Լրահոս
Օրվա լրահոսը

Գնահատելի որոշում

Հունիս 24,2008 00:00

Մեծարգո պարոն վարչապետ, Ձեր գործունեության կարճատեւ ընթացքում դրսեւորված մշակութային մտածողությունն ու երկրի կառավարման մեջ այն ներդնելուն ուղղված ջանքերը մեծապես ողջունելի են: Հուսադրող են նաեւ երկրի կարեւորագույն պաշտոններում հեղինակավոր մասնագետների ներգրավման ուղղությամբ արվող քայլերը: Այս առումով հատկապես ուրախալի էր Ձեր վերջին որոշումը՝ Նարեկ Սարգսյանին ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ-ՀՀ գլխավոր ճարտարապետ նշանակելու մասին:

Մեզ համար խիստ ոգեւորիչ է այն փաստը, որ այսուհետեւ ՀՀ ճարտարապետական խնդիրները հանձնվելու են այնպիսի բարձրակարգ մասնագետի եւ սրտացավ մտավորականի հոգածությանը, ինչպիսին Նարեկ Սարգսյանն է: Դժվար է գերագնահատել նրա դերակատարությունը նորանկախ Հայաստանում իրականացված խոշորագույն քաղաքաշինական ծրագրերի իրականացման մեջ. լինի դա Երեւանի գլխավոր հատակագծի մշակումը, Հյուսիսային պողոտան, Երեւանի կենտրոնի կառուցապատման ծրագրերը, Հայաստանի տարաբնակեցման գլխավոր հատակագծի մշակումը, Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցումը, թե Հայաստանում ու արտերկրում իրականացված բազմաթիվ այլ նախագծերը:

Պակաս գնահատելի չէ նաեւ Նարեկ Սարգսյանի գիտական ու մանկավարժական, ինչպես նաեւ մշակութային գործունեությունը, նրա աջակցությամբ կազմակերպված բազմաթիվ ցուցահանդեսներն ու գիտաժողովները՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ եվրոպական երկրներում:

Նարեկ Սարգսյանի մասնագիտական գործունեությունն արժանացել է ամենաբարձր պարգեւների՝ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի Դաշնության կողմից: ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Պետական մրցանակի դափնեկիր, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային արժանիքների ասպետ, ԱՊՀ ճարտարապետների միության գլխավոր ճարտարապետի տիտղոսակիր Նարեկ Սարգսյանն այն եզակի մտավորականներից է, որը մշտապես արտահայտել է իր ակտիվ դիրքորոշումը երկրում առկա ամենատարբեր խնդիրների շուրջ՝ ենթարկվելով չկայացածության բարդույթով տառապող շրջանակների ճնշումներին, սակայն երբեք չերկնչելով մարտնչող տգիտության կողմից հալածվելու հեռանկարից:

Մոտիկից ծանոթ լինելով Նարեկ Սարգսյանի գործունեությանը՝ լիահույս ենք, որ կարճ առաջիկայում արդեն Հայաստանի մասշտաբով կունենանք համարձակ քաղաքաշինական նախաձեռնություններ եւ առկա բազմաթիվ խնդիրների լուծման համակարգված մոտեցումներ:

Ուստի, թույլ տվեք հայտնել Ձեզ մեր աջակցությունն ու երախտագիտությունը նման որոշման առթիվ:

ՅՈՒՐԻ ՍԱՖԱՐՅԱՆ– ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ– ՀՀ շինարարների միության նախագահ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆ- ՀՀ նկարիչների միության նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆ- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆ- ՀՀ պետական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ- գրող, հրապարակախոս. «Չնայած չեմ սիրում կոլեկտիվ նամակներ ստորագրել, բայց Նարեկ Սարգսյանը բացառություն է՝ իր տաղանդով ու նվիրումով հայոց ճարտարապետությանը»:

ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑ- ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ

ԷԴՈՒԱՐԴ ՍԱՖԱՐՅԱՆ– ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ- ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ

ՀՀ վարչապետին ուղղված շնորհակալական այս նամակին արտերկրից միացել են.

ԱՊՀ ճարտարապետների միությունը, կանադահայ հայտնի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը եւ փարիզաբնակ նշանավոր քանդակագործ Դավիթ Երեւանցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել