Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏ. «ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԽՈՍԵԼ»

Հունիս 27,2008 00:00

Հավելյալ մանրամասներ ԵԽԽՎ քննարկումներից

«Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը» 11656 բանաձեւի նախագծի հունիսի 25-ի հրատապ քննարկման ընթացքում համազեկուցող, անգլիացի Ջոն Պրեսկոտն իր ելույթում հայտարարեց, թե այժմ դատական համակարգի բարեփոխման գործընթաց է նախաձեռնել անձամբ Հայաստանի վարչապետը. «Սակայն, ինչպես ասում ենք մեր երկրում՝ փուդինգի համը կպարզվի ուտելիս, եւ կա համընդհանուր կասկած՝ արդյոք այդ բարեփոխումները կիրականացվե՞ն հետեւողականորեն»:

Ջոն Պրեսկոտն իր ելույթում անդրադարձել էր մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ կալանավորվածներին եւ նշել, թե հակասական են տվյալները բանտերում պահվողների վերաբերյալ. «Կարծում եմ, մենք կարիք ունենք, որ ինչ-որ մեկը լրջորեն հետաքննի բանտում գտնվողների իրական վիճակը»: Համազեկուցողն անգամ իր եզրափակիչ խոսքում նշեց, թե բանտարկյալների վերաբերյալ հարցի պատասխանը «մենք ուզում ենք լսել այժմ, եւ ոչ հունվարին»:

Հայաստանի հանդեպ նույնիսկ դրական տրամադրված հռետորներն էին իրենց ելույթներում անպայման ընդգծում բանտարկյալների խնդիրը: Ասենք, սոցիալիստների խմբի անունից ելույթ ունեցող ֆրանսիացի պատվիրակ Ռընե Ռուքեն հայտարարեց, թե պիտի առաջընթաց արձանագրվի բանտարկյալների հարցում: Իսկ «Եվրոպական ժողովրդավարներ» խմբի անունից ելույթ ունեցող Ֆրանսուա Ռոշբլուանը, որին նույնպես կարելի է անվանել Հայաստանի պատվիրակության անդամ, քանի որ միշտ պաշտպանական ելույթներ է ունենում մեզ առնչվող խնդիրների շուրջ՝ հունիսի 25-ին հայտարարեց. «Կարեւոր է, որ ազատ արձակվեն այն անձինք, որոնք կալանավորվել են քաղաքական դրդապատճառներով: Ես հասկանում եմ, որ համազեկուցողները ճնշում են գործադրում իշխանությունների վրա, որ ստանձնեն ժողովրդավարական դեր»: Եվ վերջապես՝ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Սերհիյ Հոլովատին էլ ելույթում հայտարարեց. «Սա չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի չափանիշներին, երբ մարդիկ երկար ժամանակ նախնական կալանքի տակ են՝ առանց դատավճռի»: Եվ հույս հայտնեց, որ ստիպված չեն լինի նույն խնդրին անդրադառնալ Հայաստանի վերաբերյալ հաջորդ զեկույցում:

Հունիսի 24-ին «Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւի քննարկման ժամանակ ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր. «Ես անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ իմ ադրբեջանցի եւ թուրք գործընկերները փախստականների եւ գրավյալ տարածքների մասին հայտարարությունները կրկնելու փոխարեն՝ կասեն. «Այո, մենք բաժանում ենք ձեր ցավը: Կան 400 հազար հայ փախստականներ»: Նրանից հետո անմիջապես ելույթ ունեցող Գյուլթաքին Հաջիեւան հայտարարեց. «Ես էլ հույս ունեմ, որ վաղ թե ուշ Հայաստանի պատվիրակության այն ներկայացուցիչները, որոնք ընդդիմության անաչառ եւ արդար անդամներ են՝ կասեն, թե այո՛, Ադրբեջանի տարածքը գրավված է»: Թերեւս այս բանավեճն էր պատճառը, որ հունիսի 25-ի իր ելույթը՝ 1609 բանաձեւի կատարման վերաբերյալ, Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց այսպես. «Ամոթ չէ ճշմարտությունն ընդունելը: Ադրբեջանի համար՝ դա Լեռնային Ղարաբաղի իրավունքն է ազատ ապրելու իր հայրենի երկրում»: Հավելեց, թե Թուրքիայի համար էլ ամոթ չէ ճշմարտությունն ընդունելը՝ Ցեղասպանության վերաբերյալ: Ի դեպ, հենց Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհատեց Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյովին, երբ նա հայտարարեց. «Հայաստանը օկուպացված է պահում Ադրբեջանի տարածքի 20 տոկոսն արդեն 16 տարի»: «Դա սուտ է»,- բացականչեց «Ժառանգության» ղեկավարը:

Տեղն է մեջբերել ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին, որը նման պատվիրակի կորստի կապակցությամբ «Ազատություն» ռ/կ-ին մասնավորապես ասել էր. «Պատվիրակությունը դրանից չի դադարում գործել ԵԽ-ում: Պատվիրակության յուրաքանչյուր անդամ ունի նաեւ իր փոխարինողը, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես ունի իր փոխարինողը, որը կշարունակի գործել»: Հայտնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարինողը մասնավորապես ԵԽԽՎ Մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովում Նաիրա Զոհրաբյանն է:

Իսկ Ջոն Պրեսկոտը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե առկախում է իր մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին՝ նաեւ այսպես էր արձագանքել. «Մենք մեծ դժվարություններ ունեինք Հյուսիսային Իռլանդիայում շատ տասնամյակների ընթացքում, բայց մենք շարունակում էինք խոսել»: Ըստ նրա գնահատականի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը դեպի առաջ արված չէր. «Մենք պետք է շարունակենք խոսել: Բոլոր քաղաքական կուսակցությունները, որոնք ընդդիմադիր էին՝ ցույց տվեցին, որ մենք կարող ենք հասնել ընդհանուր համաձայնության այն փաստի առնչությամբ, որ մենք իրոք ցանկանում ենք օգնել Հայաստանի ժողովրդին»:

Հ.Գ. Մինչ 1609 բանաձեւի կատարման քննարկումը՝ ԵԽԽՎ-ն քննարկել էր «Եվրոպայում ժողովրդավարական հաստատությունների վիճակի վերաբերյալ» 11628 բանաձեւը: Դրա 10.1 կետն այսպիսին է. «Վեհաժողովն արձանագրում է, որ Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի ժողովրդավարական զարգացումը չի կայունանա, քանի դեռ նրանց տարածքային ամբողջականությունը վերականգնված չէ»: Հայաստանի պատվիրակները փորձել էին փոխել այս ձեւակերպումը՝ նշելով, թե մեկը մյուսի հետ կապ չունի: Սակայն առաջարկները մերժվեցին ե՛ւ Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից, ե՛ւ լիագումար նիստում: Եվ մեր պատվիրակների դեմ հանդես եկավ անգամ իտալացի պատգամավոր Դարիո Ռիվոլտան՝ նշելով, թե այն երկրները, որոնք «սառը» պատերազմի վիճակում են՝ դժվարանում են համապատասխանել լիակատար ժողովրդավարության պահանջներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել