Լրահոս
Օրվա լրահոսը

Եկան, գովեցին, գնացին

Հունիս 26,2008 00:00

Պաշտոնյաները սիրուն խոսքեր հնչեցրին երիտասարդական համաժողովին

Երեկ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում բացվեց «Երիտասարդություն, իրականություն, հեռանկարներ» հանրապետական երրորդ էքսպո-համաժողովը, որը կազմակերպվել էր Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի կողմից՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, փոխնախարար Արթուր Պողոսյանը եւ այլք: Մասնակցում էին ավելի քան 150 երիտասարդական կազմակերպություններ, բուհերի ուսխորհուրդներ, կուսակցությունների երիտթեւեր, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ Երեւանից, ՀՀ մարզերից եւ Լեռնային Ղարաբաղից: Եռօրյա համաժողովի ընթացքում տեղի կունենան քննարկումներ՝ պետական երիտասարդական քաղաքականության, երիտասարդական ոլորտում առկա միջազգային համագործակցության, մարզային երիտասարդության հիմնախնդիրների եւ այլնի վերաբերյալ:

Տ. Սարգսյանը շատ ռոմանտիկ ողջունեց երիտասարդներին. «Ուզում եմ շեղվել իմ ողջույնի խոսքից եւ ուղղակի անցնել ձեր շարքերի միջով, ուզում եմ կիսվել ձեզ հետ մեր երկրի ապագայի վերաբերյալ: Նշեմ, որ մեր երկրի ապագան լինելու է այնպիսին, ինչպիսին դուք՝ այսօրվա երիտասարդներդ եք պատկերացնում…Կարծում եմ, որ այս հավաքը կառավարության համար չափազանց կարեւոր է, որովհետեւ բացառիկ հնարավորություն է ընձեռվել լսել ձեզ, ձեր պատկերացումները երիտասարդական քաղաքականության մասին, սպասելիքները՝ կառավարությունից, նաեւ այն, թե ինչ անելիքներ ունենք երիտասարդության շրջանակներում եւ որոնք են մեր բացթողումները: Եթե լինի այսպիսի երկխոսություն, ապա կառավարությունը կկարողանա օժանդակել, որպեսզի վաղը ունենաք ձեր երազած Հայաստանը: Այստեղ տաղավարներից մեկում մի աղջիկ ինձ ասաց, որ ոչ ոք իրավունք չունի երիտասարդներին արգելելու երազել: Այսօր բացառիկ հնարավորություն է ստեղծվել, որ կիսվեք մեզ հետ ձեր երազանքներով»: Ըստ վարչապետի, երիտասարդները չպետք է զրկված լինեն երազելու հնարավորությունից: «Առավոտի» հարցին՝ ի՞նչ եք անելու երիտասարդների երազանքներն իրականություն դարձնելու համար, վարչապետը պատասխանեց. «Պետք է պայմաններ ստեղծենք, որ երիտասարդներն իրենք իրականացնեն իրենց երազանքները: Օրինակ, այսօր տրամադրել ենք այս հիասքանչ դահլիճը, որ երիտասարդները հավաքվեն իրար գլխի, շփվեն, հասկանան, որ միասին ուժ են ներկայացնում»:

Նախարար Արմեն Գրիգորյանն էլ կարեւորեց երիտասարդության մասնակցությունը հանրապետության ռազմավարության եւ զարգացման ծրագրերում: Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը նշեց. «Միայն այն հանգամանքը, որ մի տանիքի ներքո այսքան երիտասարդ է հավաքվել՝ արդեն իսկ ոգեւորիչ է: Համաժողովի համար ընտրված ձեւաչափը, մասնակիցների լայն շրջանակն ու ընդգրկուն օրակարգը հույս են ներշնչում, որ քննարկումները կլինեն բովանդակալից ու արդյունավետ»:

Ա. Պողոսյանն էլ հավելեց. «Երիտասարդական պետական քաղաքականությունը կառավարության առաջնահերթությունների ցանկում է, որի իրականացման համար անհրաժեշտ է երիտասարդների, հ/կ-ների ակտիվ մասնակցությունը պետության եւ պետականաշինության բոլոր գործընթացներում: Առաջին անգամ այս համաժողովի ընթացքում կքննարկվեն երիտասարդների ներկայացրած նախագծերը, որոնք էլ հանձնաժողովի կողմից կներկայացվեն դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել