Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանվածները տուժող չե՞ն

Հունիս 26,2008 00:00

Իրավապահները հրաժարվում են տուժող ճանաչել անգամ զոհված ոստիկաններին

«Հելսինկյան ընկերակցություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը մայիսի 11-ին գրավոր դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ փորձելով պաշտոնական աղբյուրից պարզել՝ քանի՞ քրեական գործ է հարուցված մարտի 1-ի զոհերի դեպքերի առնչությամբ եւ քանի՞ մարդ է տուժող եւ տուժողի իրավահաջորդ ճանաչվել: Ի պատասխան, ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնել էր՝ «զոհված անձանցից ոչ մեկն այս պահի դրությամբ տուժող չի ճանաչվել, բնականաբար, տուժողի իրավահաջորդներ քրեական գործին ներգրավված չեն»: Գլխավոր դատախախազության պատասխանը, Մ. Դանիելյանի մատուցմամբ, նշանակում է, որ իշխանությունները փորձում են ինչ-ինչ բաներ կոծկել: Ավելին, իրավապաշտպանի ասելով, իշխանությունները փաստացի ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի կատարման ուղղությամբ էլ առանձնապես ջանքեր չեն գործադրում:

Եթե 10 զոհվածներից որեւէ մեկը տուժող չի ճանաչվել, ապա ավելորդ է թվում խոսել վիրավորվածների՝ հրազենային վնասվածքներ ստացածների եւ ծեծվածների մասին: Արդյոք կա՞ն այդպիսիք, ովքեր դիմել են դատախազությանը կամ Հատուկ քննչական ծառայությանը՝ մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեղի ունեցած գործողություններից իրենց տուժող ճանաչելու պահանջով: Մ. Դանիելյանի փոխանցմամբ, ե՛ւ երկրի ղեկավարները, ե՛ւ տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնախմբի պատասխանատու Համերբերգը Հայաստան կատարած իրենց այցելության ժամանակ հանդիպել են վիրավորներից մի քանիսին՝ հենց հիվանդանոցներում: Ըստ իրավապաշտպանի, ոստիկանությունը այցելել է այդ վիրավորներին հիվանդանոցում կամ դրանից հետո էլ նրանցից ցուցմունքներ է վերցրել, ուրեմն պարտավոր էր նրանց տուժող ճանաչել՝ անկախ այն բանից, թե նրանք հատուկ այդ պահանջով դիմել են, թե՝ ոչ: «Եթե կան վիրավորներ կամ զոհեր, իրավապահները պարտավոր էին այդ փաստերով քրգործեր հարուցել եւ տուժող ճանաչել: Լավ, քաղաքացիական անձանց, այդ 8 զոհերին տուժող չեն ճանաչում, որովհետեւ նրանք «իշխանություն յուրացնողներ» էին, բայց անհասկանալի է, երբ հայտարարվում է երկու զոհված զինծառայողի, մասսայաբար ծեծված կամ պայթուցիկ նյութերից վնասվածքներ ստացած ոստիկանների մասին եւ նրանց էլ տուժող չեն ճանաչում»,- տարակուսեց իրավապաշտպանը:

Ի պատասխան մեր այն դիտարկմանը, թե իշխանությունները միշտ կարողացել են անհրաժեշտության դեպքում քավության հարմար նոխազներ գտնել, ուրեմն այս անգամ, թեկուզ միջազգային հանրության առաջ պարզերես երեւալու համար, ինչո՞ւ այդպես չեն վարվում, Մ. Դանիելյանը նկատեց. «Երեւի սպասում են ԵԽԽՎ բանաձեւի ընդունմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել