Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելն» ուզում է շուկայում մենակ գործել

Հունիս 24,2008 00:00

Ընկերության սխալների պատճառով տուժում են գործարարները

Համաձայն տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի, «ԱրմենՏել» ընկերությունը պարզապես պարտավոր է բաշխիչ ցանցը հավասար պայմաններով տրամադրել պրովայդերներին: Սակայն, ըստ պրովայդերների, ընկերությունը ոչ միայն չի կատարում իր պարտավորությունները, այլեւ իրենց գործունեության համար մշտապես խոչընդոտներ է առաջացնում: Ըստ «Հայ-Թեք» ընկերության տնօրեն Հակոբ Մանուչարյանի, «ԱրմենՏելն» իր հաճախորդներին է ներկայանում «Բիլայն» ապրանքանիշով, կարծելով, որ հայտնի ընկերության անվանումը կարող է մոլորեցնել մարդկանց ու մոռացության տալ ընկերության հանդեպ ունեցած անվստահությունը: Ըստ Հ. Մանուչարյանի, իրենց ընկերությունը «ԱրմենՏելի» անպատասխանատու աշխատանքի եւ ամբիցիաների հետեւանքով խնդիրների առաջ է կանգնել, քանի որ վերջինս հրաժարվում է իրենց ինտերնետ կապից օգտվելու հնարավորություն ընձեռել: «Հայ-Թեքի» տնօրենի հավաստմամբ, այն ժամանակ, երբ «ԱրմենՏելն» ուներ իրավաբանորեն ամրագրված մենաշնորհ ու դրա հետ մեկտեղ նաեւ որոշակի պարտավորություններ, համեմատաբար պատասխանատու էր վերաբերվում իր աշխատանքին, քանի որ, ասենք, հենց միայն սակագներ սահմանելու հարցում պետք է որոշակի համաձայնություն ձեռք բերվեր կառավարության հետ:

Սակայն, ըստ Հ. Մանուչարյանի, երբ «ԱրմենՏելը» զրկվեց մենաշնորհից, անցավ ամեն չափ ու սահման ու մոռացավ բաժանորդների հանդեպ ունեցած իր պարտավորությունների մասին. «Հիմա «ԱրմենՏելը» փորձում է բնական մենաշնորհ ստեղծել, ինչը շատ վտանգավոր է: Եթե ինտերնետ կապի ոլորտում նրան մրցակից պրովայդերները դուրս գան խաղից, «Բիլայնի» սպասարկման որակը կտրուկ կընկնի, իսկ գները միանգամից կբարձրանան: Այսպես է աշխարհի բոլոր երկրներում»: Նշենք նաեւ, որ «Բիլայնի» վերջին նորամուծությունը «Հայ-լայն» ինտերնետ ծառայությունն է, որը բաժանորդներին կապ է տրամադրում 1 մեգաբիթը՝ 30 հազար դրամով, մինչդեռ ընկերությունը պրովայդերներից նույն ծավալի համար պահանջում է վճարել մոտ 1 միլիոն 500 հազար դրամ: Ավելի քան հասկանալի է, որ ցանկացած բաժանորդ կգերադասի մի քանի տասնյակ անգամ էժան կապ գնել անմիջապես «ԱրմենՏելից», քան պրովայդերներից: «Հայ-Թեքի» տնօրենի հավաստմամբ, մինչեւ «Բիլայնը» մի բան է անում՝ իր բաժանորդների «քթից հանում է»: Նրա տեղեկացմամբ, դեռեւս 4 ամիս առաջ իրենք դիմել են «ԱրմենՏելին»՝ ընդամենը 200 մետր ինտերնետ կապի օպտիկամանրաթելային գիծ ունենալու խնդրանքով: Ամիսներ շարունակ ձգձգվող հարցուպատասխանից հետո՝ ընկերությունը «Հայ-Թեքին» խնդրել է վճարումներ կատարել, սակայն դրանից հետո էլ «ԱրմենՏելից» ոչ մի տրամաբանության չենթարկվող պատասխան է ստացվել: Այն դեպքում, երբ եղել է ե՛ւ «Հայ-Թեքին» տրամադրվելիք կապի համար թույլտվությունը, ե՛ւ կատարվել են համապատասխան վճարումները, «ԱրմենՏելից» պատասխանել են, որ գիծը հնարավոր չէ անցկացնել, քանի որ այդ «արարողությանը» պետք է ներկա լինի ընկերության փոխտնօրենը, որը Հայաստանում չէ: Այսինքն, ըստ Հ. Մանուչարյանի, «մոնտյորի» մակարդակով կատարվելիք այս գործարքի համար ընկերությունն այլ պատճառաբանություն չի կարողացել հորինել:

Մեզ հետ զրույցում Հ. Մանուչարյանն ասաց նաեւ, որ վերջին ժամանակներում իրենց ընկերությունում դրսից մեծ ներդրումներ են արվել, եւ իրենք տեխնիկապես բավականին լավ վիճակում են, սակայն «ԱրմենՏելի» պատճառով իրենց հնարավորությունների նույնիսկ 10%-ը չեն կարողանում օգտագործել: Հ. Մանուչարյանի խոսքերով. «Ռուսներն իրենց ամբիցիաներով տարված եկել են Հայաստան եւ անում են այն, ինչ մտքներով անցնում է: Վերջապես, նրանք պետք է հասկանան, որ դիմացինների հետ հաշվի նստել է պետք»:

Նշենք նաեւ, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ, «ԱրմենՏելը» իր տեխնիկական հնարավորությունների սահմանում 15-օրյա ժամկետում պետք է իր բաշխիչ ցանցից օգտվելու հնարավորություն ընձեռի պրովայդերներին, հակառակ դեպքում կտուգանվի նախորդ տարվա շրջանառության 2%-ի չափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել