Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգլանդի պատմությունը կրկնվում է

Հունիս 21,2008 00:00

«Մենք մտահոգված ենք այն առնչությամբ, որ Մարի Յովանովիչը, ում թեկնածությունն առաջադրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար, հրաժարվել է որեւէ խելամիտ բացատրություն տալ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտման նկատմամբ Սպիտակ տան քաղաքականությանը»: Այս մասին, ըստ «Արմինֆոյի», հայտարարել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

Նախօրեին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում կայացել են քննարկումներ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածության հաստատման շուրջ: Իր ելույթում Մարի Յովանովիչը, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ կառավարությունը եւ ես, անշուշտ, ճանաչում եւ վշտանում ենք Օսմանյան կայսրության մայրամուտին տեղի ունեցած զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների եւ բռնի տեղահանության առնչությամբ, որոնք հանգեցրել են 1,5 մլն հայերի մահվանը»: Սենատոր Բոբ Մենենդեզը, իր հերթին, սուր քննադատության է ենթարկել Հայոց ցեղասպանության փաստին առնչվող՝ Սպիտակ տան քաղաքականությունը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածուից համառորեն պահանջել է բնորոշել վարչակազմի մոտեցումը Հայոց ցեղասպանության նկատմամբ: Մենենդեզը, ով դեմ էր հանդես եկել այդ պաշտոնում նաեւ նախորդ թեկնածու Ռիչարդ Հոգլանդի նշանակմանը, մանրազնին հարցման է ենթարկել Յովանովիչին՝ ներկայացնելով Պետդեպի արխիվների փաստաթղթեր, դրանցում կիրառված բառապաշարը համեմատելով թեկնածուի ելույթի հետ: Անդրադառնալով այն ակնարկին, որ 1915 թ. իրադարձությունների նկարագրությունը համընկնում է ՄԱԿ-ի՝ ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիայի բնորոշումներին, ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածուն խուսափել է ուղիղ պատասխանից, հայտարարելով, որ երկրի նախագահն ու Պետդեպն են պաշտոնապես գնահատում պատմական իրադարձությունները: «Նախագահ Բուշի, ինչպես նաեւ նախորդ նախագահների քաղաքականությունը հանգում էր այդ տերմինի կիրառումից հրաժարվելուն»,- հայտարարել է նա: Ի պատասխան՝ սենատոր Մենենդեզը նշել է. «Ամոթ է, որ պրոֆեսիոնալ դիվանագետները դժվարություններ են հայտնաբերում պատմական փաստերի եւ միջազգայնորեն ճանաչված իրողությունների ընդունման գործում»: «Ինձ զարմացնում է այն հանգամանքը, որ մենք կարող ենք խոսել մեկուկես միլիոն կորսված մարդկային կյանքերի մասին, կարող ենք խոսել բռնաբարված կանանց, երկրից բռնությամբ տեղահանված մարդկանց մասին, երկրի նախագահը դա ճանաչում է, սակայն չենք կարող իրերն իրենց անուններով կոչել»,- շարունակել է սենատորը:

Իր խոսքում Մարի Յովանովիչը անդրադարձել է նաեւ հայ-ամերիկյան հարաբերություններին: Նա, մասնավորապես, մտահոգություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարության ներկայիս վիճակի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ Միացյալ Նահանգները պետք է շարունակի աշխատել Հայաստանի հետ՝ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել