Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՀԱՐԵՎԱՆԴ ՈՍՏԻԿԱՆ Է

Հունիս 25,2008 00:00

«6-ի» աշխատակիցը «ինքնահաստատվում» է դասախոսների տարածքի վրա

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում, ապա նույն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում էր մեկ տարուց ավելի գտնվում Նորքի զանգվածի Գայի պողոտայի 7/1 շ., բնակարան 18-ում հաշվառված, բայց Դ. Անհաղթի 19/40 բնակարանի բնակիչ Արթուր Ղեւոնդյանի հայցադիմումն ընդդեմ իր հարեւանի՝ Դ. Անհաղթի 19/39 բնակարանի բնակիչ Գայանե Մարկոսյանի: Հայցվորը պահանջում էր տիկին Մարկոսյանից քանդել 4-րդ հարկում նրա կողմից կառուցած ինքնակամ շինությունը՝ խորդանոցը: Նշենք, որ հայցվորի ընտանիքը բնակարանը ձեռք է բերել 2006թ. դեկտեմբերի 21-ին, իսկ Գայանե Մարկոսյանը 4-րդ հարկում ապրում է 1986-ից, վիճելի ինքնակամ խորդանոցն էլ կառուցել է 1996թ.-ին:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության («6-ի») աշխատակից հարեւանը՝ Ա. Ղեւոնդյանը, իր հերթական բնակարանը Դ. Անհաղթի 19 շենքում ձեռք բերելու ժամանակ տեսել էր հարկում առկա կառույցը եւ որեւէ առարկություն այդ ժամանակ չէր ունեցել: Իսկ Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի աշխատակիցներ, գիտությունների թեկնածուներ Գայանե Մարկոսյանը եւ նրա ամուսին Լեւոն Մարկոսյանը խորդանոց են կառուցել ոչ թե շռայլության, այլ՝ բազմաքանակ գրադարանը տեղավորելու եւ այնտեղ աշխատելու համար, քանի որ երկու սենյականոց իրենց բնակարանում բազմանդամ ընտանիք է ապրում: Խորդանոցի կառուցման մասին տեղյակ են եղել Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարանում, եւ այն գրանցված է Մարկոսյանի բնակարանի սեփականության իրավունքի վկայականում: Այդ ժամանակ Ղեւոնդյանը նրանց հարեւանի կարգավիճակում չէր:

Ոստիկանը գտնում է, որ խախտվել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը: Այսինքն՝ ինչպես Մարկոսյանին, այնպես էլ իրեն են պատկանում ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով շենքի ծածկերը, առաստաղները, հատակները, նկուղները, տանիքը, տեխնիկական հարկերը, վերելակները, աստիճանավանդակը, սանիտարատեխնիկական սարքավորումները: Նրա պնդմամբ, Գ.Մարկոսյանի խորդանոցը խանգարում է իրեն աղբ թափել, օգտվել վերելակից, տնօրինել միջանցքը, մասնավորապես, այնտեղ ծխել: Տեղի քչությունից «տառապող» Ա.Ղեւոնդյանը «տեղազննության» ժամանակ դատավոր Սուրեն Ղազարյանի առաջ մի ամբողջ ներկայացում խաղաց՝ հանեց կոստյումը, լայնորեն բացեց իր ոստիկանական ուսերը եւ «մեծ դժվարությամբ» շարժվեց դեպի աղբատար:

Պատասխանողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն այս կապակցությամբ դատարանին տեղեկացրեց, որ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ է մտել 1999-ից, այսինքն, երբ «շեստոյի» աշխատակիցն իր հերթական բնակարանը դեռ չէր ձեռք բերել, եւ ինքնակամ կառույցն արդեն կար: «Ինքնակամ կառույցը կառուցելու եւ օգտագործելու ժամանակ նշված աստիճանահարթակը դեռեւս բաժնային սեփականության իրավունքով չէր պատկանում բազմաբնակարան շենքերի բնակարանների եւ ոչ բնակելի տարածքների բնակարանատերերին, այլ պատկանում էր պետությանը: Հետեւաբար, անհիմն է հայցվորի այն դատողությունը, թե ինքը, իրենից առաջ ապրողը չեն տվել այդպիսի ինքնակամ կառույց կառուցելու համաձայնություն»,- նշում է փաստաբան Շուշանյանը:

Դատարանում ոստիկանը իբրեւ հաշտության պայման առաջարկեց հետեւյալը. դասախոսներին պատկանող բնակարանը փոխանակել Նորքի 2-րդ զանգվածում գտնվող իր բնակարանով: «Բարի կամք դրսեւորելով, գնացինք՝ նայեցինք: Բնակարանն իմից էապես վատն է»,- ասում է Գայանեն: Սակայն այդ առաջարկից պարզ դարձավ, որ խորդանոցը միայն պատրվակ է. կապիտան Ղեւոնդյանը, գործի դնելով իր ոստիկանական կապերն ու հնարքները, փորձելով ճնշում գործադրել հարեւանների վրա՝ ցանկանում է նրանց դուրս մղել եւ տիրանալ ամբողջ հարկին:

Ներկայացնենք խորդանոցի «աշխարհագրական դիրքը». վիճելի տարածքը 1,4 քմ է, հայցվորի տան դռնից գտնվում է մոտ 3 մետր հեռավորության վրա, եւ բացարձակապես չի խոչընդոտում աստիճանահարթակի վրա ազատ տեղաշարժվելուն: Փաստաբան Մ. Շուշանյանը դատական նիստերից մեկի ժամանակ հարց ուղղեց ոստիկան Ղեւոնդյանին, թե հատկապես իր ո՞ր իրավունքն է խախտվել: Մանավանդ, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ նման ինքնակամներ կառուցել են շենքի գրեթե բոլոր բնակիչները, սակայն այլ հարկերում խնդիրներ չեն առաջացել: Ավելացնենք, որ շենքի բնակիչներից շատերը հանգիստ եւ անարգել օգտվում են հենց 4-րդ հարկի աղբատար խողովակից ու վերելակից, որոնցից իրենց հարկերը զրկված են: Թվում էր, թե դատավոր Սուրեն Ղազարյանին այս փաստարկները կարող էին համոզիչ թվալ: Սակայն օրեր առաջ՝ հունիսի 11-ին, դատարանը որոշել էր տեղի տալ ոստիկանի քմահաճույքներին՝ վճռելով քանդել տալ խորդանոցը:

Գ. Մարկոսյանը դիմելու է ՀՀ վերաքննիչ դատարան:

Հ. Գ. Հասկանալի է, որ խնդիրը 1,5 մետրանոց խորդանոցը չէ: Պարզապես, Ա.Ղեւոնդյանն՝ իր ոստիկանական մտահորիզոնին համապատասխան, փորձում է լուծել երկու խնդիր: Ծրագիր-մինիմում՝ ինքնահաստատվել, «վերխ վերցնել» իր դասախոս հարեւանների վրա՝ իր «6-ական» ամենազորությունն ապացուցելով: Ծրագիր մաքսիմում՝ անտանելի պայմաններ ստեղծել հարեւանների համար, որպեսզի նրանք «լքեն տարածքը»: Հենց այդ վարքագծի շրջանակներում է նա «դու»-ով դիմում եւ քրեական ժարգոնով սպառնալիքներ հնչեցնում իրենից 15 տարով մեծ Լ.Մարկոսյանի հասցեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել