Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՐԿԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Հունիս 24,2008 00:00

\"\"Ամերիկացի բժիշկները հրավիրվում են Հայաստան՝ պետպատվերի տիրույթում գտնվող վիրահատություններ իրականացնելու: \"\"

Բավական ժամանակ TV-ներով գովազդվում է «Ժպիտ» անվանումով մի նախաձեռնություն, ըստ որի՝ իրենց հաշվին Հայաստան են ժամանելու մեկ տասնյակից ավելի ամերիկացի բժիշկներ, որոնք անվճար պատրաստ են վիրահատել «նապաստակի շրթունք», «գայլի երախ» արատներով երեխաների: Ըստ գովազդային նյութերի, դա ներկայացվում է իբրեւ բարեգործություն: Անխոս՝ ցանկացած բարեգործություն գովելի է, առավել եւս, եթե այն վերաբերում է հիվանդ փոքրիկներին: Բայց տվյալ դեպքում ի՞նչ բարեգործության մասին է խոսքը, եթե, այսպես թե այնպես, նման արատներ ունեցողների բուժումն օրենքով անվճար է, այսինքն՝ պետպատվերի տիրույթում:

Վիրաբուժական շրջանակներից «Առավոտը» այս առիթով մտահոգություններ է ստացել. մասնագետները մտավախություն ունեն, թե հայ երեխաները կհայտնվեն փորձաճագարների «կարգավիճակում»: Շատերի համոզմամբ, այս նախաձեռնությունը «խփում» է հայաստանցի բժիշկների վարկանիշին, որովհետեւ մեզանում էլ շատ լավ մասնագետներ կան, եւ նման վիրահատություններ Հայաստանում կատարվում են դեռեւս 1960-ականներից, այնպես որ՝ ոլորտում նոր բան ավելացնելու ոչինչ չի մնացել: Հայաստանում շատ արատավոր երեխաներ չեն ծնվում, որ հայաստանցի մասնագետները «չհերիքեն», ուստի այդ նպատակով օտարի մուտքը Հայաստան, նույնն է՝ թե դրսից գան ու քրիստոնեություն քարոզեն: Այստեղ տարեկան ծնվում է 30000-35000 երեխա, եւ ծնվող արատավոր երեխաների հավանական թիվը 35-40 է: Նրանց 30-40%-ը շրթունքի արատով է լինում, 60-70%-ը՝ քիմքի: Ըստ վիճակագրության, այսպիսի երեխաների մինչեւ 20%-ը մահանում է նորածին հասակում: Շրթունքի արատով երեխաների վիրահատական բուժման օպտիմալ ժամկետը 4-6 ամսականն է, իսկ քիմքի արատինը` 3-4 տարեկանը: Հայաստանում մինչեւ 7 տարեկան երեխաների բուժումը իրականացվում է պետպատվերի սահմաններում: Իսկ եթե որեւէ երեխա գերազանցել է այս տարիքը, ապա, որպես կանոն, նա ձեռք է բերում հաշմանդամության կարգ, ինչը եւս հնարավորություն է տալիս բուժվելու պետպատվերով:

Դիցուք՝ 1,3 մլրդ բնակչություն ու բարձր ծնելիություն ունեցող Չինաստանը կարող է վիրաբույժների պակաս ունենալ: Բացի այդ, դեղնամորթների մոտ վերը նշված արատներով երեխաներ ավելի հաճախ են ծնվում, այնպես որ, վիրաբուժական «դեսանտները», ի տարբերություն Հայաստանի, գուցե Չինաստանում ավելորդ չեն:

Կապվեցինք «Ժպիտ» նախաձեռնության անդամներից «Հույս Հայաստանի համար» հ/կ-ի ծրագրերի պատասխանատու Էրիկ Գրիգորյանի հետ: Մեր դիտարկմանը՝ ավելորդ չէ՞ օտարերկրացի բժիշկներին Հայաստան հրավիրելը, Է. Գրիգորյանը պատասխանեց, որ ամերիկացի բժիշկները ժամանելու են հոկտեմբերին, բայց արդեն 100-150 զանգ են ստացել՝ նրանց մոտ հերթագրվելու համար: Նրա փոխանցմամբ, իրենց հրավիրած բժիշկները բարձրակարգ մասնագետներ են, որոնք ԱՄՆ-ում նման վիրահատությունը $20000-$60000-ով են անում, իսկ հայաստանցիների համար՝ բացարձակապես անվճար: Է. Գրիգորյանը հավաստիացրեց, որ եթե google.com-ի միջոցով փնտրենք՝ նրանց անունները կգտնենք: Այստեղ հարկ է նշել, որ մեր մասնագետներից շատերի անուններն էլ կարելի է նույն կայքի միջոցով գտնել, հետո՞ ինչ: Ըստ մեր զրուցակցի, իրենց դիմածների մի մասի երեխաները 3-5 անգամ վիրահատվածներ են՝ անհաջող վերջաբանով: Մեր հաջորդ հարցին՝ ո՞րն է բացարձակապես անվճար բուժող «թանկարժեք» բժիշկների շահը, Է. Գրիգորյանը պատասխանեց. «Նրանք ոչ մի թաքնված շահ էլ չունեն: Իրենք կազմակերպություն են, որը նման առաքելություն է իրականացնում աշխարհի 10 երկրներում, այդ թվում՝ Պերուում, Մեքսիկայում, Չինաստանում… Հայաստան առաջին անգամ են ժամանում: Իրենք ունեն կամավոր վիրահատողների ցուցակ. ամեն մեկը 4 տարի սպասում է մինչեւ վիրահատելու իր հերթը գա, որ այդ առաքելությանը մասնակցի»: Հաջորդ հարցին՝ ցանկացած քաղաքակիրթ եւ իրեն հարգող երկրում արտասահմանցի բժիշկը, ինչքան էլ փորձառու եւ տիտղոսակիր լինի, իրավունք չունի վիրահատելու կամ այլ բժշկական գործունեությամբ զբաղվելու, եթե պատշաճ ձեւով չի լիցենզավորվել տվյալ երկրում, հրավիրված բժիշկները հաղթահարե՞լ են այս փորձությունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք համաձայնություն ունենք առողջապահության նախարարության հետ, իսկ համաձայնության հուշագիրը կստորագրվի առաջիկայում: Առողջապահության նախարարը պաշտոնապես հայտարարել է, որ աջակցում է այս ծրագրին»: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հայաստանցի բժիշկներն այնքան որակյալ չեն, որ օտարերկրացի մասնագետների աջակցությունը պիտի վայելենք, Է. Գրիգորյանը պատասխանեց. «Անձամբ ես գիտեմ մի քանի բժիշկների, որոնք լավ գործ են անում, բայց կան այնպիսիները, որ 3-4 անգամ նույն երեխային վիրահատել են»: Է. Գրիգորյանը նաեւ հայտնեց, որ իրենց գործընկեր կազմակերպություններն են «Արաբկիր» բժշկական կենտրոնը, «Գաֆեսճեան ընտանիք» հիմնադրամը եւ այլն: Է. Գրիգորյանի հավաստմամբ, հենց Գաֆեսճեանների խնդրանքով են ամերիկացի բժիշկները Հայաստանը մտցրել իրենց «բարեգործության» ցանկի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել