Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունիս 21,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ տասնվեցերորդ

ԳԱՐՆԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱԿՆԹԱՐԹ

– «Գարունում» տպվելուս հարցով պիտի շատ լուրջ զբաղվենք,- ասաց Ջահանը:

– Էդ մեկը հարուր տոկոսով կարանք անենք,- ասացի ես:

– Հաստատ ե՞ս ասում:

– Հա:

– Գործերս որ տամ քեզ՝ կտա՞ս խմբագրին:

– Հա:

– Թե՞ իմ գալը պարտադիր ա:

– Պարտադիր չի,- ասացի ես:

– Պիտի անպայման մեքենագրած ըլնի՞:

– Հիմի կոմպյուտերով են շարում:

– Էս նեղմաջալին կոմպյուտե՞ր որտեղից ճարեմ,- դժգոհեց Ջահանը:

– Ձեռագիր էլ կըլնի,- ասացի ես.- մենակ թե՝ հասկանալի ձեռագրով գրած ըլնի:

– Ձեռագիրս շատ պարզ ձեռագիր ա:

– Ուրեմն՝ հարց չկա:

– Այսինքն, խոստանո՞ւմ ես:

– Հարուր տոկոսով:

– Կարող ա՞ ոտանավորներս չհավանի,- հարցրեց Ջահանը:

– Ո՞վ չհավանի,- հարցրի ես:

– «Գարունի» խմբագիրը,- ասաց Ջահանը:

– Ես որ հավանեմ՝ ինքն էլ կհավանի,- ասացի ես:

– Կարող ա՞ դու չհավանես,- կասկածանքով ինձ նայեց Ջահանը:

– Ես շատ փոքր եմ, որ քո գրածները չհավանեմ:

– Հա,- ծիծաղեց Ջահանը.- ինձնից էրկու տարով փոքր ես:

– Ես բանաստեղծության իմաստով եմ ասում,- ասացի ես:

– Մանավանդ որ՝ հիմի բանաստեղծություն վաբշե չես գրում:

– Որ չեմ գրում, ուրիշների գրածներն ավելի լավ եմ հասկանում:

– Իմ գրածները չհասկանալ հնարավոր չի,- ասաց Ջահանը.- Թումանյանը ո՞նց ա ասում՝ աչքի պես պարզ:

– Աչքի պես պարզ եւ աչքի պես բարդ:

– Շատ ուժեղ ա ասել:

– Ոնց որ քո գրածների մասին ասած ըլնի,- ծիծաղեցի ես:

– Մեկը որ լսի, կմտածի՝ գրածներս ծերից ծեր կարդացել ես,- ծիծաղեց Ջահանը:

– Չորս հատը ծերից ծեր կարդացել եմ:

– Ի՞նչ չորս հատ:

– Էդ «Պիոներում» տպածներդ:

– Էդ ո՞ր թվին էր:

– Թիվը չեմ հիշում:

– Էդ չորս հատը քսան տարի առաջ եմ տպել,- ասաց Ջահանը.- դրանից հետո ոճս շատ ա փոխվել:

– Պարզ ա, որ պիտի փոխվեր:

– Ինչի՞ ա պարզ:

– Երկիրը որ փոխվել ա, ոճդ ո՞նց նույնը կմնար:

– Երկրի փոխվելն ի՞նչ կապ ունի,- զարմացավ Ջահանը:

– Հիմի ավելի ազատ են գրում,- ասացի ես.- գրաքննությունը վերացել ա:

– Ես միշտ էլ ազատ եմ գրել,- ասաց Ջահանը.- էն վախտերն էլ էի ազատ գրում, հիմի էլ:

– Հա,- համաձայնվեցի ես:

Էդ պահին մայթեզրի մոտ կանգ առավ «Իմպիչմենտի» ավտոմեքենան, եւ բարձրախոսն ազդարարեց՝ «ո՛չ դոդացմանը, ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ սերժանտացմանը. այսօր ժամը 7-ին՝ բոլորս Ազատության հրապարակ»:

– Սրա՞նք ինչ են ուզում,- հարցրեց Ջահանը:

– Ազատություն,- ասացի ես:

– Սրանց մեջ ծանոթներ չունե՞ս,- ժպտաց Ջահանը:

– Լիքը,- ասացի ես:- Կարող ա՞ ուզում ես քաղաքականության մեջ մտնես:

– Շա՜տ շնորհակալ եմ,- ժպտաց Ջահանը.- իմ պրոբլեմներն ինձ լրիվ հերիք են:

– Դու պրոբլեմ չունես,- ասացի ես.- միակ պրոբլեմդ, փաստորեն, «Գարունում» տպվելն ա:

– Էդ քիչ ա՞:

– «Գարունի» հարցը կարաս հաշվես էղած:

– Տես՝ խոստացար,- ասաց Ջահանը.- հետո խոսքիցդ հետ չկայնես:

– Մեծ բան չի,- ասացի ես:- Իրանք պիտի խնդրեն, որ բանաստեղծություններդ իրանց մոտ տպես:

– Էդքանը որ հասկանային, էլ ի՞նչ դարդ ունեի:

– Քանի՞ անգամ են մերժել:

– Սովետի վախտով շատ են մերժել, բայց էս թազա խմբագրի վախտով ընդամենը մի անգամ եմ տարել:

– Խմբագիրն ա՞ մերժել:

– Հա,- ասաց Ջահանը:- Շատ ժոստկի մերժեց:

– Ի՞նչ ասեց:

– Ասեց, որ իրանց ժուռնալը մենակ երիտասարդներին ա տպում:

– Ճիշտ ա ասել:

– Ո՞նց ա ճիշտ ասել: Բոլորչյան Թաթուլն ինձնից քսան տարով մեծ ա, բայց ամեն օր տպում են:

– Ամեն օր ո՞նց կտպեն. էդ ժուռնալն ամիսը մի անգամ ա տպվում:

– Խոսքի օրինակ եմ ասում,- ասաց Ջահանը.- ուզում եմ ասեմ՝ մեծերին էլ են տպում:

– Պատահում ա,- ասացի ես:

– Բայց տակ չմնացի,- ասաց Ջահանը.- ես էլ իրան կպա:

– Խմբագրի՞ն:

– Հա:

– Գործդ բարդացրել ես:

– Ասում ես՝ կհիշի՞:

– Նայած թե՝ ոնց ես կպել:

– Շատ գեշ եմ կպել:

– Ի՞նչ ես ասել:

– Իրան ասեցի՝ ինձ չտպագրելու համար սերունդները ձեզ չեն ների:

– Ձեզ ես ասե՞լ, թե՝ քեզ:

– Ինչքան հիշում եմ՝ ձեզ ասեցի:

– Էդ լավ ա,- ասացի ես.- ձեզը հարգանքի նշան ա:

– Ասում ես՝ նեղացած չի ըլնի՞:

– Դժվար էլ հիշի,- ասացի ես.- էդ խոսակցությունը ե՞րբ ա էղել:

– Տարուց ավել կըլնի:

– Հաստատ մոռացած կըլնի:

– Վստահ ե՞ս:

– Ի՞նչը պիտի հիշի,- ասացի ես.- փաստորեն, դու հետս չես գալու: Կարող ա՞ անունդ ու ազգանունդ հիշի:

– Ո՞նց կհիշի,- զարմացավ Ջահանը.- ինքը հեչ բանաստեղծություններս չնայեց էլ. ասեց, որ իրանք մենակ երիտասարդներին են տպում:

– Փաստորեն, մենք իրան շանս ենք տալիս:

– Ի՞նչ շանս:

– Շանս ենք տալիս, որ ինքը սերունդների առաջ պարզերես դուս գա:

– Ձեռ ե՞ս առնում:

– Քո ասածն եմ կրկնում:

– Ես լրիվ լուրջ եմ ասել:

– Ես էլ եմ լրիվ լուրջ ասում:

– Որ ըտենց ա, ոտանավորներս մաքուր ձեռագրով կարտագրեմ, կտամ քեզ՝ կտանես,- ասաց Ջահանն ու ավելացրեց.- ես որ հետդ չգամ՝ ավելի լավ:

– Հա,- ասացի ես.- մի քսան հատ արտագրի, կկարդանք՝ մի տասը հատ կջոկենք:

– Էլ ի՞նչ ջոկենք,- զարմացավ Ջահանը.- ես միանգամից ջոկած կարտագրեմ:

– Ոնց որ քեզ հարմար ա:

– Թե շատ ես ուզում՝ կարանք իրար հետ ջոկենք,- ասաց Ջահանն ու ժպտալով ավելացրեց.- ես քո ճաշակին լրիվ վստահում եմ:

– Ոնց կուզես,- ասացի ես:

Էդ պահին նորից հայտնվեց «Իմպիչմենտի» ավտոմեքենան եւ բարձրախոսը նորից ազդարարեց՝ «ո՛չ դոդացմանը, ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ սերժանտացմանը. այսօր ժամը յոթին՝ բոլորս Ազատության հրապարակ»:

– Էս միտինգները երկար ե՞ն շարունակվելու,- հարցրեց Ջահանը:

– Եսիմ,- ասացի ես:

– Տղա ջան, ճիշտը որ ուզում ես իմանաս, էս միտինգները մեր գործին ահագին օգուտ են,- ասաց մեզնից երկու քայլ այն կողմ նստած արեւածաղիկ վաճառող տարեց կինը, որն, ըստ երեւույթին, մի ականջը մեր խոսակցությանն էր պահում:

– Ինչո՞վ են օգուտ,- հարցրի ես:

– Որ միտինգ ա ըլնում, միլիցեքը հիմնականում միտինգավորներով են զբաղվում ու մեզ որոշ ժամանակ հանգիստ են թողում,- ասաց կինը:

– Էդ լավ ա,- ասացի ես:

– Բա էս ո՞ւր ես գնում,- ինձ հարցրեց Ջահանը:

– Մարդ պիտի տենամ,- ասացի ես:

– Ասում ես՝ սիդիներս տա՞մ:

– Ի՞նչ սիդիներ:

– Մեկի վրա ոտանավորներս են, մյուսի վրա՝ երգերս:

– Հետաքրքիր ա,- ասացի ես.- տուր:

– Թո՜ւ,- դարակը քչփորելով՝ սրտնեղեց Ջահանը.- մոռացել էի, որ էդ սիդին հարկայինի տղերքից մեկին եմ տվել:

– Ոչինչ,- ասացի ես.- հետո կտաս:

– Որ կասետները տամ՝ հո չե՞ս նեղանա:

– Ի՞նչ կասետ:

– Աուդիո,- ասաց Ջահանը.- նույն բանաստեղծություններն ու նույն երգերն են:

– Ավելի լավ,- ասացի ես:

– Վերցրու,- դարակից երկու կասետ հանելով ու ցելոֆանե տոպրակի մեջ դնելով՝ ասաց Ջահանը:

– Մերսի,- ասացի ես:

– Որ մյուս անգամ գաս՝ սիդիները կտամ,- ասաց Ջահանը:

– Ի՞նչ տարբերություն,- ասացի ես.- նույն բանաստեղծություններն ու նույն երգերը չե՞ն:

– Նույնը նույնն են, բայց, ո՞նց ասեմ, էդ սիդիներն իսկական արժեք են,- ասաց Ջահանն ու ավելացրեց.- փաստորեն, ալբոմի պես բան են:

– Ինձ էս էլ ա հերիք,- ասացի ես:

– Նույն բանաստեղծություններն են, նույն դերասանն էլ արտասանում ա:

– Դու չես արտասանո՞ւմ,- հարցրի ես:

– Ձեռ ե՞ս առնում,- զարմացավ Ջահանը.- ես ո՞նց կարամ արտասանեմ:

– Խի՞ չես կարա:

– Քթիս մեջ միս կա,- ծիծաղեց Ջահանը:

– Ի՞նչ միս:

– Որ ասեմ տավարի միս՝ կհավատա՞ս,- հռհռաց Ջահանը:

– Չհասկացա,- ասացի ես:

– Ի՞նչ կա չհասկանալու,- հռհռաց Ջահանը.- հանաք եմ անում: Պրոֆեսիոնալ դերասաններին թողած՝ ե՞ս պիտի արտասանեմ:

– Ի՞նչ պրոֆեսիոնալ դերասան:

– Լսած կըլնես,- ասաց Ջահանը.- ջահել ա, բայց ահագին անուն ունի:

– Անունն ի՞նչ ա:

– Գալուստ Գրիգորյան,- ասաց Ջահանը.- չես լսե՞լ:

– Էդ անունն առաջին անգամ եմ լսում:

– Ավելի վատ քո՛ւ համար,- ասաց Ջահանը.- Փոսի թատրոնի ամենավեդուշչի դերասաններից ա:

– Բայց Փոսի թատրոնը կարծեմ չկա:

– Թատրոնը չկա, բայց Գալուստը կա ու բանաստեղծություններս էլ չտեսնված արտասանում ա:

– Բայց Փոսի թատրոնը չկա, չէ՞:

– Ձեւական կա,- ասաց Ջահանը.- ձեր Գրողների միության շենքում են ժամանակավոր տեղավորվել:

– Հա,- ասացի ես.- ճիշտ ես ասում:

– Փաստորեն, իրանք էլ են Լեւոն Անանյանի հույսին,- ծիծաղեց Ջահանը:

– Բեմադրություն անո՞ւմ են,- հարցրի ես:

– Հազարից մեկ,- ասաց Ջահանը.- ձեր էդ շենքում իրանք տնվորի պես բան են:

– Փաստորեն, պարապ են:

– Գուգոն հեչ էլ պարապ չի. իրան հազար տեղից կանչում են,- ասաց Ջահանը:- Ինքը Աշոտ Ղազարյանի անեկդոտների կասետի մեջ էլ կա: Որ տենաս՝ տեղը կբերես:

– Երեւի,- ասացի ես:

– Ինքը վախտին «Համլետ» էլ ա խաղացել:

– Փոսի թատրոնո՞ւմ:

– Չէ,- ասաց Ջահանը.- ինստիտուտի իրա դիպլոմայինն ա էղել: Ես չեմ տեսել, բայց տենողներն ասում են՝ չտեսնված ա խաղացել:

– Փաստորեն, հիմի պարապ ա:

– Ի՞նչ պարապ,- զարմացավ Ջահանը.- իրան նույնիսկ Սունդուկյան են հրավիրում, բայց ժամանակ չունի՝ շատ զբաղված ա:

– Ինչո՞վ ա զբաղված:

– Որ ասեմ՝ մեր մեջ կմնա՞:

– Հա:

– Ինքը փողով թամադայություն ա անում:

– Փողով թամադայությունը ո՞րն ա:

– Ինքը սովորական թամադա չի,- բացատրեց Ջահանը.- իրան ամենաբարձր պաշտոնյաներն ու օլիգարխներն են հարսանիքի ու ծնունդի կանչում: Իրա օրականը չորս հարուր դոլար ա:

– Էդքան տալիս ե՞ն,- զարմացա ես:

– Ավել տվողներ էլ են ըլնում,- ասաց Ջահանը:- Ինքը սովորական թամադա չի:

– Բա ի՞նչ ա:

– Կոնֆերանսիե՛,- ասաց Ջահանը:- Ինքը համ սովորական թամադեքի պես կենացներ ա ասում, համ էլ՝ մեկումեջ արտասանում ու անեկդոտներ ա պատմում: Որ պետք ա ըլնում, երգում էլ ա. շատ ուժեղ ձեն ունի: Էսօրվա դրությամբ՝ ինքը, փաստորեն, ամենաբարձր վարձատրվող թամադեն ա:

– Չորս հարուր դոլարն ահագին փող ա:

– Շաբաթվա մեջ ամենաքիչը էրկու անգամ իրան հարսանիք կամ ծնունդ են կանչում:

– Այսինքն, ֆինանսապես ապահովված ա:

– Հա,- ասաց Ջահանը.- ըստ պահանջի ապրում ա: Իրա միակ պրոբլեմն էն ա, որ իսկական արվեստին ու իսկական դերասանությանը կարոտում ա: Էս անտեր կյանքը հո մենակ փողով չի՞ որոշվում:

– Հա,- ասացի ես.- մարդ պիտի իրա սիրած գործով զբաղվի:

– Ինքը իրա էդ թամադայությունն էլ ա սիրում: Էդ գործն իրան ամսական հազար դոլարից ավել եկամուտ ա բերում. ո՞նց կարա չսիրի:

– Համենայն դեպս, իրա մասնագիտությունը դերասանությունն ա:

– Որ մի քիչ խորն ես մտածում, հասկանում ես, որ թամադայությունն էլ ա դերասանության պես բան,- ասաց Ջահանն ու ավելացրեց.- որ ճիշտն ուզում ես իմանաս, թամադայությունը դերասանությունից ավելի ծանր գործ ա:

– Պարզ ա,- ասացի ես.- հազար ու մի հարբած մարդու հետ ա գործ ունենում:

– Հա,- ասաց Ջահանը.- չնայած լավ փող ա առնում, բայց իրան հեչ չեմ նախանձում:

– Նախանձելու բան չկա,- ասացի ես ու ավելացրի.- բայց, ինչ ուզում ես ասա, ամսական հազար դոլարը լուրջ փող ա:

– Ամենաքիչն ա հազար առնում,- ասաց Ջահանը:

– Առավել եւս,- ասացի ես.- փաստորեն, ֆինանսապես ապահովված ա:

– Ըտենց մի ասա,- ասաց Ջահանը.- ամիս ա պատահում՝ ես էլ եմ հազարին մոտենում, բայց, պարզվում ա, էդ էլ փրկություն չի. հազար ու մի ծակուծուկ կա փակելու:

– Ամեն դեպքում, ամսական հազար դոլարով մարդավարի կապրես:

– Դոլարը մի գլուխ քցում ու քցում են,- հառաչեց Ջահանը.- մի քանի տարի առաջ էրկու հարուր հազիվ էի առնում, բայց էն վախտվա էրկու հարուրը հիմիկվա հազարից ավելի լավ էր հերիքում: Էն վախտ չորսուկես հազարով տուն առա. հիմի կարա՞ս առնես:

– Չորսուկես հազարով հեչ ծտի բուն էլ չես առնի:

– Ապրես,- ասաց Ջահանը:- Որ սաղ ծակուծուկերը փակած ըլնեի, հազար դոլարը մենակ ուտելու ու հագնելու համար ծով էր, բայց մենակ ուտելով ու հագնելով չի, չէ՞:

– Հա,- ասացի ես.- հազար ու մի ծախսեր կան:

– Տղես կպել ա թե՝ ավտոն փոխենք: Ասելը հեշտ ա: Ո՞նց փոխենք: Ավտոն հո նասկի չի՞, որ օրումեջ փոխես:

– Ավտո ունե՞ք:

– Հա, էն սիպտակն ա,- նախկին ատամնաբուժարանի մայթի մոտ շարված մեքենաներից մեկը ցույց տալով՝ ասաց Ջահանը:

– Էն «Քսանչորսն» ա՞:

– Չէ,- ինքնագոհ ժպտաց Ջահանը.- կողքի սիպտակ «Մերսեդեսն» ա:

– Շնորհավոր,- ասացի ես:

– Ի՞նչ շնորհավոր,- ասաց Ջահանը.- արդեն հինգ տարուց ավել ա՝ բանացնում ենք:

– Տեսքից ոնց որ թազա ավտո ըլնի:

– Հինգ տարուց ավել մենք ենք բանացրել, բայց ծննդականով քսան տարեկան ա:

– Շատ լավ ա պահպանվել:

– Որովհետեւ լավ ենք պահել: Որ ինձ մնա՝ հեչ չեմ էլ փոխի. գազանի պես ավտո ա:

– Բա խի՞ եք ուզում փոխեք:

– Էս ջահելներին չգիտե՞ս,- ասաց Ջահանը.- մոդայի հետեւից են վազում. տղես ասում ա՝ շատ հին վիպուսկ ա:

– Վիպուսկը չգիտեմ, բայց տեսքը շատ թարմ ա:

– Կարեւորն էն ա, որ էշի պես ծառայում ա: Վերջիվերջո, ավտոն քշելու համար ա:

– Դու ե՞ս քշում:

– Բա տղես ինչի՞ համար ա,- զարմացավ Ջահանը:- Առավոտներն ինձ գործի ա բերում, իրիկունները տուն ա տանում:

– Ինքը չի աշխատո՞ւմ:

– Ո՞նց չի աշխատում,- ասաց Ջահանը.- էս բազարի տակի բուդկեքից մեկն իրանն ա, ավելի ճիշտ՝ տերն ուրիշն ա, բայց տղես ա աշխատացնում: Լակոտը շատ ուժեղ բիզնեսմենի հակումներ ունի. չգիտեմ՝ ում ա քաշել:

– Քեզ ա քաշել,- ասացի ես:

– Մի՛ ցրի,- ծիծաղեց Ջահանը.- իմը արվեստն ա:

– Արվեստն է՛լ ա քոնը,- ծիծաղեցի ես:

– Իմը արվեստն ու բանաստեղծությունն ա,- ասաց Ջահանն ու իր դախլը ցույց տալով ավելացրեց.- ես էս գործի մեջ լրիվ պատահական եմ ընկել:

– Հիմա բանաստեղծության համար հեչ լավ ժամանակներ չեն,- ասացի ես:

– Բանաստեղծության իմաստով միշտ էլ վատ ա էղել,- ասաց Ջահանը:

– Հոնորարների իմաստով առաջ շատ լավ էր,- ասացի ես.- մի գրքի համար ահագին փող էին տալիս:

– Ինչքա՞ն ահագին,- հարցրեց Ջահանը:

– Մի քիչ հաստոտ գրքի փողով կարայիր ավտո առնես:

– Դու առել ե՞ս

– Չէ,- ասացի ես.- ավտո քշել չեմ սիրում:

– Լրիվ թազա ավտո՞,- հարցրեց Ջահանը:

– Մի քիչ քշած,- ասացի ես:

– Բա խի՞ չես առել,- հարցրեց Ջահանը:

– Ավտո քշել չեմ սիրում,- կրկնեցի ես:

– Ես էլ չեմ սիրում,- ասաց Ջահանը.- տղես քշում ա, ես իրա կողքն եմ նստում: Ասում ես՝ մի գրքի համար էդքան փող էի՞ն տալի:

– Նայած գիրք,- ասացի ես.- ես Սովետի օրոք տպած ամենավերջին գրքիս համար էդքան ստացել եմ:

– Իզուր էլ ավտո չես առել,- ասաց Ջահանն ու ավելացրեց.- ես էլ ավտո քշել չեմ սիրում, բայց ավտո ունենալը պարտադիր ա:

– Խի՞ ա պարտադիր:

– Որ ավտո չես ունենում, կողքիններդ քեզ մարդատեղ չեն դնում:

– Ի՞նչ կողքիններ:

– Էս սաղ,- անցորդներին մատնացույց արեց Ջահանը:

– Ճիշտն ասած, մի անգամ ավտո առա, բայց օդ ցնդեց:

– Ի՞նչը օդ ցնդեց:

– Էդ ավտոն:

– Ո՞նց օդ ցնդեց,- զարմացավ Ջահանը:

– Երկար պատմություն ա,- ասացի ես.- մի ուրիշ անգամ կպատմեմ:

– Հիմի ո՞ւր ես վռազում:

– Մարդ պիտի տենամ:

– Ուրեմն, «Գարունի» հաշվով պայմանավորվանք:

– «Գարունի» գործը կարաս հաշվես էղած:

– Քո համար եմ ասում,- ծիծաղեց Ջահանը.- ուզում եմ, որ հարուր տարվա ընկերոջդ մի անգամ օգնես, որ քեզ լավ զգաս:

– Ուզածդ մեծ բան չի,- ասացի ես:

– Մի ամսից մի հատ էրեւա,- ասաց Ջահանը:

– Խի՞ մի ամսից:

– Մյուս շաբաթ տղիս նշանելու եմ,- ասաց Ջահանը.- էս քանի օրը մի քիչ խառն եմ:

– Իրար չեն խանգարում,- ասացի ես.- ընդամենը մի քանի հատ բանաստեղծություն պիտի արտագրես:

– Տղիս հարցերը հորովմորով անենք, հետո նոր իմ հարցերով կզբաղվենք,- ասաց Ջահանն ու ավելացրեց.- էսքան վախտ որ «Գարունում» չեմ տպվել, մի քանի ամիս էլ կդիմանամ:

– Դու գիտես,- ասացի ես:

– Էդ մոտիդ կասետի մեջ Գալուստը քսան հատ բանաստեղծություն ա արտասանում,- ասաց Ջահանն ու ավելացրեց.- կլսես, հետո կխոսանք:

– Մի տասը հատ կջոկենք,- ասացի ես.- ինձ որ լսես՝ էս հարցն ականջի հետեւ չենք գցի:

– Կանենք,- ասաց Ջահանը:- Ճիշտն ասած, ես քեզ էի ուզում փորձեմ: Ուզում էի ճշտեմ՝ ընկերություն կոչվածը մնո՞ւմ ա, թե՞ վերացել ա:

– Մնում ա,- ասացի ես:

– Կարեւորն էդ ա,- ասաց Ջահանը.- թե չէ՝ էրեկվա երեխեն չենք, որ «Գարունում» տպվելուց ուրախանանք կամ չտպվելուց տխրենք:

– Ես գնամ,- ասացի ես:

– Ժամադրվա՞ծ ես:

– Հա:

– Աղջի՞կ ա:

– Չէ:

– Ուզում եմ ասեմ՝ հեչ լեւի չես գնո՞ւմ:

– Դու գնո՞ւմ ես:

– Ո՞ւր:

– Լեւի,- ծիծաղեցի ես:

– Կամաց գոռա,- շշնջաց Ջահանը.- էս սեմուշկա ծախող կնիկը հազար հատ ականջ ունի:

– Դո՛ւ էդ խոսակցությունը բացեցիր:

– Որ բացեցի, չի նշանակում՝ պիտի գոռաս,- ասաց Ջահանը:- Ուղղակի ուզում էի ասեմ, որ մեկ-մեկ լեւի գնալը բանաստեղծական ներշնչանքին կարա օգնի:

– Որ չօգնի էլ, հաստատ չի խանգարի:

– Այսինքն, ճիշտ եմ ասում, չէ՞:

– Չգիտեմ,- ասացի ես.- ահագին վախտ ա՝ թարգել եմ:

– Ի՞նչն ես թարգել,- զարմացավ Ջահանը:

– Բանաստեղծություն գրելը,- ծիծաղեցի ես:

– Բայց լեւի գնո՞ւմ ես,- ծիծաղեց Ջահանը:

– Մի գոռա,- ասացի ես:

– Դո՞ւ ումից ես վախենում,- զարմացավ Ջահանը.- դու էս տերիտորիայում ծանոթ չունես:

– Ամեն տեղ էլ ծանոթ ունեմ,- ասացի ես:

– Հրեն՝ ծանոթներդ էկան,- ծիծաղեց Ջահանը, եւ ես շրջվեցի ու տեսա, որ միտինգավորների պլակատով ավտոմեքենան նորից մոտենում է կանգառին:

– Ես գնամ,- ասացի Ջահանին:- Մի ամսից կերեւամ:

– Էրեւա, Արմեն ջան,- ասաց Ջահանը:- Չմոռանաս՝ էդ վեպիդ մեջ մեկ-մեկ էլ մեզ հիշես:

– Կհիշեմ:

– Թե չէ՝ Պողոսի՜կ, Մողոսի՜կ, Մողեսի՜կ,- ծիծաղեց Ջահանը:

– Վռազ էրեւում ա, որ բանաստեղծ ես,- ծիծաղեցի ես:

– Որ մի քիչ ուղեղիս զոռ տամ, ես էլ կարամ անտիպոեզիա գրեմ,- ծիծաղեց Ջահանը:

– Լավ էլ ստացվում ա,- ասացի ես:- Հաջող:

– Մինչ նոր հանդիպում,- ձեռքը թափահարեց Ջահանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել