«Սեւ լուսանը» երկրորդ անգամ «Արթուր արքայի» զոհը դարձավ
IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ռինգի արքա Արթուր Աբրահամը Հոլիվուդի «Seminol Hard Rock Hotel and Casino»-ում կայացած ռեւանշ մրցամարտի չորրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկեց կոլումբիացի Էդիսոն Միրանդային, հուսանք, այս անգամ ընդմիշտ փակելով նրա բերանը:
Այս հաղթանակը սկզբունքայնության առումով Արթուրի համար գուցե նույն արժեքն ուներ, ինչ չեմպիոնական գոտու պաշտպանության մենամարտերը: 2006 թվականի սեպտեմբերին Գերմանիայում կայացած տիտղոսի համար մարտում միավորներով պարտվելուց հետո՝ Միրանդան ոչ մի կերպ չէր հանգստանում: Ամեն առիթով նա հայտարարում էր, թե հաղթանակն իրենն էր եւ Արթուրի երկրում կողմնակալ մրցավարներն այն իրենից խլեցին: Ու ռեւանշ մրցամարտ պահանջելով՝ երդման աստիճան խոստանում էր «ոչնչացնել», «երկրորդ ծնոտն էլ կոտրել» եւ, վերջապես, «ռինգում քնեցնել» նրան: Ավելին, խոսելով Արթուրի՝ ամերիկյան ռինգ նորամուտի մասին, կոլումբիացին հայտարարում էր, թե Աբրահամը եւ նրա թիմը ճակատագրական սխալ են գործել այդ երկրում առաջինն իր հետ մենամարտելու համաձայնություն տալով: «Նրան այստեղ ոչ ոք չի ճանաչում: Ամերիկացի մարզասերը մեր հանդիպումից հետո նրան կհիշի ընդամենը որպես իմ հերթական զոհի եւ ոչ ավելին»,- հայտարարում էր նա: Ընդ որում, ինքնասիրահարված կոլումբիացին այդ ամբողջ ընթացքում չէր խորշում Աբրահամին անձնական վիրավորանքներ հասցնել:
Դրա փոխարեն Արթուրն իրեն սովորականի պես զուսպ էր պահում: «Մենք հարգում ենք մեր մրցակիցներին: Մենք մեծ բերան չունենք ու չենք ճամարտակում, բայց ունենք ամուր բռունցքներ: Միրանդան անազնիվ, եթե չասեմ՝ կեղտոտ բռնցքամարտ է վարում: Բայց դա կրկին նրան չի օգնի: Ես եկել եմ հաղթելու եւ դա կապացուցեմ ռինգում»,- մարտի նախօրեին կողմերի մասնակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում հակիրճ արտահայտվել էր Աբրահամը:
Արդեն երկրորդ ռաունդում հանդիսականը համոզվեց, որ կոլումբիացին իսկապես ունակ է բռնցքամարտիկին, տղամարդուն ոչ վայել գործողությունների: Երեք անգամ նա բանավոր դիտողություն ստացավ կանոնները կոպտորեն խախտելու. մեկը՝ գոտկատեղից ներքեւ, երկուսը՝ արգելված հարվածներ կատարելու համար: Բայց Աբրահամը, որ պատրաստ էր դրան, այս անգամ պատիժը չուշացրեց: Չորրորդ ռաունդում նրա երեք դիպուկ եւ հուժկու հարվածները հատակին տապալեցին Միրանդային եւ ռինգի մրցավարին ոչինչ չէր մնում անել, քան ճիշտ ժամանակին դադարեցնել մարտը՝ կոլումբիացուն գրանցելով տեխնիկական նոկաուտ եւ կանխելով նրա անխուսափելի քոթակը: Միրանդան, որ խոստացել էր քնեցնել Արթուրին, հարկադրված էր ինքը բավական ժամանակ պառկած մնալ ռինգի անկյունում, մինչեւ բժիշկները ուշքի կբերեին:
Մենամարտից հետո Աբրահամը շնորհակալություն հայտնեց ամերիկացի հանդիսատեսին եւ խոստացավ Ռաուլ Մարկեսի հետ մենամարտում չեմպիոնական գոտին պաշտպանելուց հետո կրկին վերադառնալ ԱՄՆ, արդեն WBC եւ WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Կելլի Պավլիկի եւ Օսկար Դե Լա Հոյայի հետ մենամարտելու:
Իսկ Միրանդան արդեն հարկադրված խոստովանեց, որ Աբրահամն իսկական չեմպիոնն է եւ իրենից իսկապես ուժեղ: