Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-Ն ԵՎՍ ՎԵՑ ԱՄԻՍ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Հունիս 25,2008 00:00

\"\"Նոր բանաձեւի նախագծում առաջարկվում է հայտարարել համաներում

Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքէջում երեկ հրապարակվեց «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը» բանաձեւի նախագիծը: ԵԽԽՎ համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը իրենց կազմած փաստաթղթի սեղմագրում նշում են. «Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է Հայաստանի իշխանությունների արձանագրած առաջընթացը Վեհաժողովի պահանջների հասցեագրման առումով, սակայն նշում է, որ չնայած իշխանությունների արտահայտած քաղաքական կամքին՝ այդ առաջընթացն առայժմ անբավարար է 1609 բանաձեւի պահանջներին համապատասխանելու համար: Ափսոսանք արտահայտելով Վեհաժողովի պահանջների կատարման ուղղությամբ որոշակի քայլերի իրականացման ձգձգման կապակցությամբ՝ Մոնիտորինգի հանձնաժողովը գիտակցում է, որ Հայաստանի իշխանություններին տրված ժամանակը կարճ էր: Եվ այդ պատճառով առաջարկում է Վեհաժողովին իր 2009-ի հունվարյան նստաշրջանում քննարկել 1609 բանաձեւի պահանջներին Հայաստանի համապատասխանության աստիճանի հարցը: Եթե 1609 բանաձեւի, ինչպես նաեւ՝ ներկա բանաձեւի պահանջները մինչ այդ չկատարվեն, ապա Մոնիտորինգի հանձնաժողովը կառաջարկի, որ Վեհաժողովը 2009-ի հունվարի նստաշրջանի բացմանը քննարկի ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու հնարավորության հարցը»:

Բանաձեւի նախագծում, որը կքննարկվի այսօր երեկոյան, կետ առ կետ նշված է, թե ինչպես են կատարվել 1609 բանաձեւի պահանջները: Ողջունելով «Հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում արված փոփոխությունները՝ համազեկուցողները բանաձեւի 4.2 կետում նշել են, թե կրկնում են իրենց պահանջը, որ հավաքները ազատությունը նաեւ գործնականում պիտի երաշխավորված լինի. «Եվ այդ պատճառով պնդում ենք, որ Հայաստանի իշխանություններն այժմ պիտի թույլատրեն ընդդիմության կազմակերպած հանրահավաքները՝ առանց անհարկի սահմանափակումներ կիրառելու: Այս առումով ողջունում ենք, որ ընդդիմության հունիսի 20-ի հանրահավաքն անցկացվեց առանց խոչընդոտների»:

Ողջունելով նաեւ մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի «թեկուզ ամենավերջին փուլում» ձեւավորումը՝ ԵԽԽՎ բանաձեւի նախագծի 4.5 կետում նշված է, թե այս պահին չեն կարող գնահատել՝ արդյոք անկախության, թափանցիկության եւ վստահելիության չափանիշներն այս առումով պահպանվե՞լ են. «Նաեւ նշում ենք, որ հանձնաժողովի ձեւաչափը եւ կազմը, ըստ էության, չեն երաշխավորում դրա անկախությունն ու անաչառությունը, եւ ըստ այդմ՝ այդ հանձնաժողովի նկատմամբ հայ հանրության վստահությունը»: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է համարվում իրականացնել հետեւյալ պայմանները, որ հանձնաժողովը, որպես կանոն, խուսափի քվեարկություններից եւ աշխատի փոխհամաձայնության սկզբունքով (մեր կողմից հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության համահունչ առաջարկը կոալիցիան մերժել էր)՝ հատկապես այն որոշումներում, որոնք վերաբերում են հետաքննության առարկաներին եւ հանձնաժողով հրավիրվելիք անձանց: Անհրաժեշտ է դիտվում, որ հստակ ամրագրվի, թե հանձնաժողովն իրավունք ունի նաեւ հետաքննել մարտի 1-ի «անմիջական հետեւանքները՝ հատկապես ինչ վերաբերում է ընդդիմության ակտիվիստների կալանավորմանն ու նրանց առաջադրված մեղադրանքներին»: Առաջարկվում է քննարկել հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող տեղական ու միջազգային փորձագետների՝ խորհրդակցական քվեարկություն անցկացնելու հնարավորությունը: Նաեւ կոչ կա, որ քաղաքական բոլոր ուժերը կառուցողական մասնակցություն ունենան այս հանձնաժողովի աշխատանքներին:

Համազեկուցողները բանաձեւի նախագծի 4.7 կետում ողջունել են, որ ազատ են արձակվել «առերեւույթ արհեստական եւ քաղաքական դրդապատճառներ ունեցող մեղադրանքներով» կալանավորված որոշ անձինք, սակայն այս կապակցությամբ առաջընթացը գնահատված է անբավարար: Ի հավելումն՝ նշված է, թե դեռեւս հետաքննվող քրգործերը պետք է անհապաղ կա՛մ կարճվեն, կա՛մ ուղարկվեն դատարան. «Քրեական օրենսգրքի 300-րդ եւ 225-րդ հոդվածներով մեղադրվողների դեմ հարուցված գործերը պետք է կարճվեն՝ եթե չկան խիստ հիմնավոր ապացույցներ, որ նրանք անձամբ կատարել են բռնություններ կամ այլ լուրջ քրեական հանցագործություններ»: Նաեւ նշված է, թե չեն կարող ընդունելի լինել այն դատավճիռները, որոնք հիմնված են «բացառապես ոստիկանության վկայությունների վրա՝ առանց լրացուցիչ ապացույցների կամ անկախ վկաների ցուցմունքների»:

Համազեկուցողներն այս փաստաթղթում նաեւ դիմել են քաղաքական բոլոր ուժերին, որ բաց չթողնեն իշխանությունների ընձեռած հնարավորությունը՝ «բաց, կառուցողական եւ լուրջ երկխոսություն ծավալելու Վեհաժողովի պահանջած բարեփոխումների շուրջ»: Ու նշված է, թե մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորվածներին բանտում պահելն ու դատապարտելը կլինի այն վիճահարույց կետը, որը կշարունակի լարված պահել ընդդիմության եւ իշխանության հարաբերությունները եւ խոչընդոտել երկխոսությանը. «Այս կապակցությամբ Վեհաժողովն առաջարկում է, որ ԱԺ-ն ընդունի համաներման մասին օրենք, կամ էլ ՀՀ նախագահը ներում հայտարարի այն անձանց նկատմամբ, որոնք կալանավորվել են մարտի 1-ի դեպքերի առնչությամբ, բացառությամբ նրանց, ովքեր անձնապես մասնակցություն ունեն այդ օրը տեղի ունեցած ողբերգական սպանություններին»:

Մանրամասնած է, որ այս բանաձեւի նախագծի 4.2, 4.5, 4.7 եւ 6 կետերն են դառնալու այն փորձաքարը, մասնավորապես որոնցով 2009-ի հունվարին կորոշվի՝ արդյոք Հայաստանը կզրկվի՞ ձայնի իրավունքից ԵԽԽՎ-ում: Վեհաժողովը նաեւ հորդորել է ԵԽ գլխավոր քարտուղարին՝ արագացնել իր նոր հատուկ ներկայացուցչի նշանակումը Հայաստանում (Բոյանա Ուրումովայի պաշտոնավարման ժամկետն ավարտվեց անցած շաբաթ) եւ քննարկել հնարավորությունը, որ հատուկ ներկայացուցչի գրասենյակի մի աշխատակից նշանակվի՝ մշտական հիմունքներով դիտարկելու ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը: Իսկ ԵԽԽՎ-ն շարունակելու է հետեւել Հայաստանի իրավիճակին՝ Մոնիտորինգի հանձնաժողովի միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել