Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ ԵԽԽՎ-ՈՒՄ 24 ՀՈԳՈՒ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ»

Հունիս 27,2008 00:00

\"\"Ասում է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, որը Ստրասբուրգում հետեւել էր ԵԽԽՎ քննարկումներին

– Ինչպե՞ս եք գնահատում  «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը» 11656 բանաձեւը՝ իր վերջնական տեսքով:

– Նախ կուզեի անդրադառնալ մի հարցազրույցի, որ տվել էի «Առավոտին» մի քանի ամիս առաջ եւ ասել, որ մենք խնդիրներ կունենանք Լեռնային Ղարաբաղին առնչվող եւ այլ փաստաթղթերում, եւ դա պայմանավորված է Հայաստանի իմիջի եւ միջազգային կազմակերպություններում մեր երկրի գործելակերպի հետ: Այսինքն՝ սա այն է, ինչ եղավ այս անգամ:

Ու այս կապակցությամբ շատ կարեւոր է Հայաստանի իշխանությունների եւ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության աշխատաձեւը: Նրանք ամբողջությամբ սեւեռվել էին 11656 բանաձեւի նախագծի վրա եւ ընդհանրապես չէին նայում, թե ինչ է կատարվում այլ հանձնաժողովներում: Սա առաջին պատճառն է, թե ինչու «Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւում, որը որեւէ կապ չպիտի ունենար Լեռնային Ղարաբաղի հետ՝ տեղ գտան «գրավյալ տարածքներ» եւ նման ձեւակերպումներ:

– Այնուամենայնիվ, հիշեցնեմ, որ Հայաստանի պատվիրակությունը փորձեց ուղղումներ անել այդ բանաձեւում, սակայն մերժվեցին բոլոր առաջարկները:

– Այո, եւ ուզում եմ նշել դրա պատճառը: Ես անուններ չեմ տա. մեր պատվիրակության անդամը ներկայացնում էր իր տեսակետը Հայաստանի ժողովրդավարական զարգացման վերաբերյալ եւ ասում, թե գիտեք՝ մեր երկրում մեծ առաջընթաց է եղել անցած 2 ամսում (համահունչ ելույթներ ունեցել են Ավետ Ադոնցն ու Արմեն Ռուստամյանը: Դավիթ Հարությունյանը լիագումար նիստում ելույթ չի ունեցել.- Ա. Ի.), եւ Հայաստանը ներկայացնում է որպես Լյուքսեմբուրգի կամ նման պետություններին համապատասխան մի երկիր: Ըստ էության՝ ստում է: Բոլորը տեսնում են, որ, չէ, իրականում այդպես չէ, քանի որ բոլորը հասկանում են, թե ինչ է կատարվել Հայաստանում: Եվ եթե պատվիրակության նույն անդամը Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցադրումներ է անում (ընդ որում՝ իրավիճակը ճիշտ է ներկայացնում)՝ այնուամենայնիվ, ենթադրվում է, թե նա ինչպես կեղծում է Հայաստանի իրավիճակը ներկայացնելու հարցում՝ կեղծում է նաեւ այստեղ: Այստեղ արդեն մարդկանց մոտ ռեֆլեքս է ձեւավորվել, որ եթե հայերը խոսում են՝ ուրեմն կեղծում են: Եվ Հայաստանը պետք է պատրաստ լինի՝ եթե այսուհետ էլ միջազգային կազմակերպություններում շարունակելու է կեղծ ձեւով ներկայացնել ժողովրդավարական իրավիճակը, իրեն էլի չեն հավատալու:

– Սակայն 1609 բանաձեւի կատարման շուրջ քննարկմանը մասնակցող 20-30 պատվիրակների տրամադրվածությունը, հնչած ելույթներից դատելով, դրական էր Հայաստանի հանդեպ:

– Այդ քննարկմանն իրոք մասնակցել են ընդամենը 24 հոգի: Ես ներկա էի դահլիճում եւ տեսա, թե ովքեր էին: 4-ը մեր պատվիրակության անդամներն էին, 6-ը՝ Ադրբեջանի, ի պաշտոնե նիստում պարտավոր էին լինել նախագահողը, զեկուցողները եւ այլն: Մի 3-4 հոգու ՀՀ պատվիրակությունն էր խնդրել, որ գան ու գովաբանական ճառեր ասեն: 1-2 հոգու էլ ես էի խնդրել, որ ներկա լինեն: Սա է ամբողջը՝ 24 հոգու է այս կամ այն կերպ հետաքրքրում Հայաստանի հարցը:

– Ինչպե՞ս եք գնահատում ԵԽԽՎ-ում մեր միակ ընդդիմադրի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը: Արդյոք «դուռը շրխկացնե՞լն» էր ճիշտ, թե՞, ինչպես ասաց Ջոն Պրեսկոտը՝ աշխատել շարունակելն ու իր տեսակետը պնդելը, բանավիճելը:

– Ամեն դեպքում, այն քայլը, որն ար եց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կարող է ընկալվել որպես լուրջ բողոք նման գործընթացների դեմ: Եվ ինձ թվում է, այս քայլով Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ ուզում էր ցույց տալ իր անհամաձայնությունը բանաձեւին: Իրոք, շատ-շատ են կետերը, որոնք չեն համապատասխանում իրականությանը՝ սկսած բանաձեւի «ողջունում ենք» բառերով սկսվող արտահայտություններից, վերջացրած այն փաստաթղթերով, որոնք Հայաստանի կառավարությունը ներկայացրել էր ԵԽԽՎ պատվիրակներին ու հանձնաժողովներին:

Լեռնային Ղարաբաղին առնչվող տխրահռչակ ու խայտառակ 1416 բանաձեւում նշված է. «Ադրբեջանի տարածքի զգալի հատվածներ դեռեւս գրավված են հայկական ուժերի կողմից, եւ անջատողական ուժերը դեռեւս վերահսկում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը», խոսվում է էթնիկ զտումների մասին եւ այլն: Համոզված եմ, որ եթե այդ ժամանակ որեւէ մեկը, ասենք՝ Տիգրան Թորոսյանը վեր կենար ու ասեր, թե ինքը դադարեցնում է իր մասնակցությունը, քանի որ չենք կարողացել ներկայացնել ու ապացուցել ճշմարտությունը՝ շատ ազդեցիկ կլիներ: Գտնում եմ, որ այդպիսի քայլերը բացառիկ իրավիճակներում կարող են լինել վերջին հնարավորությունը՝ ցույց տալու անհամաձայնությունը, քանի որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը դեմ քվեարկեր՝ դա կլիներ միայն 1 ձայն: Իսկ հիմա բոլորը հասկանում են, որ ինչ-որ մի բան սխալ է, ինչ-որ բան այն չէ այս գործընթացում: Եվրախորհուրդը փորձում է ինչ-որ կերպ օգնել քաղբանտարկյալների ազատման գործընթացին, բայց ստացվում է, որ հենց ԵԽ լուռ համաձայնությամբ մարդիկ 4 ամիս նստած են ու եւս 6 ամիս կարող է շարունակեն նստել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել