանքի տակ, բացի այդ՝ իրենց նկատմամբ կայացված դատական որոշումները չհիմնավորված են եւ չպատճառաբանված, ինչն արդեն իսկ խախտում է ազատության մեջ գտնվելու իրենց իրավունքը: «Խնդիրն այն է, որ Հակոբյանը բերման է ենթարկվել մարտի 2-ի երեկոյան եւ միայն մարտի 3-ին է կազմվել ձերբակալման արձանագրությունը, որից հետո գլխավոր դատախազը ԱԺ-ում բաց նիստով հրապարակային հայտարարեց, որ կան բավարար ապացույցներ ԱԺ պատգամավորների նկատմամբ մեղադրանք առաջադրելու եւ կալանելու համար: Այսինքն՝ արդեն իսկ մարտի 4-ին նախաքննության մարմինը, ըստ գլխավոր դատախազի հայտարարության, ունեցել է բավարար ապացույցներ, որպեսզի այս անձանց նկատմամբ մեղադրանք առաջադրի եւ կալանքն ընտրվի որպես խափանման միջոց: Սակայն արդեն անցել է չորս ամիս եւ այդ «բավարար ապացույցները», փաստորեն, պարզվում է, դեռեւս բավարար չեն, դեռեւս ձեռք չեն բերվել անհրաժեշտ ապացույցները»,- ընդգծեց փաստաբանը: Վերջինս հիշեցրեց, որ Մալխասյանի եւ Հակոբյանի նկատմամբ կայացված բոլոր որոշումները բողոքարկել է, որոնք, ինչպես եւ սպասվում էր, մերժվել են:
Վճռաբեկ բողոք ներկայացվել էր նաեւ հունիսի 5-ին եւ 10-ին, ինչի վերաբերյալ փաստաբանը դեռեւս պատասխան չի ստացել: Ըստ նրա՝ այսօրվա դատական նիստից առանձնապես ակնկալիքներ չունի, թեեւ համոզված է, որ կալանքի ժամկետը երկարացնելու համար չկան հիմքեր, իր պաշտպանյալների հանդեպ հստակ մեղադրանքներ հարուցված չեն: «Իմ պաշտպանյալներին զայրացնում է, որ իրենց հետ քննչական աշխատանքներ ընդհանրապես չեն կատարվում (72 ժամվա ընթացքում ինչ կատարվել է՝ դա է): Երկու ամսվա ընթացքում քննիչի կողմից ընդամենը երկու այց եղել է Մյասնիկ Մալխասյանին, մեկ այց՝ Հակոբ Հակոբյանին: Այսինքն՝ մենք չենք տեսնում այն հիմքերը, որոնք անհրաժեշտ են խափանման միջոցի ժամկետը երկարացնելու համար: Հակոբյանն ԱԺ-ում էլ պատմեց, թե ինչպես է «ԲՄՎ»-ն հեռացրել հրապարակից, որի համար բարձրաստիճան ոստիկանները նրան շնորհակալություն են հայտնել: Հակոբյանը բացահայտ հայտարարել է, որ գնացել է ԱԱԾ, գնդապետ Արթուր Խաչատրյանը վկա է, որ ինքն ինչ է կատարել, սակայն մինչ օրս ոչ ոք ուշադրության չի արժանացրել այդ հայտարարությունը, չեն հարցաքննել Հակոբյանին»,- հավելեց Առուստամյանը՝ միաժամանակ վկայակոչելով ՀՀ Քրդատօրի 17 եւ 18 հոդվածները, ըստ որոնց՝ քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկել մեղադրյալի անմեղությունն ապացուցող ցանկացած հայտարարություն: Ինչը չի արվել: «Ստիպված մենք ենք ապրիլին միջնորդություն ներկայացրել, որ հետաքննություն կատարվի, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել»,- տեղեկացրեց փաստաբանը՝ հայտարարելով, որ մեր երկրի դատական բոլոր ատյաններն անցնելուց հետո դիմելու են Եվրոդատարան: