Լրահոս
Օրվա լրահոսը

Հայց ոստիկանության դեմ

Հունիս 24,2008 00:00

Մուշեղ Սաղաթելյանը պահանջում է ոչ իրավաչափ եւ չհիմնավորված ճանաչել ՀՀ ոստիկանության մարտի 1-ի գործողությունները:

Երեկ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց եւ րոպեներ անց հետաձգվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Մուշեղ Սաղաթելյանի բողոքի լսումը: Մ. Սաղաթելյանը դատարանից պահանջում է ՀՀ ոստիկանության մարտի 1-ի գործողությունները ճանաչել ապօրինի, չհիմնավորված եւ ոչ իրավաչափ, անհիմն ճանաչել նաեւ Հատուկ քննչական ծառայության կայացրած որոշումները եւ գործողությունները, պարտավորեցնել ՀՔԾ-ին՝ կարճել իր նկատմամբ քրգործի վարույթն ու դադարեցնել քրեական հետապնդումը:

Մ. Սաղաթելյանը գտնում է, որ դատարանն իր գործի նկատմամբ պետք է հիմնավոր ճանաչի Եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ եւ 13-րդ հոդվածներով սահմանված իրավունքների խախտումները: Որպես հիմք, Մ. Սաղաթելյանը գործին կցել է նաեւ Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մեհրաբյանի եւ ոստիկանության Երեւանի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանի ստորագրությամբ դ/մ-216՝ «Ոստիկանության կենտրոնական բաժնի տարածքում» վերտառությամբ արձանագրությունը, որը փաստորեն հերքում է ՀՀ ոստիկանության եւ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հայտարարությունները, թե մարտի 1-ի վաղ առավոտյան իրավապահները Ազատության հրապարակում փորձել են խուզարկություն անել եւ առգրավել այն զենք-զինամթերքն ու պայթուցիկ նյութերը, որոնք, իբր, իրենց օպերատիվ տեղեկություններով, եղել են հրապարակի տարածքում:

Սույն գրություն-արձանագրության մեջ շարադրված է հետեւյալը. «01.03.08 թ. ժ. 07-ի սահմաններում ստացված հրահանգի համաձայն՝ Երեւանի Ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու համար ՀՀ ոստիկանության աշխատակիցները պահանջել են հրապարակում հավաքված անձանց ազատել հրապարակը, ավարտել իրենց կողմից օրերով շարունակվող՝ իրականացվող հրապարակային միջոցառումը, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն կիրառելով, մասսայաբար ծեծի են ենթարկել ոստիկանության աշխատակիցներին, չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին, որի համար ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել վերը նշված ցույցի ակտիվիստները, որոնց թվում են՝ Արամ Մանուկյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Դավիթ Առաքելյանը, Մասիս Այվազյանը, Վարդգես Հայոցյանը, Հրանտ Բագրատյանը»:

Մ. Սաղաթելյանի եւ նրա պաշտպան Սեդա Սաֆարյանի համոզմամբ, ՀՀ ոստիկանության գործողությունները պետք է դիտել ոչ օրինաչափ եւ հանցավոր նաեւ այն նկատառումով, որ «19.02.2008թ. սկսած հանրահավաքները բխում են ՀՀ Սահմանադրության 29 եւ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ, 11-րդ հոդվածների պահանջներից եւ հանցավորության որեւէ տարր չեն պարունակել», մինչդեռ ոստիկանության գործողությունները ակնհայտորեն դրսեւորված միջամտություն են եղել հանրահավաքների ազատության իրականացմանը. «Հանրահավաքների արգելումը պատճառաբանված չէ, ուստի՝ կամայական է, օրենքով չնախատեսված: Իսկ հիմնավորման բացակայությունը անհնար է դարձնում կիրառված միջոցների համարժեքության գնահատումը»:

Բողոքի քննարկումը հետաձգվեց, քանի որ ոստիկանության եւ ՀՔԾ ներկայացուցիչները չէին ներկայացել, իսկ նրանց ներկայությունը պարտադիր է: Մ. Սաղաթելյանի բողոքի քննարկումը տեղի կունենա հունիսի 30-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել