Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՏՎԵ՞Լ ԵՆ

Հունիս 24,2008 00:00

\"\"Մեր համաքաղաքացիների տեսակետերը նախագահի նախաձեռնած բարեփոխումների մասին

Մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո ՀՀ իշխանությունների նկատմամբ վստահության եւ հավատի սուր դեֆիցիտը հայաստանցիների շրջանում կտրուկ ավելացավ, այդ իսկ պատճառով բնական են նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերը՝ ժողովրդին ապացուցելու, որ ինքն այս երկիրը կբարեփոխի:

«Առավոտը» շուրջ 30 քաղաքացու շրջանում հարցում անցկացրեց՝ պարզելու, թե այդ մարդիկ որքանո՞վ են իրենց մաշկի վրա զգում հարկային, մաքսային մարմիններում, ոստիկանության, առողջապահության եւ այլ համակարգերում Սերժ Սարգսյանի նախաձեռնած բարեփոխումների արդյունքները:

Երեւանաբնակ Նաիրա Հարությունյանը նոր է ընտանիք կազմել եւ ասում է, թե մեծ հույսեր ունի, որ նոր նախագահի օրոք իր ընտանիքը չի մտածի երկիրը լքելու մասին. «Աշխատում եմ, գոհ եմ իմ աշխատանքից, բայց եթե տանը միայն ես աշխատեի, չէինք կարողանա ապրել»։

Աբովյան փողոցում միրգ-բանջարեղեն վաճառող Վալեյկա Ալավերդյանը 25 տարի աշխատել է Կերամիկայի գործարանում, ապրում է հանրակացարանում: Նրա խոսքերով՝ հարկային դաշտում տեղի ունեցած փոփոխությունները խփում են մանր բիզնեսով զբաղվող առեւտրականների գրպանին, սակայն նրան մխիթարում էր այն, որ այդ գումարները գնում են պետբյուջե. «Պետք է մտածել նաեւ, որ մեր բյուջեն դատարկ է եւ այն լցվում է մեր տված հարկերից: Եթե ասենք, որ այդ հարկերը միայն ժողովրդի ջանից են դուրս գալիս, այդպես չէ: Շիշկաների ջանից ավելի շատ է դուրս գալիս»: Վ. Ալավերդյանը դեմ չէր, որ քաղաքապետարանը պայքարում է փողոցային առեւտրի դեմ, սակայն նրա խոսքերով. «Նախ պետք է մեզ համար պայմաններ ստեղծի, որ այլ տեղ առեւտուր անենք, որպեսզի սոված չմնանք»։

Աբովյան փողոցում ամսագրեր վաճառող Խաչատուր Քոչարյանն իր առաջարկներն ունի նախագահին. «Ճիշտ է, զգացվում է, որ ինչ-որ բան անում է, առաջվա համեմատ փոփոխություններ կան, բայց ավելի լավ կլիներ, որ մտածեին աղքատների եւ «բոմժերի» մասին, որոնք մեզ հանդիպում են ամեն քայլափոխի: Պետք է նրանց ապահովել, որպեսզի սոված ման չգան փողոցներում: Սա նաեւ աշխատանք չունենալուց է, քանի որ ուր գնում ես, ասում են՝ 18-25 տարեկան, բարետես արտաքինով մարդկանց ենք ընդունում, բա մնացածն ի՞նչ անեն, որ ջահել չեն եւ բարետես չեն: Թող միանգամից ասեն, որ 30 անց մարդիկ մեզ պետք չեն ու պետք է գնան թոշակի: Ամսական 30-35 հազար դրամ եմ վաստակում: Իմ աշխատավարձը ցածր է եւ ոչ միայն իմը, քանի որ օլիգարխները հարկեր չեն վճարում։ Բայց ասեմ նաեւ, որ Սերժ Սարգսյանը լավ ղեկավար է, միայն՝ թողնեն աշխատի»։

Ազգությամբ հույն Իրինան չի հավատում, որ բարեփոխումներն ի նպաստ ժողովրդի են, քանի որ, նրա խոսքերով, Սերժ Սարգսյանի ընտրվելուց անմիջապես հետո գրեթե բոլոր ապրանքների գները կտրուկ բարձրացան. «Թոշակս 31 600 դրամ է, ես չեմ աշխատում, վարձերն էլ այնքան շատ են, որ չեմ կարողանում վճարել, ապրելու համար պետության աջակցությունը ընդհանրապես չեմ զգում»: Հայրենական մեծ պատերազմի վետերան Սերգեյ Գրիգորյանը շատ վրդովված էր, որ Ռ. Քոչարյանին այդքան բարձր թոշակ են նշանակել. «Դա ուղղակի խայտառակություն է։ Ի՞նչ է, նա քյասի՞բ է։ Մեր՝ Հայրենական պատերազմի հաշմանդամներիս թոշակն ավելացրին ընդամենը 1000 դրամով, սա ուղղակի ամոթ է։ Համ էլ Քոչարյանի բնակարանի ռեմոնտն են վճարում»: Նրան անհանգստացնում էր նաեւ այն, որ Ս. Սարգսյանը վետերանների հարցերով չի զբաղվում եւ միայն ուշադրություն է դարձնում արցախյան ազատամարտիկներին: Նորայր Հարությունյանի կարծիքով էլ, Ս. Սարգսյանի նախաձեռնած փոփոխություններն իրենց դրական արդյունքն արդեն տալիս են: Նա գոհ է, որ հարկային օրենքները խստացվել են, ինչից էլ առեւտրականները շահում են: Նույն կարծիքին է նաեւ լիբանանահայ Անի Փանոսյանը: Նա համոզմունք հայտնեց, որ նախագահի ջանքերն անտեղի չեն լինի եւ շուտով Հայաստանը կբարգավաճի: Բորիս Հայրապետյանն էլ ասաց, որ քաղաքական դաշտում Ս. Սարգսյանից ավելի լավին չի ճանաչում. «Ուղղակի պետք է հասկանալ, որ այն ազգը, որն ունի օպերա եւ օպերայի շենք, դա արդեն ցիվիլիզացիա է»։

Իսկ ահա Լիդա Գեւորգյանի խոսքերով՝ չի կարող որեւէ դրական փոփոխություն լինել, քանի դեռ մեր երկրում այդքան քաղբանտարկյալ կա. «Այդքան մարդ նստացրին, ինչի՞ համար, այն էլ 2-3 տարով: Ինչ է թե՝ նրանք այլ կերպ են մտածում։ Երիտասարդները շատ ցածր աշխատավարձ են ստանում, տարիքն առածներն էլ՝ չնչին թոշակ: Ինձ իմ երեխաներն են օգնում, քանի որ աշխատում են արտասահմանում։ Սերժ Սարգսյանի կողմնակիցները միայն հարուստներն են, որոնք բնակչության 10%-ն են կազմում, մնացածները աղքատ են: Ես չեմ տեսնում ոչ մի բարեփոխում, ամեն ինչն էլ նույնն է, կոռուպցիան եւ մնացած բաները չեն պակասել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել