Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՂԱԴՐՅԱԼԸ»՝ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԱԿԱ՞Ն

Հունիս 21,2008 00:00

Ինչպես հայտնի է, մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը նախորդ օրը որոշում է կայացրել, որ խորհրդակցական ձայնի իրավունքով հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու կհրավիրվեն քաղաքական այն ուժերի ներկայացուցիչները, որոնք 2007-ին ԱԺ ընտրություններում ստացել են ընտրողների ձայների 3%-ից ավելին, բայց չեն հաղթահարել 5%-ի շեմը: Դրանք են «Ազգային միաբանությունը», «Միավորված աշխատանքային» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունները: Արդեն հայտնի է, որ ԱՄ-ն իր համաձայնությունը տվել է՝ հանձնաժողովում աշխատելու, ՄԱԿ-ը դեռ մտածում է: Նշվածներից միակը ընդդիմադիր դաշտում գտնվող ՆԺԿ-ն է, որից երեկ «Առավոտը» հետաքրքրվեց՝ ընդունելո՞ւ են, արդյոք, սույն առաջարկը: Կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ Արամ Կարապետյանի անունից պատրաստվում է 3 էջանոց մի փաստաթուղթ: Այն կուղարկվի ե՛ւ նշյալ հանձնաժողովին, ե՛ւ ԶԼՄ-ներին: Տվյալ փաստաթղթում ՆԺԿ-ն կոնկրետ հարցադրումներ է առաջ քաշում այն մասին, թե ինչ առաքելություն ունի խորհրդարանական հանձնաժողովը եւ իրականանալի՞ է, արդյոք, այդ առաքելությունը տվյալ պարագայում, քանի որ մեր իրականությունը այլ բան է ապացուցում: «Հանձնաժողովում եղած մարդիկ արդեն իսկ առիթներ են ունեցել, խախտելով անմեղության կանխավարկածը, կողմնակալ կարծիքներ արտահայտել»,- տարակուսում է Հրաչյա Սարգսյանը: Եվ ամենազավեշտալին այն է, որ տվյալ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու է հրավիրվում մի մարդ՝ Արամ Կարապետյանը, ով այս ենթատեքստում մեկ քրեական գործով արդեն անցնում է: Հիշեցնենք, որ Ա. Կարապետյանը այժմ բացակայում է Հայաստանից (թեեւ չբացակայելու ստորագրություն է տվել), սակայն կարճված չէ «սուտ մատնություն» հոդվածով նրա դեմ հարուցված քրեական գործը: «Պարոն Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ընդամենը հարցեր հնչեցնելու համար: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանձնաժողովի աշխատանքի ընթացքում մի իրավիճակ առաջանա, երբ ոչ թե հարց պետք է հնչեցնել, այլ պնդում անել… ի՞նչ կլինի»,- հարցնում է Հ. Սարգսյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել