Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 26,2008 00:00

\"\"Վերջերս Սահմանադրական դատարանի գրադարանում կազմակերպված տեսական սեմինարում քննարկվում էր «ողջամիտ ժամկետ» հասկացության իրավական բովանդակությունը՝ իր տեսական ու օրենսդրական,

գործնական-կիրառական դրսեւորումներով:

Բանն այն է, որ մարդու իրավունքներին ու ազատություններին վերաբերող միջազգային պայմանագրերում մշտապես անդրադարձ կա մարդու դատական պաշտպանության իրավունքին, որը, մասնավորապես, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի Արդար դատաքննության իրավունք վերտառությամբ 6-րդ հոդվածում ամրագրված է հետեւյալ ձեւակերպմամբ. «1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային դատաքննության իրավունք»:

«Ողջամիտ ժամկետ» բառակապակցության քննարկումը պարզորոշ ցույց տվեց, որ ինքնին հասկանալի թվացող արտահայտությունը կարիք ունի մանրամասն վերլուծության, նրբերանգների բացահայտման, եւ նմանատիպ ուսումնասիրությունները անպայմանորեն կնպաստեն օրենսդրությունում սահմանված ժամկետների բանական իմաստավորմանն ու հստակեցմանը եւ կամայականություններից ձերբազատմանը:

Չափազանց օգտակար այս քննարկումը միաժամանակ ակնհայտ դարձրեց ու հուշեց, որ լուրջ ուշադրության եւ քննարկման կարիք ունեն նաեւ մի շարք այլ հասկացություններ, որոնց ամբողջությունը կարող է բացահայտել արդար դատաքննության հասկացության բովանդակությունը, դրա գործնական իրականացման եղանակներն ու ձեւերը: Մենք նկատի ունենք արդեն հիշատակված կոնվենցիայում, ինչպես նաեւ մի շարք այլ փաստաթղթերում օգտագործվող «անկախ դատարան», «անաչառ (կամ անկողմնակալ) դատարան», «հավասարության պայմաններ», «արդարության պահանջների պահպանում», «հրապարակային դատաքննություն» հասկացությունները: Ընդ որում, ասվածից պարզ է դառնում նաեւ, որ արդարադատությունը հնարավոր է միայն ու միայն բոլոր նշված հանգամանքների համատեղ ու միաժամանակյա առկայության պարագայում: Այս հոդվածում կանդրադառնանք «հրապարակային դատաքննություն» հասկացությանը:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված է. «Յուրաքանչյուր ոք, իր իրավունքների ու պարտականությունների սահմանման եւ իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի դեպքում, ունի լիակատար հավասարության պայմաններում անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունք» (հոդված 10): Այդ հասկացությունը օգտագործվել է նաեւ Եվրոպական Կոնվենցիայում, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (հոդված 14): Հիշատակված փաստաթղթերում եղած ձեւակերպման տրամաբանությամբ դրույթ ամրագրված է նաեւ ՀՀ Սահմանադրությունում. «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք» (հոդված 19, մաս 1-ին):

Բնականաբար հարց է առաջանում, թե ինչ հասկանալ «հրապարակային քննություն (դատաքննություն)» ասելով: Առաջին պատասխանը, որ ծնվում է այդ հարցի առնչությամբ՝ դատական նիստերի դռնբացությունն է, որը նշանակում է, որ այդ նիստերին կարող է մասնակցել (ներկա լինել) ցանկացած ոք, ընդ որում առանց որեւէ սահմանափակման: Ի դեպ՝ գործող ՀՀ դատական օրենսգիրքը հենց այդպես էլ ներկայացնում է գործերի քննության հրապարակայնությունը (հոդված 20)՝ այն ամբողջությամբ հանգեցնելով դռնբացությանը, ինչպես նաեւ դատական գործին յուրաքանչյուրի ծանոթանալու իրավունքին (իհարկե, հավելելով այն դեպքը, երբ կարող են նիստերը (քննությունը) անցկացվել դռնփակ): Նմանատիպ մոտեցում է ցուցաբերված նաեւ մի շարք այլ օրենսգրքերում (քաղաքացիական դատավարության, քրեական դատավարության):

Սակայն նման մոտեցումը հազիվ թե արդարացված լինի, առավել եւս, երբ ծանոթանում ես ՀՀ Սահմանադրության վերը մեջբերված հոդվածի շարունակությանը, որտեղ նշվում է, որ «Հանրության բարքերի, հասարակական կարգի, պետության անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով լրատվության միջոցների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը դատական քննության ընթացքում կամ դրա մի մասում կարող է արգելվել» (հոդված 19, մաս 2-րդ): Ի դեպ, նշենք, որ համանման ձեւակերպում տրված է նաեւ վերը հիշատակված միջազգային պայմանագրերում:

Մեջբերված պարբերությունից ակնհայտ է դառնում, որ անուղղակի ձեւով ամրագրված է, որ հրապարակային դատաքննություն ասելով՝ ՀՀ Սահմանադրությունը նկատի ունի ոչ միայն դատական նիստերի դռնբաց լինելը, այլեւ այդ նիստերին լրատվամիջոցների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը: Իհարկե կարելի է պնդել, որ եթե դատական նիստերին կարող է մասնակցել ցանկացած ոք, ապա դա նշանակում է, որ որեւէ լրատվամիջոցի կամ հասարակության ներկայացուցչի մասնակցությունը չի արգելվում եւ այդ մասին հատուկ նշելու անհրաժեշտությունը չկա: Սակայն, կարծում ենք, ավելին՝ համոզված ենք, որ ոչ միայն դրա կարիքը կա, այլեւ դա անհրաժեշտություն է, եւ այդ հանգամանքը պայմանավորված է լրատվամիջոցների այն դերով, որ նրանք ունեն ժողովրդավարական հասարակությունում: Զուտ տրամաբանական առումով՝ ժողովրդավարության երկարատեւ զարգացում անցած երկրներում դրա անհրաժեշտությունը գուցեեւ չկա, որովհետեւ այդ երկրներում բավարար չափով կայացած է լրատվամիջոցների ազատությունը, եւ ընդհանուր առմամբ գիտակցված է խոսքի ազատության գինը, այնինչ անցումային շրջանում գտնվող երկրներում, որոնք դեռեւս խարխափում են ավտորիտարիզմի եւ ժողովրդավարության միջեւ, եւ բավարար մակարդակով գիտակցված ու կայացած չէ լրատվամիջոցների ազատությունը, ամենեւին «շռայլություն» չէ դատաքննությանը լրատվամիջոցների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցության նշումը, իսկ տրամաբանական առումով՝ այդ հանգամանքի կարեւորության ու անհրաժեշտության շեշտումն է եւ միաժամանակ հրապարակային դատաքննություն իրականացնելու եղանակներից մեկը:

Ինչեւէ, ՀՀ Սահմանադրությունը իր վերաբերմունքն արտահայտել է եւ հետեւաբար դրան հետեւելը պարտադիր է: Այս առումով, ի տարբերություն ՀՀ մի շարք օրենսգրքերի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը այդ հարցին ավելի լուրջ ուշադրություն է դարձրել (իմիջիայլոց նշենք, որ վերջինս շատ ավելի վաղ է ընդունվել՝ 1995թ.-ին՝ ՀՀ Սահմանադրության ընդունումից անմիջապես հետո եւ հետագա խմբագրություններում այդ մոտեցումը պահպանվել է): Նախ Սահմանադրական դատարանի մասին օրենքում հրապարակայնությունը համարվում է Սահմանադրական դատարանում գործերի քննության սկզբունքներից մեկը (հոդված 5, կետ 5), երկրորդ՝ հոդված 22-ով կարգավորվում են դռնբացության, դատաքննության ընթացքը գրառելու, ձայնագրելու, տեսագրելու, հեռարձակելու կարգը: (Իմիջիայլոց նշենք, որ օրենքներից եւ ՀՀ Սահմանադրությունից մեջբերումների համեմատությունից պարզ է դառնում, որ «հրապարակային քննություն» (դատաքննություն) եւ «գործերի քննության հրապարակայնություն» հասկացությունները օգտագործված են նույն իմաստով):

Ինչպես տեսնում ենք, օրենքների մակարդակով «հրապարակային քննությունը» ենթադրում է հրապարակայնության ապահովման որոշակի աստիճան, բայց արդյո՞ք դա բավարար է բուն իմաստով հրապարակայնության ապահովման համար, եւ, առհասարակ, ինչի՞ համար է անհրաժեշտ հրապարակայնությունը արդարադատության իրականացման համար: Կարծում ենք, որ հարցի պատասխանը բխում է ՀՀ Սահմանադրությունում հիշատակված՝ նիստերին լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցության կարեւորությունից: Այսինքն՝ այն կարեւորությունը, որ լրատվամիջոցների ազատությունը ապահովում է ժողովրդավարական հասարակության բնականոն զարգացումը: Գրականության մեջ արտահայտված է այն տեսակետը, որ լրատվամիջոցների ազատությունը հնարավորություն է տալիս հասարակության մեջ տեղի ունեցող անցուդարձի նկատմամբ սահմանել իրատեսական քաղաքացիական վերահսկողություն. տեղեկացված հասարակությունը իր վերաբերմունքն է մշակում ու հասարակական կարծիքի ձեւով այդ վերաբերմունքը դրսեւորում: Ինչ վերաբերում է կոնկրետ արդարադատությանը, ապա քաղաքացիական վերահսկողության պայմաններում քիչ թե շատ անկախ դատարանը չի կարող «մոռացության տալ», անտեսել դատաքննության ընթացքում բացահայտված որեւէ մանրամասն, որեւէ «մանր» ապացույց եւ ընդունել կամայական, չհիմնավորված որոշում:

Բացի նշվածից կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ հասարակությունը լրատվամիջոցների օգնությամբ ըստ էության դառնում է դատավարության մասնակից, եւ այդ ճանապարհով բարձրանում է մարդկանց իրավագիտակցությունը, օրենքների իմացությունը, ինչն էլ իր հերթին հասարակության անդամներին սովորեցնում է հարգել օրենքը: Արդյունքում՝ դատարանի նկատմամբ ձեւավորվում է վստահության մթնոլորտ: Ավելացնենք նաեւ, որ, ի վերջո, առանց իրավագիտակցության բարձր մակարդակի՝ չի կարող լինել իրավական պետություն:

Այս հոդվածում չանդրադարձանք ՀՀ Սահմանադրությունում ամրագրված՝ դատաքննությունում «հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը» բառակապակցությանը, որը նույնքան կարեւոր է, որքան լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը, եւ այդ պատճառով պահանջում է համակողմանի ուսումնասիրություն:

Քննարկվող հարցի վերաբերյալ կարելի է կատարել հետեւյալ եզրակացությունը. ՀՀ Սահմանադրությունում ամրագրված «լրատվամիջոցների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը դատական քննությանը» դրույթը միանշանակ պարտադրում է պահպանել դատաքննության՝ լայն իմաստով հրապարակայնությունը, այսինքն՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված «լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը» (հոդված 27) սահմանափակող որեւէ գործողություն վտանգում է ոչ միայն հասարակության ժողովրդավարական զարգացումն առհասարակ, այլեւ անկախ դատարանի գոյությունը եւ արդարադատության իրականացումը մասնավորապես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել