Լրահոս
Օրվա լրահոսը

Շան կե՞ր են արտադրում

Հունիս 25,2008 00:00

«Աննա» սպառողների ազգային ասոցիացիան մթերքների որակը՝ լաբորատոր փորձաքննության փոխարեն, համտեսով է որոշում:

«Մելիտա Հակոբյանն ակտիվ համագործակցում է խոշոր գործարարների հետ եւ սեւ PR է անում՝ փորձելով վարկաբեկել մեզ եւ մեր արտադրատեսակները: Սա հայկական ռեկետ է: Ովքեր իր հետ չեն համագործակցում՝ նրանց էլ քննադատում է, մենք ընկել ենք նրա «սեւ ցուցակը»,- օրերս նման բողոքով «Առավոտին» էին դիմել մսամթերք արտադրող մի քանի գործարարներ: Նրանց խիստ վրդովեցրել էր այն, որ վերջերս «Աննա» սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը հեռուստաեթերով փնովել էր «ԳԳԳ», «Ռազմիկ-92», «Սոս» եւ մի քանի այլ մսամթերք արտադրող ֆիրմաների արտադրանքը՝ ասելով, որ «նրանց արտադրած երշիկներն այնքան վատն են, որ շանը գցես՝ չի ուտի»: Սա հարուցել է նաեւ մի շարք սպառողների դժգոհությունը: Նրանց խոսքերով. «Քանի տարի է՝ մենք այդ երշիկներից ենք օգտվում, եթե իրեն սպառողների իրավունքների պաշտպան համարող մարդը ասում է, որ այդ երշիկը շանը տաս՝ չի ուտի, նշանակում է մենք Մելիտայի համար շնից էլ վատն ենք, որ օգտվում ենք դրանցից»:

«Սոս» ընկերության տնօրեն Արթուր Զաքարյանը վստահեցրեց, որ Մ. Հակոբյանը երբեւիցե իրենց հետ չի զրուցել եւ չի ասել, որ նման ուսումնասիրություններ են արել, ուստի Ա. Զաքարյանի համար մութ է մնացել, թե ինչու է հ/կ-ի նախագահը նման հայտարարություններ անում: Պարոն Զաքարյանը մեզ տրամադրեց «Սոս»-ի սերվելադ եւ սիրողական տեսակի երշիկների արտադրանմուշների փորձարկման արձանագրությունները: Փորձարկումն արվել է ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի սանիտարահիգիենիկ լաբորատորիայում, որի տված եզրակացության համաձայն՝ «Սոս»-ի երշիկը բոլոր ցուցանիշներով համապատասխանում է նորմայի պահանջներին:

Մեզ հետ զրույցում Առեւտրաարդյունաբերական պալատի գործարարության աջակցման բաժնի պետ Մասիս Սարգսյանը նշեց, որ հ/կ-ները ստեղծվել են սպառողի օգտին հարցեր բարձրացնելու համար, բայց եթե արատավորում են գործարար համբավը՝ դրա համար պիտի պատասխան տան: Այս առնչությամբ, «Առավոտի» հետ զրույցում «Աննա» սպառողների ազգային ասոցիացիայի մարկետինգի եւ մոնիտորինգային հետազոտությունների պատասխանատու Ֆրունզե Հայթյանն իր «շեֆին» արդարացնելու համար ասաց. «Տիկին Հակոբյանը հումոր է արել, երբ ասել է, թե շունն էլ չի ուտի, ես լինեի՝ ավելի խիստ կասեի, դա հակագովազդ չէ, վերացական արտահայտություն է»:

Զավեշտալին այն է, որ այս հ/կ-ն իր կողմից փնոված ընկերությունների արտադրանքը որեւէ լուրջ լաբորատոր փորձաքննության չի ենթարկել եւ ընդամենը համտես է կազմակերպել ու երշիկեղենի համից դատելով որոշել է, որ տվյալ բիզնեսմենը երշիկ ստանալու համար, ասենք, մսի հետ ստվարաթուղթ աղո՞ւմ է, թե՝ ոչ: Մեր հարցին ի պատասխան, թե «Աննա»-ն նման հայտարարություն անելու համար ունի՞ լաբորատոր ստուգման եզրակացություն, պարոն Հայթյանը պատասխանեց. «Պարզապես, 21 հոգուց բաղկացած համտեսի հանձնաժողովականները, համտեսելով ու հոտ քաշելով, եզրակացրել են, որ շեղումներ կան»:

Ուշագրավ է, որ այս ասոցիացիան ակտիվ քարոզչություն է տանում խոշոր արտադրողների օգտին: Մեր դիտարկմանը, որ հ/կ-ի կողմից գովազդվող ապրանքատեսակներն առանձնապես չեն փայլում որակով, եւ դրան մամուլը բազմիցս անդրադարձել է, Ֆ. Հայթյանը վրդովված հակադարձեց. «Եթե սպառող եք եւ ձեզ որոշ արտադրատեսակներ դուր չեն եկել, պիտի մասնագետ էլ լինեք, որ ասեք՝ անորակ է: Դուք սպառող եք, իրավունք չունեք լավ ու վատ ասել, դրա համար կան մասնագետներ: Մեր ուսումնասիրությունը վերջնական չէ, մենք կարող ենք գնալ տեղում ծանոթանալ: Եթե սխալված լինենք, կասենք՝ կներեք, սխալվել ենք»: Նկատենք, որ այս ասոցիացիայի եռամսյա պարբերականը ողողված է խոշոր արտադրողների գովազդներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել