Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ

Հունիս 26,2008 00:00

«21-ի հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Հայաստանում են դիրիժոր Քրիստոֆ Էշենբախը եւ թավջութակահար Դանել Մյուլեր-Շոթը:

«21-ի հեռանկարներ» 9-րդ երաժշտական միջազգային փառատոնը, որ տարիներ շարունակ ներկայացնում է աշխարհահռչակ ու լեգենդար արվեստագետների, երեկ՝ իր գործունեության ընթացքում առաջին անգամ, «Ա. Խաչատրյան» համերգասրահում դասական երաժշտության երկրպագուների «դատին հանձնեց» մեծ սիմֆոնիկ նվագախումբ, հանձին «Շլեզվիգ Հոլշտայն» փառատոնային 100 հոգանոց նվագախմբի, 20-րդ դարի ամենախոշոր դիրիժորներից մեկի՝ Քրիստոֆ Էշենբախի ղեկավարությամբ: Եզակի համերգին նվագախմբի ընկերակցությամբ ելույթ ունեցավ երիտասարդ աշխարհահռչակ թավջութակահար Դանել Մյուլեր-Շոթը: «21-ի հեռանկարների» գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանի փոխանցմամբ, հիշյալ նվագախումբը կազմված է աշխարհի 24 երկրներից ընտրված լավագույն երիտասարդ կատարողներից. «Կոլեկտիվը յուրաքանչյուր տարի շրջագայում է Եվրոպայում: Այս տարի, տարածաշրջանում առաջին անգամ, նվագախմբի լեգենդար դիրիժոր Էշենբախի որոշմամբ, ընտրվել է նաեւ Երեւանը: Նշենք, որ դիրիժորը միանձնյա չի ղեկավարում նվագախումբը. վերջինիս հետ աշխատել են դարձյալ հռչակավոր դիրիժորներ Ռոստրոպովիչը, Գերգիեւը, Մազուրը, Հոգվուդը, Սանդերլինգը եւ այլք: Իբրեւ մենակատարներ հանդես են եկել Կիսինը, Կրեմերը, Բաշմետը, Րեպին, Ցիմմերմանը, Քենեդին, Լանգը եւ այլք»:

Նախօրեին «Առավոտը» իրեն հետաքրքրող հարցերով դիմեց Ք. Էշենբախին եւ Դ. Մյուլեր-Շոթին:

«Լայն հանրությանը հայտնի են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի ճանաչված նվագախմբեր, որոնք ունեն կարգավիճակ՝ պետական, ռադիոյի, երիտասարդական: Մեզ մոտ առաջին անգամ է փառատոնային նվագախումբ ելույթ ունենում: Ի՞նչ ասել է փառատոնային»,-«Առավոտի» այս հարցին Ք.Էշենբախը պատասխանեց. «Ես աշխարհահռչակ Հոլշտայնի անունը կրող նվագախմբի համահիմնադիրներից եմ: Նվագախումբը ճանաչված երաժիշտ Լեոնարդ Բեստայնի հետ հիմնեցինք 1997թ. եւ երեւանյան այս համերգը նվիրում ենք նրա 90-ամյա հոբելյանին: Փառատոնայինի ստեղծման գաղափարը մեկն էր. խաղաղության, հաշտության, ընկերասիրության կոչ անել հակամարտող երկրներին: 24 երկրից ընտրելով երաժիշտների ու կազմելով նվագախումբ, որի անդամները մի ընտանիքի պես ապրում են նույն հարկի տակ՝ Համբուրգից փոքր-ինչ հեռու գտնվող 1865թ. կառուցված ամրոցի տարածքում, օրինակ ենք ծառայում թշնամաբար տրամադրված պետություններին: Գերմանիայում մեր համերգները հիմնականում անցնում են ամրոցում տեղակայված մեծ եւ կամերային դահլիճներում: Յուրաքանչյուր տարի նվագախմբի կազմը լսումների արդյունքում փոխվում է: Հանձնախումբը մեկնում է տարբեր երկրներ՝ մրցույթներ անցկացնելու: Օրինակ, ԱՊՀ երկրների համար լսումներն անցկացվում են Սանկտ Պետերբուրգում: Մեկ համերգաշրջան մեր սիմֆոնիկում աշխատել են նաեւ երիտասարդ հայ երաժիշտներ Սյուզի Երիցյանը, Շուշանիկ Ալեքսանյանը, Մարտին Յավուրյանը»,- պատասխանեց Ք. Էշենբախը:

Դ. Մյուլեր-Շոթին հարցրինք՝ «ճանաչված թավջութակահարները երեւանյան համերգներում հաճախ են անդրադառնում Դվորժակի հանրահայտ կոնցերտին, որը դուք էլ եք ընտրել: Նրանք դա բացատրում են ժամանակակից կոմպոզիտորների կողմից թավջութակին սակավ անդրադառնալով…»: Այս հարցին աշխարհահռչակ թավջութակահարը պատասխանեց. «Իմ ծրագրում այլ կոնցերտների կողքին իր ուրույն տեղն ունի նաեւ Արամ Խաչատրյանի կոնցերտը: Համամիտ եմ, որ թավջութակի համար քիչ են ստեղծագործում, բայց նշեմ, որ չնայած դրան, եղածներն էլ բարձրակարգ գործեր են: Ինչ վերաբերում է Դվորժակի կոնցերտին, դա փառահեղ երկ է՝ հզոր կառուցվածքով, առաջին մասշտաբային ստեղծագործությունը թավջութակի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել