Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԵՆԻՆԳԹՈՆԸ «ՇԱՏ ՆՈՐՄԱԼ» Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԵՆԱՏՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Հունիս 24,2008 00:00

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում «շատ նորմալ» է գնահատել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածության հաստատման գործընթացը, որը Սենատում սկսվել է անցած շաբաթավերջին: «Սա մեր ժողովրդավարական գործընթացների մի մասն է. Սենատին վերապահված է դեսպանի թեկնածության հաստատման լիազորություն»,- ասել է Փենինգթոնը՝ որպես գործընթացի ձգձգման պատճառ մատնանշելով այն փաստը, որ Յովանովիչին ուղղվել են բազմաթիվ հարցեր եւ պետք է հնչեն դրանց պատասխանները, ինչից հետո Սենատը համապատասխան քայլեր կձեռնարկի: «Հուսով ենք, որ դեսպան Յովանովիչի թեկնածությունը կհաստատվի, եւ նա հնարավորինս շուտ կժամանի Երեւան, բայց որոշումը պետք է կայացնի Սենատը: Սակայն չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինեն Սենատի գործողությունները, պարզապես դեսպանի նշանակումը շատ կարեւոր է հայ-ամերիկյան հարաբերությունների համար»,- ընդգծել է հավատարմատարը:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Ջոզեֆ Փենինգթոնը վստահեցրել է, որ եթե Միացյալ Նահանգները կարող է նպաստել դրանց բարելավմանը, ապա միշտ պատրաստ է այդ անելուն: Փենինգթոնն «ինքնին հասկանալի եւ պարզ» է որակել ԱՄՆ փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդի վերջերս արած այն հայտարարությունը, թե Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել Թուրքիայի ներկայիս սահմանն ու զերծ մնա Թուրքիայի նկատմամբ ցանկացած տարածքային պահանջից: «Առաջընթաց ունենալու համար երկու կողմերը պետք է միասին աշխատեն ինչ-որ հարցերի շուրջ համաձայնության գալու համար, եւ պետքարտուղարի տեղակալ Ֆրիդը նշում է այն հարցերը, որոնք կարող են արծարծվել կողմերի միջեւ: Սակայն դա ուղղակիորեն երկու երկրների կառավարությունների խնդիրն է՝ կարողանալ միասին լուծումներ գտնել»,- հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի հավատարմատարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել