Սանկտ -Պետերբուրգի Կիրովի շրջանի երկու դպրոցների (թիվ 223 եւ 378) տնօրենները, տեղյակ լինելով, որ իրենց սաները կրում են նացիստական հագուստներ ու աքսեսուարներ, զլացել են այդ մասին տեղյակ պահել իրավապահներին, այդ պատճառով էլ կկանգնեն դատարանի առաջ: Այս մասին «Մոսկովսկի կոմսոմոլեցին» հաղորդել է Սանկտ Պետերբուրգի գլխավոր դատախազի օգնական, մամուլի հետ կապերի պատասխանատու Ելենա Օրդինսկայան: Նա նաեւ հավելել է, որ, ըստ նոր օրենքի, ուսուցիչները պարտավոր են ուսումնական հաստատություններին կից ոստիկանական սենյակների պատասխանատուներին տեղեկացնել իրենց՝ արմատականորեն տրամադրված սաների մասին: Այս տարվա գարնանը թիվ 223 դպրոցի աշակերտներից մեկը ձերբակալվել էր սպանության մասնակից լինելու մեղադրանքով: Դեռահասը ավելի ուշ խոստովանել էր, որ մասնակցել է «Անհամաձայնության շքերթին» եւ դպրոց բերել քսենոֆոբիական բովանդակությամբ գրականություն: Նույն դպրոցի մեկ այլ աշակերտ իրեն սքինհեդ է համարել: Նա մշտապես կրել է համապատասխան հագուստ եւ խուզել մազերը: Ինչ վերաբերում է թիվ 378 դպրոցի ղեկավարությանը, ըստ թերթի, վերջիններս արդարացել են, որ ֆաշիստական հակումներ ունեցող իրենց երեխաների մասին ավելի շուտ էին նամակ ուղարկել ոստիկանություն, քան իրենց աշակերտներով կհետաքրքրվեր դատախազությունը: Ներկայումս թիվ 223 դպրոցի 9-րդ դասարանցի աշակերտը գտնվում է իրավապահների հսկողության տակ:
Մոսկվայի դպրոցներին էլ են իրավապահները հետեւում: Շաբաթը մեկ անգամ դպրոց են այցելում անչափահասների հարցերով զբաղվող ոստիկանության ներկայացուցիչները, որոնց դպրոցների ղեկավարները պարտավոր են տեղեկություններ հաղորդել այլազգիների հանդեպ վատ տրամադրված ռուս աշակերտների մասին, իսկ ֆաշիստական նկրտումներ ունեցող սաներին թաքցնելը պատժվում է օրենքով: Մոսկվայի թիվ 1143 դպրոցի տնօրեն Մ. Սադկովան հայտարարել է, որ իրենց դպրոցում սքինհեդներ չկան, բայց քիչ չեն անհաջող ընտանիքների զավակները: