Մարքսիստ Դավիթ Հակոբյանը երեկ հայտարարեց, որ եղել է Տեր-Պետրոսյանի «գաղափարական զրահը» եւ «նրա քաղաքական մուտքի պատմա-բարոյա-իրավագիտական հիմնավորվածության գլխավոր տրուբադուրը»: Բայց հիմա ընտրում է ինքնուրույն ճանապարհ:
Մարքսիստ Դավիթ Հակոբյանի յուրաքանչյուր հայտնություն լրագրողներին անսահման հրճվանք է պատճառում: Որպեսզի «չավերենք» պարոն Հակոբյանի կոլորիտային խոսքը, հարմար գտանք պարզապես ներկայացնել նրա ռուսերենախառն պատասխանները՝ առանց մեկնաբանությունների: Բացատրելով, թե ինչու է հեռանում Լեւոն Տեր-Պետրոսյանից, պարոն Հակոբյանն ասաց. «Մենք այդ դաշինքին զինվորագրվել էինք մեկ կարգախոսի տակ՝ «Յա պարադիլ, յա ի ուբիրու»: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ անգամ պատրաստ եմ գործիք դառնալու, բայց ազգին ազատելու այս հանցագործ վարչախմբից: Այսօր այդ կարգախոսը դժբախտաբար կյանքի չկոչվեց, տակտիկական զինանոցի սնանկության պատճառով ընտրարշավը տանուլ տվեց, եւ այսօր ՀՀՇ-ն պարտադրում է ազգին մի այլ կարգախոս՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանին ալտերնատիվ չկա»: ՀՀՇ-ի քաղաքական քյամանչան իր լացակումած լարով լալիս է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին ալտերնատիվ չկա: Ստարի վոլկ պրամախնուլսյա, Ակուլա պրամախնուլսյա: «Ստայե նուժեն նովի վաժակ՝ խրաբրի, լովկի, մուդրի: Կտո՞ մոժետ ստած վաժակոմ ստայա՝ ու կավո խրաբրոյե սերդցե, ուչտիվայա ռեչ»: Կիպլինգի «Մաուգլիի» այս պատասխանից ավելի ժողովրդի կարծիքը փոխանցել չեմ կարող»:
Անդրադարձավ նաեւ հետեւյալին. «Նա (խոսքն առաջին նախագահի մասին է- Մ. Ե.) ասում է՝ 45 քաղաքական բանտարկյալներին ազատ արձակեք, մենք պատրաստ ենք երկխոսություն սկսել իշխանությունների հետ: Դավիթ Հակոբյանը ասում է՝ եթե վիկինգները Ազատիչի գլխավորությամբ անգամ հանրապետության ողջ կալանավայրերն ազատ արձակեն, Հակոբյան Դավիթը իշխանագողի հետ բանակցությունների չի նստի: Ո՞ւմ հետ եւ ինչի՞ մասին: Այն էլ այն դեպքում, երբ Եվրոպառլամենտը (նկատի ունի Եվրոպայի խորհուրդը – Մ. Ե.) այդ բանակցությունների մեխը տվել է արդեն, փակել է այդ բանակցությունների դուռը: Հիմա կասեք՝ ինչու: Ճանաչել ՍԴ-ի որոշումը: Ֆսյո, դրանով իսկ ամեն ինչ վճռված է»:
«Առավոտը», հիշեցնելով, որ մարքսիստը քարոզարշավի ժամանակ մեկ անգամ արդեն հայտարարել էր, թե հեռանում է Լեւոն Տեր-Պետրոսյանից, բայց հետո դարձյալ վերադարձավ, հարցրեց՝ ինչո՞ւ է ժամանակ առ ժամանակ մարքսիստը հեռանում, այդ ի՞նչ է ուզում, որ իրեն չեն տալիս: Ընկեր Հակոբյանն ասաց, որ այդ ժամանակ իրեն չէին հրավիրել ծրագրի կազմմանը. «Իսկ այն տպավորությունը ձեզ մոտ, թե ես ժամանակ առ ժամանակ ինչ-որ խռովություններ եմ սարքում, կարծում եմ՝ կատարյալ սխոլաստիկա է եւ միամտություն: Կրկնում եմ, այսօր այլ ժամանակներ են, եւ Հակոբյան Դավիթը բարոյական իրավունք ունի ինքնուրույն իր թեկնածուական ճակատագիրը լուծելու: Եթե հարցը գնում է նախագահական ընտրություններին նախապատրաստվելուն, երրորդ զարկը Սասունցի Դավիթը (այս դեպքում նկատի ունի իրեն- Մ. Ե.) ոչ մեկին չի բաշխում»: