Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԵԾԵԼ ԵՆ «ՀԻՄԱ» ՇԱՐԺՄԱՆ ԷԼԻ ՄԻ ԱՆԴԱՄԻ

Հունիս 26,2008 00:00

\"\"Երեկ, ժամը 15:50-ի սահմաններում, Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկի գետնանցումում ծեծի է ենթարկվել «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամ, ԵՊՀ Տնտեսագիտական համալսարանի ուսանող Նարեկ Հովակիմյանը: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Նարեկը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ երեկ քննությունը հանձնելուց հետո ինքը համալսարանից դուրս է եկել, եւ գետնանցումի մոտ սպորտային հագուստով ու ծանրամարմին մի երիտասարդ իր ետեւից բղավել է՝ Նարեկ, ապա մոտեցել է եւ ճշտելուց հետո, որ ինքը Նարեկ Հովակիմյանն է, ներկայացել է որպես մասիվցի Գուգո, ապա բռնել է Նարեկի ձեռքի դաստակից ու առաջարկել մի կողմ գնալ՝ խոսելու: Իմանալով, որ Նարեկի հայրը՝ Համաժողովրդական շարժման գրասենյակի իրավական աջակցության խմբի ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանը, մոտերքում է եւ սպասում է որդուն, «Գուգոն» մի քիչ հապաղել է, բայց շարունակել է պնդել, որ Նարեկն իր հետ գնա դիմացի փողոցի պուրակը: Նարեկը հրաժարվել է երիտասարդի հետ առանձնանալ եւ փորձել է փախչել, մտել է գետնանցում: Նրան հետապնդած «Գուգոն» եւ վերջինիս հետ եղած մեկ այլ՝ ավելի տարիքավոր մի տղամարդ, որին «Գուգոն» կանչել էր Լյովա անունով, հենց գետնանցումում ծեծի էին ենթարկել Նարեկին: Ընդ որում, դա արել էին լուռ, առանց անգամ հայհոյելու: Նարեկը վստահ է, որ իրեն ծեծի ենթարկելը բացառապես քաղաքական շարժառիթներ ունի: Հիշեցնենք, որ «Հիմա» երիտասարդական շարժումը հարում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժմանը եւ պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել