Ինչպես են մանկավարժական համալսարանում քննություն հանձնում
«Առավոտի» հունիսի 21-ի համարի «Քավոր ու սանիկ խառն են» լուրում տեղեկացրել էինք, որ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանին «վերեւներում» նեղացրել են բուհի հեռակա բաժինների խայտառակ քննական աժիոտաժի եւ սահմանված «սակագների» պատճառով: Ասում են՝ այստեղ 3 քննությունը միասին արժե $500, իսկ, օրինակ, մեկ այլ ֆակուլտետում պատմություն եւ իրավագիտություն առարկաները միասին՝ $500:
Ըստ մեր տեղեկությունների, կայծը բռնկվել է բանասիրական ֆակուլտետից, երբ վերջին կուրսի ուսանողներից մեկը չի ցանկացել գումարով քննություն ստանալ ու բողոքել է՝ ուր որ հարկն է: Արդյունքում՝ փոխվել են որոշ քննական հանձնաժողովների նախագահներ: Իսկ բանասիրականի հայոց լեզվի եւ գրականության քննություն ընդունող հանձնաժողովը փոխվել է ամբողջությամբ, հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լալիկ Խաչատրյանն էլ հեռացվել է:
Երեկ բանասիրականի հեռակա բաժնում հայոց լեզվի քննությունն ընդունում էին ֆակուլտետի դեկան Մարտին Գիլավյանը, Գայանե Խալաթյանն ու Սուսաննա Ամիրջանյանը՝ Նորայր Ադալյանի նախագահությամբ: Ֆակուլտետի դեկան Մարտին Գիլավյանը հերքեց լուրերը, թե իրենց ֆակուլտետում դրամահավաք է եղել, կամ ուսանողները «քաշում» են ցանկացած հարցաթերթիկ ու պատասխանում իրենց իմացած հարցերին: «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ է հայոց լեզվի պետական քննության հանձնաժողովի կազմը փոխվել, պարոն Գիլավյանը պատասխանեց. «Ոչ միայն հայոց լեզվի քննության նախագահն է փոխվել, այլեւ մյուս քննությունների հանձնաժողովների նախագահները: Էդտեղ ոչ մի արտառոց բան չկա, ուղղակի թարմացնելու համար է արվել: Կոնկրետ այս հանձնաժողովի անդամներից երկուսը դրսից էին, ինչն ուսանողների շրջանում արդարացի դժգոհություն էր առաջացրել, թե նրանք իրենց հետ չեն պարապել եւ այլ բուհի աշխատողներ են, ու լավ կլինի, որ իրենց դասախոսները քննեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեռակա բաժնի ուսանողների 90%-ը երկրորդ մասնագիտություն ստացողներ են, հիմնականում՝ գյուղական վայրերի ուսուցիչներ, ռեկտորատը ընդառաջ գնաց նրանց խնդրանքին: Գեղեցիկ չէր լինի, որ դրսից եկած անդամներից երկուսին փոխեինք, ուստի ամբողջ կազմը փոխվեց»: Դրամահավաքի «մասով» դեկանն ասաց, որ իրենց ֆակուլտետի ուսանողները սոցիալապես անապահով են եւ հազիվ կարողանում են վարձերը մուծել. «Ես հաճախ նկատողություն եմ ստանում, որովհետեւ թաքցնում եմ, թե նրանք ուսման վարձը մուծել են»:
Երեկ ունկնդիր եղանք, թե ինչպես են որոշ ուսանողներ բանավոր քննություն հանձնում հայոց լեզվից: Ի դեպ, նրանցից ոմանց դեկանն ուղղակի բերման էր ենթարկում, որ քննություն հանձնեն, հարցաթերթիկ «քաշածներն» էլ նստել ու չէին ցանկանում մոտենալ հանձնաժողովին: Եղան քիչ թե շատ գրագետ պատասխաններ, բայց հնչեցին նաեւ այնպիսիները, որոնց հեղինակները, օրինակ, որոշիչը հատկացուցչից, բայի կրավորական սեռը՝ չեզոքից չէին տարբերում, թեեւ հարցերը բարդ չէին եւ հաղթահարելի էին անգամ դպրոցականի համար: Համանման, նույնիսկ ավելի անմխիթար է վիճակը մանկավարժական համալսարանի մյուս ֆակուլտետներում, որոնց նույնպես կանդրադառնանք առաջիկայում: