Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԱՄԵՐԸ ԵԿԵԼ Է ՍՏՈՒԳԵԼՈՒ ՄԵՐ ԶԱՐԿԵՐԱԿԸ

Հունիս 25,2008 00:00

\"\"ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը հանդիպել է իշխանության, ընդդիմության եւ իրավապաշտպանների հետ

Երեկ առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանության Հելսինկյան միջազգային ընկերակցության Հայաստանի գրասենյակ են այցելել այս օրերին Հայաստանում գտնվող ԱՄՆ Պետքարտուղարի՝ Մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ աշխատանքի գծով տեղակալ Դեյվիդ Կրամերը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ժոզեֆ Փենինգթոնը եւ դեսպանատան առաջին քարտուղար Դելիել Հասթինգսը: Իրավապաշտպան Միքայել Դանիելյանի ղեկավարած Հելսինկյան ընկերակցության հայաստանյան գրասենյակում նշանակված էր հիշյալ դիվանագետների հանդիպումը հայաստանյան երեք, այդ թվում՝ Հելսինկյան քաղաքացիական ընկերակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստեղծված բանտերի մոնիտորինգի խմբի ղեկավար Միքայել Բաղդասարյանի հետ: Ինչպես հանդիպման մասնակիցների կազմը, այնպես էլ հանդիպման վայրի ընտրությունը կատարել է ամերիկյան կողմը: Ինչպես հանդիպման սկզբում ասել է Դ. Կրամերը, այն պայմանավորված է եղել Հելսինկյան ընկերակցությանը եւ նրա ղեկավարին աջակցության լրացուցիչ հավաստիացումներ անելու հանգամանքով: Բանն այն է, որ Դ. Կրամերը քաջատեղյակ է եղել գրասենյակի ղեկավար Մ. Դանիելյանի դեմ, իր խոսքերով ասած, ոտնձգությանը՝ նկատի ունենալով այն միջադեպը, որը տեղի էր ունեցել իրավապաշտպանի եւ իշխանամետ կուսակցություններից մեկի ղեկավարի միջեւ: Դ. Կրամերը հայ իրավապաշտպանին հավաստիացրել էր, որ այդ միջադեպի շուրջ ինքը մտադիր է խոսել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ հանդիպման ժամանակ՝ շեշտելով, որ հատկապես այս ժամանակահատվածում, երբ Հայաստանում իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը շատ կարեւորվում է ժողովրդավարության զարգացման համատեքստում, իրավապաշտպանի դեմ ոտնձգությունը նրա գործունեության դեմ ուղղված լուրջ վտանգ է ներկայացնում:

Ինչպես եւ ակնկալվում էր, ԱՄՆ Պետդեպի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների ու երեք իրավապաշտպանների քննարկման առարկան մարտի 1-ի դեպքերին եւ այդ համատեքստում նաեւ այդ դեպքերը հետաքննող հանձնաժողովին են առնչվել: Ամերիկյան կողմին հետաքրքրել է հայ իրավապաշտպանների կարծիքն ու դիտարկումները այդ հանձնաժողովի եւ այն հարցի շուրջ, թե այդ հանձնաժողովում արդյոք պե՞տք է ներգրավեն նաեւ միջազգային փորձագետներ: Մերոնց կարծիքն այդ հարցում տարբեր է եղել: Ըստ Մ. Դանիելյանի, այդ հանձնաժողովը պետք է ձեւավորեն բացառապես միջազգային, այդ թվում՝ ռուսաստանցի փորձագետները, որովհետեւ ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը այդ հարցում շահագրգիռ կողմեր են եւ տվյալ դեպքում չեզոք կամ օբյեկտիվ լինել չեն կարող: «Ես ասացի, որ հակառակ դեպքում ինձ համար այդ հանձնաժողովի որեւէ եզրակացություն ընդունելի չի լինի»,- «Առավոտին» ասաց Մ. Դանիելյանը: Նույն տեսակետին է եղել նաեւ Արթուր Սաքունցը: Այլ կարծիքի է եղել Մ. Բաղդասարյանը, որի համոզմամբ՝ հանձնաժողովի կազմը հավասարապես պետք է բաղկացած լինի ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային փորձագետներից:

Ըստ «Նոյյան տապանի», Կրամերի այցի կապակցությամբ հայաստանյան արմատական ընդդիմության կողմնակիցները հունիսի 24-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ: Նրանք պահանջում էին ամերիկացի պաշտոնյայից հորդորել Հայաստանի իշխանություններին՝ ազատ արձակել մարտի 1-ի գործով կալանավորված քաղաքական գործիչներին, ազատամարտիկներին, «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին: Դ. Կրամերը հանդիպեց ակցիայի մասնակիցներին եւ վերցրեց նրանց նամակը: «Ձեզանից յուրաքանչյուրն իրավունք ունի իր բողոքի ձայնը բարձրացնել նույնիսկ ԱՄՆ-ի դեսպանատան մոտ: Ես Հայաստան եմ ժամանել՝ տեսնելու, թե ինչպես են ընթանում իրադարձությունները այստեղ, եւ հույս հայտնելու, որ Հայաստանը կվերադառնա ժողովրդավարական ուղի: ԱՄՆ-ը խնդիր չունի այս կամ այն կողմի հետ լինելու. ԱՄՆ-ի նպատակը Հայաստանում ամուր ժողովրդավարության հաստատմանն աջակցելն է»,- ասաց Դ. Կրամերը:

Երեկոյան ժ.19:30-ին դեսպանատանը նշանակված էր Դ. Կրամերի հանդիպումը Հայաստանի մի շարք քաղաքական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Վերջիններս ժամը 19-ից սկսեցին ժամանել դեսպանատան տարածք: Ցուցարարները ծափողջույններով դիմավորեցին ՀԺԿ-ի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամներին, արտգործնախարարության նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանին, Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանին եւ Արման Մուսինյանին եւ «Ամոթ, ամոթ» վանկարկումներով՝ ՀՀ արդարադատության եւ պաշտպանության նախարարներ Գեւորգ Դանիելյանին եւ Սեյրան Օհանյանին, ՀՅԴ Բյուրոյի անդամներ Վահան Հովհաննիսյանին եւ Լեւոն Մկրտչյանին, ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել