Ասում է ՀՀՇ վարչության եւ «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանը
– Պարոն Աբգարյան, արդարացա՞ն ամսի 20-ի հանրահավաքի հետ կապված Ձեր հույսերը:
– Ամսի 20-ի հանրահավաքը ցույց տվեց, որ Հայաստանը նորից վերադառնում է քաղաքական գործընթացների: Սա նոր փուլ է՝ իշխանության օրինականության վերականգնման գլխավոր հարցով: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է նախագահին եւ խորհրդարանին: Ելնելով ամսի 20-ի հանրահավաքի տպավորություններից, մասնավորաբար՝ ժողովրդի բուռն մասնակցությունից, կարող եմ ասել, որ իշխանության օրինականության հարցը ՀՀ-ում օրակարգային է, եւ ժողովուրդը պատրաստ է մինչեւ վերջ գնալ: Իշխանության գործունեության հետեւանքով մարտի 1-ին ժողովուրդը տվել է առնվազն 10 զոհ. այդ մարդկանց արյունն իշխանության վրա է: Ժողովրդի հետագա պայքարը կհասցնի նրան, որ պատասխանատուները, առաջին՝ հերթին Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, պատասխանատվության կենթարկվեն:
– Հանրահավաքի մասնակիցների թվի վերաբերյալ տարբեր թվեր են հնչում, բայց որ հանրահավաքը մարդաշատ էր՝ անհերքելի է: Կարելի՞ է այդ հանրահավաքը որակել իբրեւ հասարակության մի ստվար հատվածի տարած հաղթանակն իշխանության նկատմամբ, քանի որ իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի հանրահավաքը չկայանա:
– Հանրահավաքն իսկապես մարդաշատ էր, եւ դրան մասնակցեց հասարակության այն հատվածը, որն ընդունակ էր իշխանության տարածած սարսափին ու երկյուղին դիմակայելու: Հաջորդ հանրահավաքին կմասնակցեն նաեւ արդեն նրանք, ովքեր ձեռնպահ էին մնացել՝ հաշվի առնելով մարտի 1-ի արյունոտ դեպքերը: Ամսի 4-ի հանրահավաքը, ըստ իս, ավելի հզոր կլինի, եւ ամսի 20-ի հանրահավաքի խոշոր ազդեցությունը հենց այդ կլինի: Ամսի 20-ի հանրահավաքն, այո, հաղթանակ էր: Հաղթանակ՝ իշխանության դեմ: Դա նորից քաղաքական պայքարը քաղաքական գործընթացների մեջ մտցնելու ձեւ էր եւ ոչ թե բռնության միջոցով ժողովրդի վրա ազդելու, ժողովրդի կարծիքը խեղդելու: Մենք նորից մտել ենք քաղաքական գործընթացի մեջ, որտեղ, ի վերջո, ժողովրդի կամքն է հաղթելու:
– Ողջունելի՞ է քաղաքական գործընթացներին վերադարձը:
– Ողջունելի կլիներ, եթե իշխանությունն ինքը նախաձեռներ: Բայց հասարակությունն է նախաձեռնել, ուղղակի իշխանության ձեռքին ճար չկա: Իշխանությունը դիլեմայի առաջ էր կանգնած. կամ նորից «մարտի 1» կրկնել, կամ կիսաքայլ զիջել ժողովրդին: Եթե ոստիկանները կանգնում են կարգ ու կանոն պահպանելու՝ նորմալ է, բայց ամսի 20-ին, ամեն դեպքում, ուժի ցուցադրում եղավ թե Ազատության հրապարակում, թե Մատենադարանին հարող տարածքում:
– ՀՀ հարցով ԵԽԽՎ համազեկուցողները ամսի 20-ին տարածած հայտարարությամբ արդարացի համարեցին, որ Վեհաժողովի լիագումար նիստում ՀՀ հարցով արտահերթ քննարկում լինի: Ինչպե՞ս եք գնահատում:
– Ես չեմ ուզում ասել, որ նրանք հերոսություն են արել: Առնվազն կույր պետք է լինել՝ չտեսնելու համար ռեալ ստեղծված իրադրությունը: 1609 բանաձեւի կատարման ամեն մի ոլորտում մի կիսաքայլը իմիտացիա է: Վերցնենք խորհրդարանական հանձնաժողովը. 11 անդամից 8-ը մարդիկ են, որոնք անցած ամբողջ ժամանակաշրջանում իշխանությանն արդարացնելով են զբաղված եղել: Իսկ նրանց նախագահ Նիկոյանը, ըստ էության, ամբողջ իր եռանդը եւ մտավոր կարողությունները ներդրել ու ծառայեցրել է հեռուստաէկրաններից ժողովրդին համոզելու, որ իշխանությունը ճիշտ քայլեր է կատարել: Հիմա՝ այդ հանձնաժողովի աշխատանքի վրա կարելի՞ է հույս դնել: Իմ կարծիքով՝ անհույս գործ է: Իսկ այն, որ ԵԽ ներկայացուցիչները ռեալ իրականությունն են ներկայացրել՝ մեղմ ասած, մեզ չի ուրախացնում: Ավելին՝ մտահոգում է: Մեզ մտահոգում է այս իշխանության ստահակությունը, որ հանուն իրենց աթոռների՝ պատրաստ են գնալ այնպիսի քայլերի, որոնք ստիպում են եվրոպացիներին մեր պետության դեմ պատժամիջոցներ կիրառել: Հայաստանը պատժամիջոցներ է ստանալու հանուն նրա, որ Սերժ Սարգսյանը նստած մնա նախագահական աթոռին: Անընդունելի է:
– Կարծում եք, որ Հայաստանի պատվիրակությունը կզրկվի՞ ձայնի իրավունքից:
– Չեմ բացառում: Չեմ բացառում նաեւ, որ ավելի խիստ տոնով դիտողություն արվի, եւ ձայնի իրավունքից զրկելը հետաձգվի: Կտեսնենք: Կարծում եմ, որ եվրոպացիների վրա ազդեցություն է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի ելույթը՝ Կոնգրեսում կազմակերպված լսումների ժամանակ, որտեղ հնչեցվեցին բավականին խիստ ձեւակերպումներ ՀՀ իշխանությունների վերջին ամիսների գործունեության վերաբերյալ:
– Ինչքա՞ն կբավականացնի բռնության ռեսուրսը՝ իշխանությունը պահելու համար:
– Այստեղ ամենակարեւորը ժողովրդի հավատն է իշխանության նկատմամբ: Երբ ժողովուրդը կորցնում է իշխանության նկատմամբ իր հավատը, դրան հաջորդում է լուրջ պայքարը: Հիմա մենք այդ փուլում ենք: Մեր հասարակությունը շատ գիտակից եւ նպատակադրված գնում է: Հայաստանում բռնապետություն այն տեսքով, ինչպես ներկայիս իշխանությունն է պատկերացնում, չի ստացվելու: Տապալվելու է: