Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԾԱԹՅԱ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԷԼ ՆՎԱՃՈՒՄ Է

Հունիս 25,2008 00:00

\"\"Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նախորդ գիշեր Կալիից վերադարձավ տուն

Երեկ «Առավոտը» հարցազրույց ունեցավ մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանի հետ:

– Հայ մարզասերը սովորել է, որ վերջին երկու տարիներին մեր ծանրորդները միջազգային մրցումներում ոսկե մեդալների մեծ պաշար են հավաքում: Այս անգամ նվաճել ենք 10 մեդալ, որոնցից 7-ը՝ արծաթե, 3-ը՝ բրոնզե: Այս արդյունքը ձեզ բավարարո՞ւմ է:

– Լիովին: Նախ մրցավայր գործուղել էինք ընդամենը չորս հոգու, որոնք բոլորն էլ մրցանակային տեղ զբաղեցրին: Անկեղծ ասեմ, որ տղաներից առնվազն երկուսը կարող էին նաեւ չեմպիոն դառնալ, եթե իրենց մոտեցումները լիարժեք կատարեին: Բայց մի կողմից էլ լավ էր, որ չեմպիոն չտվեցինք, քանի որ արդեն դարձել ենք հիմնական որոշ մրցակից երկրների «աչքի փուշը», ու նրանք մեր դեմ ամեն տեսակի սադրիչ քայլեր կատարելու համար պատրաստ են ամեն ինչի:

– Այդուհանդերձ, երբ նայում ենք առաջնության պաշտոնական կայքին, տեսնում ենք, որ մեր մարզիկներից ոմանք իրենց հասանելիք մոտեցումների միայն մի մասն են արդյունավետ կատարել:

– Այո, նման բան կա: Բայց նկատի ունեցեք նախ Հայաստանի եւ Կոլումբիայի միջեւ ժամային գոտիների տարբերությունը: Ապա մեր մարզիկները դեռ, կարելի է ասել, պատանի են ու տակավին անփորձ: Տարիքի առումով աշխարհի առաջնությանը կարող էին մասնակցել Մելինե Դալուզյանը եւ Տիգրան Մարտիրոսյանը, որոնք անգամ միջին արդյունքներ ցույց տալու դեպքում կկանգնեին պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Եվ մի հանգամանք էլ, որն առաջին հայացքից զուտ մարզական առումով առնչություն չունի սպորտի հետ, բայց հոգեբանորեն մեծապես ազդում էր նույնիսկ ինձ վրա: Կոլումբիան մի երկիր է, որտեղ ամեն բան հնարավոր է, ընդհուպ մինչեւ մարդկանց առեւանգումը: Պատկերացրեք, որ ամենուր գտնվում էինք լրիվ սպառազեն ոստիկանության հսկողության ներքո: Անգամ հյուրանոցում մեր եւ ընդհանրապես բոլոր պատվիրակությունների սենյակների դռների առջեւ մշտապես հսկողություն էր սահմանված: Ու չնայած դրան, որքան տեղյակ եմ, Գերմանիայի պատվիրակության անդամներից մեկին, այնուամենայնիվ, առեւանգեցին: Դա, ինչ խոսք, չէր կարող չազդել տղաների վրա:

– Կոնկրետ Ռուբեն Ալեքսանյանից, որն անցած մրցաշրջանում իրեն գերազանց դրսեւորց, սպասելիքները համեմատաբար մեծ էին: Նա արդարացրե՞ց իրեն:

– Ակնարկում եք ոսկե մեդա՞լը: Այո, նա երկրորդ տեղը գրավեց: Բայց ի՞նչ արդյունքով: Կոլումբիայում Ռուբենի բարձրացրած կիլոգրամները երկամարտում 17 կիլոգրամով գերազանցում են նրա անցած տարվա ցուցանիշները: Այնպես որ, դժգոհ լինելու պատճառ չկա:

– Աղջիկների թիմ ինչո՞ւ չտարաք:

– Այսօր դեռ չունենք այդ տարիքային խմբի մարզուհիներ, որոնք ի վիճակի լինեն պայքարել մեդալների համար: Դրա ժամանակն էլ կգա:

– Հռիփսիմե Խուրշուդյանի հարցը լուծվե՞ց:

– Պեկինում մեր աղջիկներից հանդես է գալու միայն Մելինե Դալուզյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել