Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ»

Հունիս 24,2008 00:00

\"\"Հայտարարում է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի արդեն նախկին դոցենտ Սուսաննա Սահակյանը

«Առավոտին» է դիմել Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի (ԳՄԻ) հանրահաշվի եւ երկրաչափության ամբիոնի արդեն նախկին դոցենտ Սուսաննա Սահակյանը: Նա հայտարարում է, որ իրեն անհիմն ազատել են աշխատանքից: Ավելին, իր հանդեպ վրեժխնդրություն է իրականացվել, որովհետեւ մշտապես դեմ է արտահայտվել ԳՄԻ-ի ռեկտորի գործողություններին: Ըստ Ս. Սահակյանի. «Բուհում համատարած բացակայություններ են ու անգրագիտություն, քանի որ ոչ միայն ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, այլեւ նրա ամբիոնի վարիչ քույրը՝ Անահիտ Գրիգորյանն ու մյուս բարեկամները, հովանավորում են նման ուսանողներին»,- բորբոքված էր Ս. Սահակյանը:

«1973 թվականից աշխատել եմ բուհի հանրահաշվի եւ երկրաչափության ամբիոնում, 1982-ից դոցենտ եմ: Այս տարվա մարտի 1-ին երկրաչափության ամբիոնի դոցենտի տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցել եմ միայն ես ու չունենալով մրցակից, չեմ հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ՝ դուրս մնալով ինստիտուտից»,- հավելեց մեր զրուցակիցը: Ըստ նրա, գիտական խորհրդի նիստում տեղի են ունեցել կոպիտ կանոնակարգային խախտումներ. «Գիտական քարտուղարի կողմից ներկայացվել են իմ տվյալները, որոնք եղել են դրական: Տեղի է ունեցել փակ քվեարկություն, որի արդյունքում ստացել եմ 12 «կողմ» եւ 23 «դեմ» ձայն: Ընդ որում, «դեմ» քվեարկողների ցանկում եղել են այլ ֆակուլտետի աշխատակիցներ եւ ուսանողներ, որոնց մի մասը ինձ չի էլ ճանաչում: Հարց է առաջանում՝ ի՞նչ հիմքեր ունեին այդկերպ քվեարկողները, կամ ի՞նչ չափանիշներով է աշխատել գիտխորհուրդը»: Ս. Սահակյանի համոզմամբ, գիտխորհրդի նախօրոք ուղղորդված անդամները պարզապես կատարել են ռեկտորի ներքին հրահանգը. «Արդյունքում՝ ես, չունենալով մրցակից եւ լինելով բուհի միակ երկրաչափության մասնագետը, չեմ ընտրվել: Ըստ իս, կեղծվել են քվեաթերթիկները, քանի որ հաշվիչ հանձնաժողովը հիմնականում կազմված էր ռեկտորի յուրայիններից»: Տիկին Սահակյանը դիմել է ԿԳ նախարարություն՝ խնդրելով վերականգնել իր աշխատանքային իրավունքները, սակայն այնտեղից Բարձրագույն կրթության վարչության պետ Ռ. Գասպարյանը գրավոր ասել է այն, ինչ դասախոսն արդեն գիտեր. «Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գիտխորհրդում անցկացված մրցույթում, համապատասխան ձայներ չհավաքելու պատճառով, այն է՝ 23 «դեմ» եւ 12 «կողմ», Դուք չեք զբաղեցրել հայտարարված պաշտոնը…»: Հերթական նամակին՝ արդեն ամբիոնի վարիչ դառնալու «մասով», նմանօրինակ գրավոր պատասխան է տվել նաեւ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը՝ նշելով. «Ձեր կողմից նշվող մեղադրանքներում որեւէ հիմնավոր փաստեր չեն ներկայացվում, իսկ բուհի ղեկավարությունն ունի իր պնդումները՝ մրցույթների անցկացման կանոնակարգային գործընթացի վերաբերյալ»:

Ի դեպ, ռեկտոր Վ. Գրիգորյանն էլ ազատված դասախոսին գրել է, թե նրա հարցը բազմիցս մանրամասն քննարկվել է բուհում եւ նախարարությունում, տրվել հիմնավոր պատասխան. «Ձեր տեսակետը, թե ինստիտուտի ղեկավարությունը Ձեզ հետ հաշվեհարդար է տեսնում, որ ռեկտորի ու ֆակուլտետի գործողություններն անօրինական են, ենթադրյալ կարծիքներ են, որոնք իրականությանը չեն համապատասխանում, որովհետեւ զուրկ են հիմնավորող փաստարկներից»: Ս. Սահակյանի խոսքով. «Մեր ռեկտորը հասավ իր ուզածին: Աշխատանքից դուրս մնալը 35 տարվա դասախոսիս ցավ է պատճառում, սակայն առավել ցավալի է այն, որ ամբիոնից դուրս է մնում այդ ամբիոնի առարկաների գծով միակ մասնագետը: Այս տարի ինստիտուտում բացվելու է մագիստրատուրա՝ մաթեմատիկա մասնագիտությամբ: Ինչպե՞ս է ռեկտորը ապահովելու որակ, եթե մասնագետ չունի: Ստացվում է, նրա համար վրեժխնդրությունն ավելի կարեւոր է, քան պետական մոտեցումը կրթության նկատմամբ: Իմ դասավանդած առարկաներն այժմ դասավանդում է Նաշիկ Հարությունյանը, որն ավելի քիչ բան գիտի, քան իմ ուսանողներից ոմանք»: Նշենք որ Ս. Սահակյանը դեռեւս 2007 թվականին էր բուհի վերաբերյալ մտահոգություններով ահազանգել ԿԳ նախարարին, որ ինստիտուտի հանրահաշվի եւ երկրաչափության ամբիոնի վարիչի թափուր տեղի համար մրցույթը, որի համար ինքը եւս հայտ էր ներկայացրել, անցկացվել է լուրջ խախտումներով: Ու, ի տարբերություն ներկայիս պաշտոնյաների, այդ ժամանակ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը ռեկտորին նամակ էր հղել ու պահանջել բեկանել նախորդ մրցույթի արդյունքները եւ անցկացնել նոր ընտրություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել