Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական խճանկար

Հունիս 24,2008 00:00

15 տարի առաջ

\"\"1993թ. հունիսի 23-ին Մոսկվայի թիվ 20 հիվանդանոցի հատուկ բաժանմունքում մահացավ 1930թ. ծնված Ռաֆայել Բաղդասարյանը, նույն ինքը՝ Խորհրդային միության կրիմինալ աշխարհում հայտնի «օրենքով գող» «Սվո Ռաֆը»: Նա դատապարտվել էր 15 անգամ՝ 34 տարի անցկացնելով խորհրդային ազատազրկման վայրերում: Ուշադրության արժանի է այն, որ նա պահվել է ոչ թե հայտնի Բուտիրկայում, այլ՝ ՌԴ պետանվտանգության նախարարության Լեֆերտովոյի մեկուսարանում: Ի դեպ, նրան գաղտնի հենց այդ մեկուսարանից էին տեղափոխել հիվանդանոց: Հունիսի 26-ին Երեւանում «Սվոյի» թաղման արարողության համար Հայաստան ժամանեցին «օրենքով գողեր» Գերմանիայից, ԱՄՆ-ից, ԽՍՀՄ հանրապետություններից: Որքան էլ անհավանական լիներ՝ անգամ Ադրբեջանից: «Սվոյի» հուղարկավորության 3 օրերի ընթացքում Երեանում շուրջօրյա հոսանք է տրվել, քանի որ Բաքվից այդ նպատակով հսկայական քանակությամբ մազութ էր բերվել:

«Առավոտի» տեղեկություններով, երեկվանից Հայաստան են ժամանելու խորհրդային հանցաշխարհի հեղինակություններ: Նրանց սպասվում է անակնկալ. լույս է տեսել եւ նրանց կբաժանվի այդ նպատակով հրատարակված «Սվո Ռաֆ. լեգենդար մարդու կենսագրությունը» երրորդ գիրքը՝ նվիրված «կնքահորը»: Գրքի հեղինակը արձակագիր Սերգեյ Գալոյանն է: Գրքում տեղ են գտել բազմաթիվ անակնկալներ, մասնավորապես՝ «Իզվեստիա» թերթի 1993թ. հունիսի 25-ի՝ Վադիմ Բելիխի «Կրիմինալ աշխարհում նա կարող էր անել ամեն ինչ» հոդվածը, Բեռլինի նախկին ոստիկանապետ Հագեն Զաբերշինսկու հուշերը «Սվո Ռաֆի» մասին, եւ, վերջապես, «Առավոտում» տպագրված հոդվածի արձագանքները: 1999թ. հուլիսի 13-ին Սերժ Ջիլավյանն «Առավոտում» պնդել էր, թե «Սվո Ռաֆի» հետ իրականացրել է մի շարք ծրագրեր: Ըստ գրքի հեղինակի, «ճշմարտությունը շաղախված է կեղծիքով: Դա հերթական ավանտյուրն էր, ուրիշ ոչինչ»:

Այլեւս խմբագիր չէ

Բանաստեղծուհի, հրապարակախոս եւ թարգմանչուհի Կարինե Աշուղյանը, որ շուրջ 10 տարի խմբագրել է մարզային «Արարատ» թերթը, արդեն ամառվանից հայտնվելով իշխանությունների համար անցանկալիների ցուցակում, աշխատանքից ազատվել է: Ու քանի որ մարզում «պետականության կայունության» որոշ անխոնջ պաշտպաններ ցնծում են, որ միշտ իր ընդդիմադիր (իսկ իրականում՝ պարզապես մտավորականի ազատ եւ ազնիվ) կեցվածքով աչքի ընկած խմբագրին աշխատանքից ազատել են, Կարինեն հարկ է համարում ընդգծել, որ ինքն իր կամքով է աշխատանքից ազատվելու դիմում գրել. «Նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանը, պիտի խոստովանեմ, ինձ չի ճնշել. ինքն ընդհանրապես բավական հանդուրժող մարդ է, եւ ես իրեն ըմբոստանալով չէ, որ դիմում գրեցի: Նման ցանկություն ես ունեի նաեւ 99-ի հոկտեմբերի 27-ից հետո… Իսկ մարտի 1-ից հետո ինքս ինձ կդադարեի մարդ զգալ, մանավանդ գրիչ բռնելու, աղոթելու իրավունք ունենալ, եթե չանեի այդ քայլը: Հիմա չեմ էլ մտահոգվում գործազուրկի՝ ինձ համար խիստ անսովոր վիճակի համար, «ինտելեկտուալ եւ աշխատող» հավակնոտների շարքում չլինելու համար: Կդիմանանք իսկական ցրտի ու մթի տարաժամին: Իմ արյունն ուրիշների արյունից կարմիր չէ՝ վիրավորվածների ու վիրավորների. ես էլ նույնքան «հոգեխախտված» եմ: Որովհետեւ ես եմ այս երկրի դուստրը եւ կուզեի մենամարտի հրավիրել ցանկացածին, ով կասի՝ ինձնից ավելի շատ է սիրում այս Լեռը, որ արարումի Առեղծվածի համբույրից է երկինք խոյացել, այս ազգը, որ ժամանակ առ ժամանակ (նաեւ տարաժամին) Առեղծվածը վերծանողներ է ծնում: Ես այսպիսին եմ՝ Անմահությունը տանուլ տվածների աչքում՝ միամիտ, իրականում՝ պարզապես մարդ, ում համար ամենակարեւորը իր գրչից խռով չլինելն է»:

Մեկնարկեց «ՆԱՏՕ-ի շաբաթը»

Երեւանում երեկ մեկնարկեց «ՆԱՏՕ-ի շաբաթը»: Ամերիկացի ճանաչված քաղաքագետ, ԱՄՆ պետքարտուղարի նախկին փոխօգնական Ռոնալդ Ասմուսը ներկայացրեց «Բացելով ՆԱՏՕ-ի դռները» գիրքը: Գրքի հրատարակիչն է Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոնը /ՏՆՀԿ/, որը հանդիսանում է Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի օպերատորը: Գրքի հայերեն թարգմանության ու հրատարակման համար անհրաժեշտ միջոցները տրամադրել էին Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի կառավարությունները: Գիրքը պատմում է ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացի մասին: Շնորհանդեսին ելույթ ունեցան Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը եւ ՆԱՏՕ-ում Լատվիայի պատվիրակության ներկայացուցիչ Սվետլանա Արասլանովան:

Մահվան ելքով

2 օր առաջ Սպիտակի Տաշիր փողոցի խաչմերուկում «ԿՎԶ» մակնիշի 36 ՕՏ 605 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի 11 ՕԼ 482 պետհամարանիշով ավտոմեքենային: Լոռու մարզի Միխայլովկա գյուղի բնակիչներ՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 23-ամյա Արայիկ Դալլաքյանը եւ ուղեւոր՝ 24-ամյա Արթուր Սելյանը զոհվել են, իսկ մյուս ուղեւորը՝ 46-ամյա Սվետլանա Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի «Նորվեգական» հիվանդանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել