Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՄԱՐԴ ՉՏԵՂԱՓՈԽԵԼ»

Հունիս 21,2008 00:00

\"\"Արդեն որերորդ դեպքն է, երբ իշխանությունների քմահաճույքով միջմարզային տրանսպորտը ուղեւորներին չի սպասարկում:

Երեկ Աբովյանի, Աշտարակի, Արմավիրի, Մասիսի, Արարատի, Արտաշատի, Վեդիի, Հրազդանի, Չարենցավանի միկրոավտոբուսները առավոտյան չեն աշխատել: Մայրաքաղաք մեկնել ցանկացող հարյուրավոր մարդիկ Երեւան հասնելու համար ստիպված են եղել մեծ գումար ծախսել եւ օգտվել տաքսիների ծառայությունից: «Առավոտի» հետ զրույցում «Այրարատ» կինոթատրոնի մոտ կայանած Մասիսի, Արարատի, Արտաշատի, Վեդիի, Հրազդանի եւ Չարենցավանի միկրոավտոբուսների վարորդները վստահեցրին, որ Մատենադարանի մոտ նախատեսված հանրահավաքի պատճառով իրենց հրահանգված է չաշխատել եւ ոչ մի մարդ մայրաքաղաք չտեղափոխել: Վարորդների խոսքերով. «Մեզանից ոչինչ կախված չի, ինչ մեզ ասում են՝ այն էլ անում ենք: Ձեր կարծիքով՝ մեզ ձեռք է՞ տալիս պարապ-սարապ նստելը»:

Մեր այցելության պահին այդ ավտոկայաններում մարդկանց մեծ կուտակումներ կային, մարզեր մեկնողները նույնպես անելանելի վիճակում էին, քանի որ չգիտեին, թե ոնց են տուն հասնելու:

Օգտվելով իրավիճակից, մայթերի ամբողջ երկայնքով շարվել էին տաքսիները, որոնց վարորդները մեքենաների դիմապակիների վրա խոշոր տառերով գրել էին, թե միկրոավտոբուսների փոխարեն իրենք որ երթուղին են «սպասարկում»: Երեկ Աշտարակ-Երեւան երթուղին նույնպես կաթվածահար վիճակում էր: Աշտարակից էլ մայրաքաղաք չեն կարողացել հասնել քաղաքացիներ, որոնք ցույցի հետ ընդհանրապես կապ չեն ունեցել: «Դրանով ոչինչ անել չեն կարող, եթե մարդկանց մտքին կա, որ պիտի ցույցերին մասնակցեն՝ մի ձեւ կգտնեն գալու: Եթե այդ նպատակով են ճանապարհները փակել, ապա ասեմ, որ արդեն ուշացել են, միտինգավորները մի քանի օր առաջ են մայրաքաղաքի իրենց ազգականների տները եկել, որ նմանատիպ խոչընդոտներից խուսափեն»,- ասաց աշտարակցի մի տարեց մարդ, որը շուրջ 2 ժամ անհույս սպասում էր Աշտարակի ավտոբուսին:

Նույն ճակատագրին են արժանացել նաեւ արմավիրցիներն ու էջմիածինցիները: Կեսօրին Մաշտոց-Սարյան փողոցների խաչմերուկը լեփ-լեցուն էր Արմավիրի մարզ մեկնել ցանկացող, բայց այդ հնարավորությունից զրկված ուղեւորներով: Կուտակումն այնքան մեծ էր, որ այդ հատվածի երթեւեկությունը խաթարվել էր: Այս գծերի տերերը նույնպես հրահանգված էին՝ չաշխատել: Եթե մայրաքաղաքում ընդդիմությունը ինչ-որ հանրային միջոցառում է կազմակերպում, ապա, որպես կանոն, այս երթուղիները գիծ դուրս չեն գալիս: Ուղեւորների վկայությամբ, եթե սովորական օրերին Էջմիածնից Երեւան հասնելու համար իրենք վճարում են 250 դրամ, ապա երեկ դա արժեցել է 2 հազար դրամ: Աբովյան-Երեւան երթուղին սպասարկող թիվ 262 միկրոավտոբուսներից հիմնականում օգտվում են մայրաքաղաքում աշխատող աբովյանցիները: Երեկ այդ ուղեւորները նույնպես, ժամերով 262-ին սպասելուց հույսները կտրած, աշխատանքի են հասել տաքսիներով: Հիշեցնենք, որ այս երթուղին ՀՀ իշխանությունների հրահանգով մոտ 2-3 օր էլ այս տարվա փետրվարին գիծ դուրս չէր եկել՝ ընդդիմության ցույցերին մարդ չբերելու համար: Սա արդեն որերորդ դեպքն է, երբ իշխանությունների քմահաճույքով հազարավոր մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը ոտնահարվում է: Սակայն ոչ օբյեկտիվ պատճառներով «գործադուլ» հայտարարած որեւէ երթուղային գծի տեր որեւէ անգամ պատժի չի ենթարկվել տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից: Միջմարզային երթուղագծերի պատասխանատուն հենց նախարարությունն է, որը երթուղագծի համար սահմանած մրցութային պայմաններում հստակ նշում է, որ գծատերերը պարտավոր են երթուղագիծը բարեխիղճ շահագործել:

Երեկ մեր հարցին ի պատասխան, տրանսպորտի եւ կապի նախարարությունից այդպես էլ չհստակեցրին, թե ինչո՞ւ է միջմարզային տրանսպորտը կաթվածար եղել: Միայն ասացին, որ իրենք տեղեկացրել են համապատասխան մարմիններին, եւ հարցը քննարկվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել