Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեմ չէ ընդդիմության՝ շաբաթ օրը Գյումրիում հանրահավաք անցկացնելու ծրագրին:
Մարտի 1-ից հետո առաջին անգամն է, որ ՀՀՇ-ի՝ հանրահավաք անցկացնելու մասին դիմումը չի մերժվում: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Գյումրիի ՀՀՇ քաղաքային խորհրդին «լավություն է արել»՝ ժամը 17.00-20.00-ը Թատերական հրապարակը հանձնելով նրանց տրամադրությանը:
Երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսին ՀՀՇ Գյումրիի քաղխորհրդի անդամներն ընթերցեցին իրենց հայտարարությունը. «ՀՀ նախագահական խայտառակ ընտրությունները, տիրող բեզպրեդելը, մարտիմեկյան արյունոտ շաբաթը, արտակարգ իրավիճակը, զանգվածային ձերբակալությունները ոչինչ չտվեցին եւ չեն տալու, քանի դեռ չեն լուծվել այն հիմնախնդիրները, որոնք հուզում են ժողովրդի բացարձակ մեծամասնությանը: Ավելի քան երեք ամիս է, ինչ ոտնահարված են ՀՀ քաղաքացիների ամենահիմնարար՝ տեղաշարժի, ցույցեր, հանրահավաքներ, երթեր կազմակերպելու իրավունքները, արհամարհված է ժողովրդի կամքը, վիրավորված նրա արժանապատվությունը: Այսօր ի պաշտպանություն իր քաղաքական իրավունքների՝ բռունցքվել է հասարակության մեծ մասը, որը չհուսահատվելով՝ շարունակում է հետեւողականորեն պայքարել անօրինական իշխանության դեմ, հանուն քաղբանտարկյալների ազատ արձակման, մարտիմեկյան ոճիրը կազմակերպողներին պատասխանատվության ենթարկելու, ժողովրդավարական արժեքային համակարգը ոտնահարողներին պատժելու եւ հանցավոր վարչախմբին քաղաքական իշխանությունից սահմանադրական ճանապարհով հեռացնելու»:
ՀՀՇ ներկայացուցիչ Անդրանիկ Գեւորգյանն ասաց. «Հաճախակի կազմակերպվող զանգվածային միջոցառումներով պետք է ցույց տանք, որ կուտակված բազմաթիվ հիմնախնդիրները Հայաստանում չեն լուծվել, պիտի սթափեցնենք իշխանություններին: Մինչ այդ հիսուն դիմում էինք ներկայացրել ու անհիմն մերժումներ ստացել: Մեր քաղաքով ազդարարվում է օրենքով նախատեսված հանրահավաքների սկիզբը: Հուսանք, որ շուտով հանրահավաքներ կկազմակերպվեն նաեւ Վանաձորում, Աբովյանում, Մեղրիում: Վստահ ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի առկա քաղաքական իրադրության վերաբերյալ նոր պարզաբանումներ, նոր մեկնաբանություններ կունենա Գյումրիի հանրահավաքում»: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞վ են վստահ ՀՀՇ-ականները, որ Գյումրիի ճանապարհները չեն փակվի, պետական հիմնարկներում միտինգային տրամադրություն ունեցողներին չեն ահաբեկի, աշխատանքից չեն ազատի: «Մեր մխիթարանքն այն է, որ հանրահավաքը արտոնված է, իսկ սա նշանակում է, որ ինչպես մենք՝ հանրահավաքի կազմակերպիչներս, այնպես էլ իրավապահները պետք է ապահովեն հասարակական կարգը: Հայաստանում պետական ծառայող ասելով շատերը պատկերացնում են ստրկամիտների, որոնց գոյությունը պաշտպանելու համար տալիս են մի փոքրիկ պատառիկ ու փոխարենը ակնկալում են լռություն, չեմ կարող նրանց փոխարեն երաշխավորել, որ կգան հրապարակ ու իրենց ընդհատակյա դժգոհությունները կբարձրաձայնեն: Բայց շատ լավ գիտեմ, որ պետական ծառայության համակարգի մեջ հսկայական քանակությամբ ազնիվ, նվիրյալ մարդիկ կան, ովքեր, պատասխանատվությամբ ասում եմ, դժգոհ են այսօրվա իրադրությունից, բայց չեն համարձակվում իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ իրենց վերապահված քաղաքական իրավունքները: Յուրաքանչյուր պետական ծառայող ինքը պիտի մտածի իր լռության հետեւանքների մասին»,- ասաց քաղծառայող Անդրանիկ Գեւորգյանը: