Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻՆ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԵԼ

Հունիս 27,2008 00:00

Սակայն ոչ բոլորն են պատրաստ այս «զոհողությանը»

\"\"ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ այս տարվանից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը իրականացնում է «Տեղյակ լինելու իրավունք» ծրագիրը: Արդեն 70 տեղեկատվական ցուցանակներ փակցվել են Հայաստանի մարզերի շուրջ 8 գյուղական եւ 9 քաղաքային համայնքներում: Մինչեւ տարվա վերջ եւս 20 համայնք մաս կկազմի այս ծրագրին: Նպատակն է տեղաբնակների համար ստեղծել հնարավորություն եւ պայմաններ՝ հանրային նշանակություն ունեցող տեղեկատվությանը ծանոթանալու համար: Ցուցանակների վրա հիմնականում փակցված են համայնքի բյուջեն, կատարման հաշվետվությունը, ինչ ծրագրեր են իրականացվել ու առաջիկայում ինչ ծրագրեր են սպասվում համայնքներում: Տեղադրվել են քաղաքապետերի ու գյուղապետերի, ինչպես նաեւ ավագանու որոշումները: Ցուցանակներում պարտադիր պիտի լինեն տեղեկություններ, թե երբ, որտեղ, ինչ օրակարգով են ավագանու նիստեր գումարվելու: Համայնքների բնակիչներն այսուհետեւ իրազեկված կլինեն նաեւ տեղեկատվություն ստանալու իրենց սահմանադրական իրավունքի իրացման կարգի, ժամկետների եւ պայմանների մասին:

Քաղաքներից առաջին փուլում ընտրվել են Մասիսը, Վեդին, Չարենցավանը, Դիլիջանը, Աշտարակը, Բերդը, Նոր Հաճընը, Գավառն ու Եղեգնաձորը: «Սա շարունակական ծրագիր է, բայց միայն մենք չենք հասցնի կարճ ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում իրականացնել այս ծրագիրը: Կարծում եմ, կառավարությունը եւս իր մասնակցությունը պիտի ունենա ծրագրին»,- նշեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը: Թեեւ ծրագրի գերնպատակը մարդկանց՝ տեղեկատվություն ստանալու մշակույթի քարոզումն է, ինչպես նաեւ քաղաքացիներին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը մասնակից դարձնելը, բայց եղել են համայնքապետեր, ովքեր ընդդիմացել են այս ծրագրի իրականացմանն իրենց համայնքում: Այս գործում, ինչպես միշտ, առաջատար է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը: Նա լրագրողների հետ աշխատելու ցանկությամբ էլ աչքի չի ընկնում: Ցանկացած տեղեկություն, որ կապված է իր գործունեության հետ՝ լրատվամիջոցներից հեռու է:

Պարզվում է, գյուղապետերն էլ չեն «փայլում» իրենց հրապարակային աշխատանքով: Այս ծրագիրը «սվիններով» է դիմավորել Արմավիրի մարզի Արեւաշատի համայնքապետ Սուսաննա Գեւորգյանը: Նա ընդդիմացել եւ կտրուկ հրաժարվել է իր համայնքի տարածքում ցուցանակ տեղադրել: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչն է բաց եւ հրապարակային աշխատանքը մերժելու նրա դրդապատճառը: Գյուղապետին զայրացրել էր հատկապես իր համայնքի ընտրության հարցը: (Շուշան Դոյդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արեւաշատն ընտրվել է միայն կին գյուղապետ ունենալու պատճառով): «Այդ ոնց եղավ՝ լավ ծրագրերն ինձ ոչ մի անգամ չեն բերում, չեն ասում՝ քո գյուղում այսինչ ծրագիրն ենք բերում, օդանավակայանը այդքան գյուղին խանգարում է, օգնենք, ծրագիր մշակենք: Այդպիսի հարցերը ուրիշ համայնքներում են անում, ես շատը դրանից եմ վիրավորված, բայց որ մեզ աշխատանքով ծանրաբեռնելու հարց է լինում՝ անմիջապես մեր համայնք են բերում: Մեկը չեղավ, որ մի հարցով ինձ օգներ»,- ասաց Ս. Գեւորգյանը: Հավանաբար, գյուղապետը տեղյակ չէր, որ ինքն ի պաշտոնե պարտավոր էր այդ աշխատանքներն ինքնուրույն անել, ինչը մինչ այժմ չի արել, եւ սա լրացուցիչ օգնություն է իրեն: Երեւի դա է պատճառը, որ Ս. Գեւորգյանը «Տեղյակ լինելու իրավունք» ծրագիրը «լավերի» շարքը չդասեց: «Օդանավը, որը քամու ժամանակ թռչում է՝ փոշու մեջ կորում ենք, էլ չեմ ասում աղմուկի մասին: Որ թղթերի վրա գրեցինք, փակցրինք՝ ի՞նչ կփոխվի: Մեր գյուղացիներն իսկի էլ անտեղյակ չեն, ամեն պահի գյուղապետարան մտնում-դուրս են գալիս: Խի՞ պիտի Փարաքարում, Պտղունքում, Մուսալեռում չլինի, հենց իմ գյուղում լինի»,- խոսքը եզրափակեց Արեւաշատի համայնքապետը: Գյուղապետին տեղեկացնենք, որ իր կողմից համայնքում ավագանու որոշումների, բյուջեի կատարման եւ համայնքին վերաբերող այլնի մասին տեղեկատվության հրապարակումը չի դիտվում «բարի կամքի» դրսեւորում, դա պարտականություն է եւ Սահմանադրության հոդված 23-ի հստակ պահանջը, ըստ որի «…Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել