Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոչ թե ձերբակալվածներ, այլ՝ գերիներ ու պատանդներ»

Հունիս 21,2008 00:00

\"\"Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն այսկերպ բնութագրեց «Մարտի 1»-ի գործով ձերբակալվածներին:

Երեկ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հ/կ-ի նախաձեռնությամբ քննարկում էր կազմակերպվել՝ «ՀՀ ԱԺ պատգամավորների քաղաքական հետապնդումը եւ կալանավորման իրավական ռեժիմը» թեմայով: Քննարկմանը ներկա էին բացառապես ընդդիմադիր դիրքորոշում ունեցող քաղաքական եւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հիշեցնելով 2008 թվականի մարտի 4-ի՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը ԱԺ-ին՝ պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Խաչատուր Սուքիասյանին անձեռնմխելիությունից զրկելու, որպես մեղադրյալներ կալանավորելու պահանջով, հայտարարեց, որ այդ միջնորդագրի մեջ չի նշվել, թե ինչ հիմնավոր կասկածի պարագայում է այն ներկայացվել: Ըստ բանախոսի, արդեն երկրորդ անգամ վարույթն իրականացնող մարմինը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կրկին 2 ամսով կալանքը երկարաձգելու պահանջով: «Սա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում է: Եթե կրկնվում են առաջին միջնորդության հանգամանքները, ինչպես վերջիններիս պարագայում է, ապա այդ կալանավորումը կարելի է դիտարկել ապօրինի»,- հայտարարեց պատգամավորը: Զ. Փոստանջյանը տեղեկացրեց նաեւ, որ անպատասխան են մնացել դատախազությանն ուղղված իրենց երաշխավորագրերը՝ կապված պատգամավորների իրավունքները ոտնահարելու հետ:

Մ. Մալխասյանի եւ Հ. Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը եւ Ս. Միքայելյանի պաշտպան Արթուր Աթարբեկյանը հաստատեցին վերոգրյալը, նշելով, որ իրենք այս 4 ամիսների ընթացքում չեն տեսել այն բավարար հիմքերը, ըստ որի՝ գլխավոր դատախազը պատգամավորներին ձերբակալելու միջնորդություն է տվել: «Մեղադրանք առաջադրելու որոշումը հստակ չէ, այսինքն՝ պարզ չէ, թե Մ. Մալխասյանը ինչ գործողություններ է կատարել: Այսօր որեւէ հիմք չկա նրանց կալանքի տակ պահելու համար»,- ասաց Մ. Առուստամյանը՝ տեղեկացնելով, որ իրավունքների ոտնահարման հետ կապված իր ոչ մի միջնորդություն-հարցադրումներին քննչական ծառայությունը չի պատասխանել:

Ա. Աթարբեկյանն էլ հայտարարեց, որ Ս. Միքայելյանի մեղադրանքն անհիմն է, քանի որ չի մատնանշվում, թե նա ինչ գործողություններ է կատարել, որոնք ուղղված են եղել պետական իշխանության յուրացմանը եւ զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Պաշտպանը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ իր պաշտպանյալի մեղադրանքի ծավալը փոփոխվել է եւ մեղադրանք է առաջադրվել Վանատուր համալիրի լճակում գտնված զինամթերքի մասով:

Քննարկմանն իրենց խոսքն ասացին նաեւ նախկին եւ ներկա Մարդու իրավունքների պաշտպանները: Լարիսա Ալավերդյանը նշեց, որ մարտի 3-ից ԱԺ-ում հնչեցված հարցերի պատասխանները մինչ օրս չի տրվել. «Այս 4 ամիսները վկայում են, որ մեր քննչական համակարգը միշտ շեշտը դրել է ինքնախոստովանության վրա»: Իսկ Արմեն Հարությունյանը, մասնավորապես, ասաց, որ պետականության մասին խոսողները պետք է հաշվի առնեն, որ Հայաստանը լուսնի վրա չէ, քանի որ Հայաստանը Եվրոպական դատարանի իրավասության տակ է գտնվում, ընդ որում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան մեր իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է, ավելի զորեղ է, քան օրենքները. «Արդեն մի քանի ամիս է՝ գործերը չեն ուղարկվում դատարան, ինչպե՞ս հասկանալ: Եթե հիմնավոր չէին, ուրեմն՝ քաղաքական որոշում է ընդունվել: Եթե հիմնավոր էին, ապա ինչո՞ւ այսքան երկար ժամանակ գործերը դատարան չեն ուղարկվում»: Ա. Հարությունյանը փաստեց, որ կասկածները կարող են իրականություն դառնալ, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան: Օմբուդսմենը փաստաբաններին կոչ արեց իրենց պաշտպանյալների իրավունքների խախտման հարցերով դիմել իրենց գրասենյակ եւ մամուլին. «Քաղաքացիական հասարակությունը եւ խոսքի ազատությունը փոխկապակցված են: Մամուլն է ապահովում հասարակական կարծիքի ակտիվ լինելը»:

Քննարկմանը ներկա Գրիզելդա Ղազարյանը պաշտպանին տեղեկացրեց, որ ընդդիմության երեկվա հանրահավաքին չմասնակցելու համար իշխանությունները փակել են Երեւան մտնող գրեթե բոլոր ճանապարհները, արդյո՞ք դա մարդու իրավունքների խախտման վառ ապացույց չէ: Պաշտպանը պատասխանեց. «Հիմա մեր գրասենյակի տղաներին կուղարկենք, կճշտենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել