Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազալցակայանը ատոմային ռումբ է»

Հունիս 26,2008 00:00

\"\"Վստահեցնում է անվտանգություն կանոնները չպահպանելու պատճառով տուժած եռակցող վարպետը:

Օրերս Երեւան-Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհների հատման մասում գործող գազալցակայանում հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով այնտեղ որպես եռակցող աշխատող 47-ամյա Սարգիս Ճանճապանյանը ծանր այրվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Հրդեհի պատճառ է դարձել այն, որ եռակցման համար նախատեսված սարքը հոսանքագծին է միացվել անվտանգության կանոնների խախտմամբ: «Առավոտի» հետ զրույցում Ս. Ճանճապանյանը պատմեց, որ ինքը գազալցակայանի սեփականատեր Արտյոմ Մակարյանին բազմիցս նախազգուշացրել է, որ եռակցման սարքը չի կարելի հոսանքագծից միացնել, սակայն վերջինս վտանգն անտեսել է. «Ես ասում էի, որ շատ վտանգավոր է ալյումինե կեռերով սարքը հենց այդպես միացնել, քանի որ տաքությունից ալյումինը լայնանում է եւ հալչում, որը շատ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ ու, փաստորեն, հենց այդպես էլ եղավ իմ գլխին»: Տուժածի ներկայացմամբ. «Երբ տեսա, որ կրակը բռնկվեց, մոտեցա հոսանքագծին ու սկսեցի քաշել, որ լարը հանեմ միացման տեղից, բայց մի բան ինձ չէր թողնում փախչել: Ձեռքիս ձեռնոց կար, այդ տաքությունից ոչ թե վառվեց, այլ հալվեց ու ձեռքս խաշեց: Վերջը մի կերպ փախա, բայց հագուստս ամբողջությամբ վառվել էր, գազալցակայանի տերերն էլ, ինձ օգնելու փոխարեն, կանգնել ու վրաս ծիծաղում էին, երեւի մերկությանս վրա: Մի բան էլ ասում էին՝ ի՞նչ արեցիր, տվեցիր մեր հոսանքագիծը վառեցիր: Ես շալվար հագա ու փողոցից մեքենա կանգնեցրի, վարորդին խնդրեցի՝ ինձ հիվանդանոց հասցնի: Նա ինձ տարավ Աշտարակի հիվանդանոց, որտեղից էլ շտապօգնության մեքենայով ինձ բերեցին Երեւան՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի այրվածքաբանության բաժին: Բժիշկներն ասացին, որ մաշկիս 28%-ը այրվել է, եւ 2-4-րդ կարգի այրվածքներ եմ ստացել»:

Հիշեցնենք, որ մեր թերթն արդեն անդրադարձել էր այդ հատվածում կառուցվող ու դեռեւս չգործող գազալցակայնին («Առավոտ», 04.06.2008): Արդեն այդ փուլում մի շարք շինարարական եւ անվտանգության նորմեր սեփականատիրոջ կողմից խախտվել էին: Այդ մեր հրապարակման մեջ նշել էինք, որ գազալցակայանի սեփականատերը Սպիտակ քաղաքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արտյոմ Մակարյանն է, որն էլ մեզ հետ զրույցում իր անօրինական գործողություններն արդարացրել էր աշխատատեղեր ստեղծելով: Մինչդեռ Սարգիս Ճանճապանյանը վստահեցրեց, որ այդ գազալցակայանում թե հաստիքով աշխատող գրեթե չկա: Նրա խոսքերով, սեփականատերը աշխատողներին թաքցնում է սոցվճարներ չվճարելու համար: Ըստ Ս. Ճանճապանյանի, ինքը եւս «թաքնված» է աշխատել եւ ընդամենը 50 հազար դրամ է ստացել, այն դեպքում, երբ այլ հիմնարկներում իր աշխատանքի դիմաց կվճարեին առնվազն 250 հազար դրամ:

Միջադեպից հետո գազալցակայանի սեփականատերը տուժածին որեւէ օգնություն չի ցուցաբերել, անգամ հիվանդանոցային ծախսերը չի հոգացել. «Չնայած իրենց գազալցակայանում եմ այրվել եւ իրենց մեղքով՝ փոխհատուցման մասին որեւէ խոսակցություն չեն բացում: Երբ զանգեցի ու ներկայացա՝ հեռախոսն անջատեց: Մենք հիվանդանոցում ոչ մի մուծում չենք արել, որտեղից անեի, տան միակ աշխատողը ես եմ, 5 հոգի իմ խնամքին են, եթե ինձ այդքան քիչ գումար են տալիս, հիվանդանոցի ծախսերն ո՞վ փակի: Ես որպես մասնագետ նախազգուշացնում եմ, որ Արտյոմ Մակարյանի գազալցակայանն ատոմային ռումբ է այս տարածքում, քանի որ անվտանգության ոչ մի կանոն չի պահպանվում, իսկ եթե հանկարծ նորից հրդեհ կամ պայթյուն լինի՝ աղետալի հետեւանքներ կլինեն, քանի որ այս տարածքում գազալցակայանները շատ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել