Լրահոս
Օրվա լրահոսը

Կրամերն ընդդեմ դիկտատուրայի

Հունիս 26,2008 00:00

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդա վարության, մարդու իրավունքների հարցերով փոխքարտուղար Դեյվիդ Կրամերը երեկ հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ չի վստահում մարտի 1-ի գործով քննչական խմբին: «Ես ավելի շատ վստահում եմ ոչ թե նախաքննության նյութերին, այլ ԱՄՆ դեսպանատան իմ գործընկերներին, որոնք ինձ ինֆորմացիա են տրամադրում»,- նշեց փոխպետքարտուղարը: Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ը իր մտահոգությունն է հայտնել մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ եւ հորդորել՝ բացահայտել դեպքերն ու դրանց պատճառները: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը թեեւ մանրամասնորեն ծանոթ չէ ՀՀ դատախազությունում առկա նյութերին, սակայն, ըստ նրա, «Մարտի 1-ի զոհերի համար պատասխանատու անձինք պետք է հայտնաբերվեն եւ քրեական պատասխանատվության ենթարկվեն»:

Շարունակելով թեման՝ Կրամերը նշեց. «Մենք, ի թիվս այլ խնդիրների, ՀՀ կառավարությանն առաջարկել ենք ամբողջությամբ վերացնել հավաքների, ժողովների, երթերի եւ ցույցերի, ինչպես նաեւ մամուլի նկատմամբ սահմանափակումները, ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են քաղաքական հայացքների համար եւ լուրջ երկխոսություն ծավալել իշխանության ու ընդդիմության միջեւ: Երկխոսություն, որում ընդգրկված կլինի նաեւ լայն հասարակությունը: Մենք ուզում ենք Հայաստանը տեսնել որպես զարգացող, շուկայական տնտեսությամբ ժողովրդավարություն: Հենց այդպիսի Հայաստանն է, որ ավելի ամուր գործընկեր կլինի ԱՄՆ-ի համար»: Երբ լրագրողները նրան հարցրին, թե ինչո՞ւ ԱՄՆ նախագահը մինչ օրս չի շնորհավորել Սերժ Սարգսյանին եւ դա չի՞ նշանակում, որ չի ընդունում Սարգսյանի լեգիտիմությունը, դիվանագետը պատասխանեց. «ՀՀ-ի նոր նախագահին մենք վերաբերվում ենք որպես նոր նախագահի, նոր վարչապետին՝ որպես նոր վարչապետի: Պարոն Քոչարյանն այլեւս նախագահ չէ, եւ մեր գործընկերները՝ Վաշինգթոնի, դեսպանատան, աշխատում են նոր կառավարության հետ: Այն, ինչ կատարվում է Սպիտակ տանը, ես չեմ կարող մեկնաբանել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել