Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿԵՍՈՒՐՆԵՐԸ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՐՍՆԵՐԻՆ «ԶԱԳՍ» ՏԱՆԵԼ

Հունիս 26,2008 00:00

Որոշ մարզերում էլ երեխաները դպրոցահասակ դառնալուց հետո են հոր ազգանունը ստանում

Ընտանեկան օրենսգրքի համաձայն, Հայաստանում ամուսնությունը կնքվում է Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում (ՔԿԱԳ)՝ «զագսերում»: Թեեւ ամուսնության գրանցումը օրենքի պահանջ է, սակայն շատ ամուսնական զույգեր, ճոխ հարսանեկան խնջույք կազմակերպելով ու եկեղեցում պսակվելով, համարում են գործն ավարտած եւ ՔԿԱԳ-ում չեն գրանցվում: «Առավոտին» մասնագետները փոխանցեցին, որ հաճախ «ստվերային» ամուսնությունների մեղավորները տղայի ընտանիքի անդամներն են: Նրանց մեջ խոչընդոտողի դերում ավանդաբար առանձնանում է սկեսուրը: Սովորաբար չվստահելով ընտանիքի «նորեկին», մտածում է, որ «զագսավորվելուց» հետո հարսը ոտքը «կպնդի» եւ գույքային պահանջներ կներկայացնի:

«Առավոտի» հետ զրույցում Արագածոտնի մարզի ՔԿԱԳ Աշտարակի տարածքային ստորաբաժանման պետ Անուշ Գրիգորյանը փաստեց, որ իրենց մոտ սովորաբար ամուսնությունները գրանցում են երեխայի ծնվելուց հետո, երբ մանկապարտեզ կամ դպրոց հաճախելու հարց է առաջանում: Այդ ժամանակ հայրիկները «թասիբի» են ընկնում՝ երեխային տալով իրենց ազգանունը: Տիկին Գրիգորյանի փոխանցմամբ, Աշտարակի «զագսում» տարեցտարի նոր ծնվող երեխաների թիվը նվազում է: Այս տարվա հունիսի 1-ի տվյալներով, նախորդ տարվա հետ համեմատած, գրանցվել են 25-ով պակաս նորածիններ: Չնչին աճ է արձանագրվել ամուսնությունների գծով: Իսկ ամուսնալուծությունների մասին Ա. Գրիգորյանն ասաց, «Ամուսնալուծվում են առավելապես միջին տարիքի ամուսինները: Հիմնական պատճառը սոցիալ-կենցաղային է: Շատ են դեպքերը, երբ ամուսինը մեկնում է արտագնա աշխատանքի ու չի վերադառնում, կինն էլ ամուսնալուծվելու դիմում է տալիս»: Տիկին Գրիգորյանի խոսքերով, թեեւ քիչ, բայց լինում են դեպքեր, երբ ամուսնալուծված ամուսինները նորից ամուսնանում են: Վերջերս, օրինակ, կրկին ամուսնացել են նախկին ամուսինները, երբ բոլորել է նրանց 70 տարին: Անդրադառնալով ծնողների կողմից երեխաներին անվանակոչելու հարցին, տիկին Գրիգորյանը նշեց, որ գերակշռում են Գոռ, Նարեկ, Տիգրան, Էրիկ, Անգելինա անունները:

«Ռեկորդ» է գրանցվել Սիսիանի ստորաբաժանումում. մի տղամարդ ամուսնացել է 6 անգամ: Նրա վերջին ամուսնությունը 58-ամյա կնոջ հետ՝ եղել է 81 տարեկանում: Տեղեկացանք, որ փեսացուն նոր ամուսնությունը չի հասցրել երկար վայելել՝ այս տարվա մարտին մահացել է: ՔԿԱԳ Սիսիանի ստորաբաժանման պետ Ասյա Հարությունյանի խոսքերով, այս տարվա 5 ամիսների տվյալներով, 10-ով ավելացել է ամուսնացողների թիվը, 31-ով՝ ծնունդները: Ամուսնալուծությունները շատ չեն՝ տարեկան 8-12 դեպք:

Հիմնականում ամուսնալուծվողները 28-40 տարեկաններն են, պատճառները նույնն են՝ կենցաղային խնդիրները: Նա ուրախությամբ նշեց, որ Սիսիանի եւ հարակից գյուղերում նորածիններին հայկական անուններով են անվանակնքում՝ Դավիթ, Առնակ, Գոռ, Նարեկ, Նանե, Լիլիթ: «Մեզ մոտ սերիալ չեն նայում, հողային աշխատանքները ժամանակ չեն թողնում սերիալ նայելու համար: Երեւի դա է պատճառը, որ սերիալների հերոսների անուններ չենք ունենում, բայց վերջերս Միլենա անունը հաճախ է հանդիպում»,- ավելացրեց Ա. Հարությունյանը:

Նոյեմբերյանի ՔԿԱԳ պետ Շուշան Հարությունյանը նորածիններին անվանակոչելու առումով ծնողներին երկու խմբի բաժանեց՝ սերիալների հերոսների եւ հայկական անունների կողմնակիցների: Գերակշռում են Մարինա, Անգելինա, Էրիկ, Արեն անունները: Հաճախ ծնողները անունն աղավաղում են եւ պահանջում, որ հենց այդ տարբերակով էլ ծննդականում գրանցեն: Շ. Հարությունյանի խոսքերով, վերջերս մոտ մեկ ժամ ծնողներից մեկն իր հետ վիճել է՝ պահանջելով որդու անունը գրանցել ոչ թե Իգոր, այլ Իգր: «Հաղթել» է տիկին Շուշանը: Այստեղ նույնպես ծնունդները, նախորդ տարվա համեմատ, պակասել են՝ 151-ից դառնալով 148: Ամուսնությունները 75-ից դարձել են 77, ամուսնալուծությունները մեկով պակասել են՝ այս տարի գրանցվել է 7-ը: Փոխարենը մահվան դեպքերն են ավելացել՝ 147-ից հասնելով 160-ի: Տիկին Հարությունյանի փոխանցմամբ՝ Նոյեմբերյանում էլ ընտանիքները «քանդվում» են ամուսինների արտագնա աշխատանքի մեկնելու հետեւանքով: Հենց այդ պատճառով օրերս ամուսնալուծվել են 20 տարվա ամուսինները:

Լաուրա Մուրադյանը ՔԿԱԳ Գավառի ստորաբաժանման պետն է: Նա արտառոց որակեց Գավառում երիտասարդ զույգերի ամուսնալուծությունը, բայց մտահոգվեց, որ վերջին 15 տարում տարեցտարի ամուսնալուծությունների թիվն ավելանում է: Պարզվում է, Գավառում ավելի օրինապաշտ են եւ ազգային արմատներից այնքան էլ չեն կտրվել: Այստեղ ամուսնությունները գրանցում են ժամանակին, իսկ սերիալների հերոսներին կուռք չեն դարձնում:

ՔԿԱԳ ստորաբաժանումների պետերը նկատեցին, որ հայերս ամուսնությունը հանդիսավոր պայմաններում գրանցելու կողմնակից չենք, թեեւ դա էլ քաղցր հիշողություն կարող է դառնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել