Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՎԵՐՈՎ ՀԱՄԵՐԳ ՉԷ

Հունիս 26,2008 00:00

\"\"ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ մեր երկիրը պետք է գնա «էվոլյուցիոն, ոչ թե «ռեւոլյուցիոն» ճանապարհով:

– Ըստ մամուլի հրապարակումների, Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Մոսկվա ձախողվել է:

– Նորություն չէ, որ որոշ ԶԼՄ-ներ, նաեւ որոշ քաղաքական ուժերի պատվերով, երբեմն նման «սենսացիոն» հայտարարություններ են անում եւ փորձում կեղտոտ ջրում ձուկ որսալ, կա մարդու տեսակ, որն ամեն լավի մեջ ուզում է վատը տեսնել:

– Ուզում եք ասել՝ իրականում այցը ստացվե՞լ է:

– Իրականում այցն ստացվել է, եւ դա ասելու համար ունեմ հիմնավոր պատճառներ: Կա միասնական հայտարարություն, եւ ոչ միայն հայկական, այլեւ ռուսական լրատվամիջոցները այդ հայտարարությունը ներկայացրին: Նախ, ի՞նչ օգուտ քաղեց այս այցից Հայաստանը: Եթե մի քանի ամիս առաջ ՀՀ-ՌԴ առեւտրաշրջանառությունը $800 միլիոն էր, այսօր արդեն նոր նախագահները շեշտեցին, որ այն մոտենում է $1 միլիարդին: Մեդվեդեւը խոսեց Հայաստանի՝ որպես ռազմավարական գործընկերոջ, կարեւորագույն դերի մասին: Երկու նախագահները շեշտեցին, որ այս հարաբերությունները պետք է խորացվեն: Այս ամենը խիստ գոհացնող է: Սերժ Սարգսյանի այցը եւս մեկ անգամ փաստեց, որ ՀՀ եւ ՌԴ գործընկերային հարաբերությունները խորանում են:

– Սակայն ոչ միայն տեղական, այլեւ ռուսական մամուլում («Արգումենտի ի ֆակտի», հունիսի 23) գրվեց, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կարող է փոխվել միայն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների դեպքում, եւ խորհրդանշական կլինի, եթե ընտրություններն անցկացվեն սեպտեմբերի 21-ին:

– Շատ լավ է, որ ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Հայաստանում կա բազմակարծություն: Ինչ վերաբերում է արտահերթին, ասել եմ, կրկնեմ, որ ընտրությունը պատվերով համերգ չէ, որ ով երբ ուզենա՝ խորհրդարանական կամ նախագահական ընտրություն կատարի: Ընտրությունները կատարված են: Եվ մայիսի 12-ի, եւ փետրվարի 19-ի ընտրությունները՝ թերություններով հանդերձ, համապատասխանել են միջազգային չափանիշներին, ինչը մոռանում են մեր ընդդիմադիր որոշ գործիչներ եւ լրատվամիջոցներ: Ի վերջո, Հայաստանը որդեգրել է էվոլյուցիոն-ժողովրդավարական զարգացման ուղին եւ ոչ թե ռեւոլյուցիոնը: Ինքս դեմ եմ հեղափոխական ճանապարհին, որովհետեւ հեղափոխությունները, շատ քիչ օգուտներով հանդերձ, բերում են բազմաթիվ վնասներ: Ժամանակին ընդդիմադիր ոչ մի կուսակցության որեւէ մեկը չէր խանգարում մասնակցել ընտրություններին: Թող բարի լինեին մասնակցեին, գային խորհրդարան: Քաղաքականության մեջ որեւէ բան չի կարելի միանշանակ բացառել, բայց կարծում եմ՝ այսօր արտահերթի անհրաժեշտություն չկա:

– Հունիսի 20-ի հանրահավաքը ցույց տվեց, որ համաժողովրդական շարժումը բավականին հզոր է, որ Լ. Տեր-Պետրոսյանը շատ մեծ եւ նվիրված ընտրազանգված ունի, որ մարդիկ անկարգություններ չեն անում, եւ միակ վատ ֆոնը դարձյալ ոստիկաններն էին, որ մինչեւ վերջ զինված «գրավել» էին Ազատության հրապարակը՝ մանուկների փոխարեն, եւ Երեւանի ողջ կենտրոնը: Ընդդիմությունն իր քայլերն իրականացնում է քաղաքակիրթ, ժողովրդավարության ընդունված չափանիշներով: Ուրեմն, ինչո՞ւ էին մինչեւ վերջ սպառազինված ոստիկանները եւ զինվորները շրջում քաղաքում:

– Պետությունն ունի գործառույթներ, կա Սահմանադրություն, որով երաշխավորված են անհատի հիմնարար ազատությունները եւ պետության անվտանգության, նաեւ՝ հասարակական կարգի պահպանման խնդիրները: Բոլորս հարկ ենք վճարում, որպեսզի ոստիկանությունը եւ համապատասխան մարմինները պահպանեն հասարակական կարգը: Այդ օրը նույնպես մարդիկ կատարել են իրենց աշխատանքային պարտականությունները, եւ դա շատ նորմալ է: Կարծում եմ, որ հունիսի 20-ի հիմնական եւ կարեւոր ձեռքբերումը եղել է այն, որ առաջինը ոստիկանությունը գնաց զիջումների, թույլատրեց մեր ընդդիմադիր գործընկերներին հանրահավաքն անցկացնել Մատենադարանի մոտ, իսկ ցուցարարներն էլ իրենց պահեցին շատ կոռեկտ:

– Եթե այդպես ոտքի վրա պայմանավորվելու արդյունքում հնարավոր էր թույլատրել, որ հանրահավաքը տեղի ունենա Մատենադարանի մոտ, ինչո՞ւ էր քաղաքապետարանը 45 անգամ մերժում ընդդիմության դիմումները՝ հանրահավաք անցկացնելու մասին: Կարելի էր, չէ՞, միանգամից թույլատրել, ինչո՞ւ էիք իզուր ավելի վատացնում ձեր վիճակը:

– Եկեք միանգամից ճիշտ դնենք շեշտադրումները: Նախ, քաղաքապետարանի մասով շատ ավելի կոռեկտ կլինի, որ իրենց հարցնեք: Իսկ լավագույն շեշտադրումները տվել է հանրապետության նախագահը, երբ հայտարարեց, որ Հայաստանը այլ ճանապարհ չունի, քան ժողովրդավարության խորացումը: Ճանաչելով իրեն՝ գիտեմ, որ նա ձեւական բաներ չի ասում եւ, համոզված եմ, անձամբ է հետամուտ լինելու, որ Հայաստանում ժողովրդավարությունը զարգանա: Ես կարծում եմ, շատ արդարացված էր նոր ոստիկանապետի եւ ուժային համակարգի այլ պատասխանատուների որոշումը՝ թույլատրել հանրահավաքը Մատենադարանի մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել