Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հունիս 21,2008 00:00

Օրերս մամուլում տպագրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի հարցազրույցը՝ «Սովորել արտերկրում, աշխատել հայրենիքում», որտեղ նա տեղեկացնում է այն մասին, որ ՀՀ կառավարությունում քննարկվում է արտասահմանյան բուհերում սովորող հայ ուսանողներին պետական ֆինանսական աջակցության հարցը: Այդ հարցը, որին բազմիցս անդրադարձել է նաեւ «Առավոտ» օրաթերթը, շատ կարեւոր է եւ արդիական, քանի որ հենց ֆինանսավորման բացակայության պատճառով շատ հայ ծնողներ հրաժարվում են արտերկրում իրենց երեխաների ուսումից: Խոսքն առաջին հերթին այն ուսանողների մասին է, ովքեր իրոք ձգտում են գիտելիքների եւ դրա համար ունեն բոլոր նախադրյալները, այդ թվում՝ հաջողություններ տարբեր օլիմպիադաներում:Որոշ դեպքերում ընդունող կողմն իր վրա է վերցնում ուսման վարձը, բայց ճանապարհի եւ ապրելու ծախսերը պետք է հոգան ուսանողները, ինչը ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ: Ստացվում է, որ արտերկրում ուսում ստանալը մատչելի է ոչ թե ընդունակ ուսանողներին, այլ՝ հարուստների երեխաներին: Թվում է, թե Կառավարական կրթաթոշակային ֆոնդը հանդիսանում է հենց այն մարմինը, որը կօգնի լուծելու այս խնդիրը: Ուրախալի է, որ կրթությանը, տաղանդավոր երիտասարդներին աջակցելու եւ ամբողջ կյանքում սովորելու անհրաժեշտության մասին օրերս խոսեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:Հուսով ենք, որ ասվածը խոսքից գործ կդառնա ամենամոտ ապագայում: Չէ՞ որ հենց այսօր է որոշվում նոր սերնդի օժտված ներկայացուցիչների ճակատագիրը, ասել է թե՝ երկրի ապագան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել