Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՎԵՐՋ ՉԵՍ ՏԱԼԻՍ ԱՅՍ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆԸ

Հունիս 21,2008 00:00

\"\"Երեկ Մատենադարանի հարթակից դիմելով Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հարցրեց Հայաստանի 1-ին ախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Մինչ երեկվա հանրահավաքում հնչած առանձին ելույթներ ներկայացնելը՝ ցանկանում ենք հիշեցնել նախօրեին ասուլիսում ՀՀ առաջին փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի պնդումները, թե ոստիկանությունը թույլ չի տա անցկացնել հանրահավաքը քաղաքապետարանի կողմից չարտոնված վայրում: Ոստիկանության ներկայացուցիչը նաեւ հայտնել էր, թե իրենք օպերատիվ տեղեկություններ ունեն, որ Երեւանի կենտրոնում կարող են լինել զանգվածային անկարգություններ եւ վտանգի ենթարկվեն մարդկանց կյանքն ու առողջությունը: Երեկ կայացած հանրահավաքից հետո, որի ընթացքում չեղավ եւ ոչ մի անկարգություն՝ հարցեր են առաջանում, քանի՞ լումա արժեն մեր իրավապահների «օպերատիվ տեղեկությունները», որքանո՞վ են դրանք արժանահավատ, եւ արդյոք որեւէ մեկն այժմ պիտի՞ պատասխանատվություն կրի կեղծ եւ մոլորեցնող տեղեկություններ հրապարակավ հայտնելու համար:

Իսկ նման տեղեկություններ նաեւ երեկ էին շրջում մինչ հանրահավաքը՝ թե զորքերի տեղաշարժ կա, թե ոստիկաններին ոչ միայն զրահաբաճկոններ են տրամադրվել, այլ նաեւ մարտական զենք եւ այլն: Ակնհայտ է, որ նման ահաբեկող լուրերի նպատակն ուղղակի հանրահավաքի մասնակիցների թիվը նվազեցնելն էր: Նույն նպատակով երեկ սահմանափակվել էր Երեւանի ուղղությամբ երթուղիների թիվը Նոր Հաճնից, Աբովյանից, Բյուրեղավանից, Չարենցավանից, Աշտարակից, Արտաշատից, Զովունուց եւ այլն:

Այս ամենին հավելենք, որ հանրահավաքը սկսվեց հայտարարվածից 2 ժամ անց՝ ոստիկանությունը թույլ չէր տվել Մատենադարանի հարթակ բերել բարձրախոսները, եւ բանակցությունները պահանջեցին հավելյալ ժամանակ: Եվ այդ ընթացքում շոգն այնպիսին էր, որ Դավիթ Շահնազարյանը կեսկատակ տենչում էր, որ ոստիկանությունը կիրառի ջրցան մեքենաներ: Այսուհանդերձ, այս ամբողջ ընթացքում մարդիկ մնացին կանգնած Մատենադարանից մինչեւ «Պոնչիկանոցի» տարածք, իսկ դրանից հետո՝ արդեն մինչեւ «Նաիրի» կինոթատրոն, բայց արդեն միայն մայթին:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ելույթում նշեց, թե լսել է, որ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «հաղորդել է, թե իբր այս հանրահավաքին մասնակցում է 8 հազար մարդ: «Պարոն Նազարյան, հիմա էլ նախագահը Ռոբերտ Քոչարյանը չի, ինչի՞ եք սուտ թվեր ներկայացնում, ինչո՞ւ եք ուզում ամեն ինչ աղավաղել»: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշելով, թե ներկա են 200 հազար հոգի՝ դիմեց Երվանդ Զախարյանին եւ Սերժ Սարգսյանին, հիշեցնելով իրենց հանրահավաքների 45 իրազեկումների մերժումը. «Դուք ի՛նձ չեք մերժել, մյուս դիմումատուների՛ն չեք մերժել՝ դուք մերժել եք 200-500 հազար մարդու: Դուք ո՞վ եք, ձեզ ո՞վ է այդ իրավունքը տվել՝ փակել ժողովրդի բերանը»:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը ելույթում հայտարարեց, թե այս հանրահավաքը ցույց տվեց, որ մեր ժողովրդի ոգին կոտրել հնարավոր չէ: Եվ անդրադառնալով ԵԽԽՎ-ում սպասվող քննարկմանը՝ հայտարարեց, թե որեւէ բանաձեւ օգուտ չի տա, «եթե հասարակությունն ինքը չպայքարի իր իրավունքների համար: Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ մեր ժողովուրդը դուրս է եկել պայքարի՝ հանուն արդարության եւ արժանապատվության հաղթանակի»: Նշենք, որ հանրահավաքում ելույթ ունեցան Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Սակայն առանձնացնենք Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը, թե պահանջում են, որ քրեական պատասխանատվության ենթարկվի Ռոբերտ Քոչարյանը՝ որպես մարտի 1-ի սպանությունների կազմակերպիչ: Ըստ նրա, մարտի 1-ի համար մեղավոր են եւ պետք է պատժվեն եւս 3 պաշտոնյա՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Սարկիսյանը եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Արամ Սարգսյանը ելույթում նաեւ պատասխանեց այն հարցին, որն ըստ նրա՝ իրեն հաճախ են տալիս. «Արամ ջան, ի՞նչ ենք անելու»: Եվ խոստացավ. «Ժողովուրդ, անելո՛ւ ենք, անելո՛ւ ենք հաստատ: Անելը բառիս բուն իմաստով մի հասկացեք, խնդրում եմ: Միտինգ ենք անելու, քանի դեռ մեր ընկերները բանտում են, քանի դեռ մեր երկրում մարդը գնահատված չէ, քանի դեռ մեզ բանի տեղ չեն դնում, քանի դեռ ժողովուրդն ինքն իշխանություն չի ձեւավորել, քանի դեռ մարդավարի չենք ապրում: Ու հավատացեք, սիրելի ժողովուրդ, այդ ծրագրերը մշակված են»:

Ավելի որոշակի ապագա ծրագրերի մասին խոսեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն նախ հաշվի առնելով, որ սա առաջին համապետական հանրահավաքն է մարտի 1-ից հետո՝ կոչ արեց 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը, հետո հավելեց. «Իմ վրա պատասխանատվություն եմ վերցնում, ձեր թույլտվությամբ, առաջարկել այս ոճրագործ իշխանություններին՝ մարտի 1-ի բոլոր զոհերին, այդ թվում՝ նաեւ ոստիկանության ներկայացուցիչներին, որոնք նույնպես ռեժիմի զոհերն են, արժանացնել Հայաստանի Ազգային հերոսի կոչման»: Այս կապակցությամբ հիշեցրեց, որ երբ Մոսկվայում 1991-ի «պուտչի» ժամանակ զոհվեց 4 քաղաքացի՝ Ելցինը նրանց բոլորին շնորհեց Ռուսաստանի Ազգային հերոսի կոչում: Լեւոն Տեր-Պետրոսյանը քիչ անց հավելեց, թե յուրաքանչյուր զոհվածի ընտանիք պիտի ստանա փոխհատուցում 1 միլիոն դոլարի չափով. «Եվ այդ գումարը պետք է վճարվի ոչ թե պետության, այլ ոճրագործության գլխավոր հանցագործ Ռոբերտ Քոչարյանի գրպանից»: Նաեւ նշեց, թե չգիտի՝ որքանո՞վ ստույգ են մամուլի տեղեկությունները, թե այդ սպանդին մասնակցել է նաեւ ԼՂ բանակի հատուկ ստորաբաժանումը. «Բայց եթե սա հաստատվի եւ ապացուցվի, ապա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Հայաստանում պետք է հայտարարվի «պերսոնա նոն գրատա»:

Ելույթի 2-րդ մասին անցնելուց առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը հատուկ խնդրեց «չենթարկվել հիպնոսի կամ հոգեխանգարման եւ հանգիստ լսել մեր ապագա գործողությունների ծրագիրը»: Եվ որպես այս հանրահավաքի նպատակներից մեկը՝ նշեց. «Պատահական չէ, որ հանրահավաքը տեղի է ունենում ԵԽԽՎ նիստից առաջ, որտեղ քննարկվելու է Հայաստանի հարցը: Մենք ուզում ենք այս հանրահավաքով ԵԽ, ինչու չէ՝ նաեւ ԵԱՀԿ-ի բյուրոկրատներին ցույց տալ, որ իրենք պետք է դադարեն Հայաստանին վերաբերվել ռասիստական իրենց վերին ատյանների դիրքորոշումներով, որ նրանք պետք է դադարեն արհամարհել մեր ժողովրդին՝ նրան համարելով 3-րդ աշխարհի երկրների ժողովուրդ»:

Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադառնալով ԵԽԽՎ 1609 բանաձեւի կատարմանը, մասնավորապես նշեց, թե չի կարեւորում ժողովների եւ հանրահավաքների մասին օրենքի փոփոխությունը, քանի որ ինչ օրենք էլ լինի՝ «միեւնույն է, մեր իշխանություններն այն բռնաբարելու են նույն ինտենսիվությամբ եւ սիստեմատիկաբար, ինչպես բռնաբարել են ՀՀ բոլոր օրենքները»: Եվ բանաձեւի պահանջներից առանձնացրեց իր համար ամենագլխավորը՝ քաղբանտարկյալների հարցը. «Ուրիշ հարց ես այսօր չունեմ, ուրիշ պահանջ ես այսօր չունեմ»:

Լեւոն Տեր-Պետրոսյանն աբսուրդ համարեց հետեւյալը. «5 հազար մարդ են բերման ենթարկել, 500 հոգու ձերբակալել, 132 հոգու կալանավորել, որոնցից 86-ն այսօր էլ բանտերում են, եւ նրանցից ոչ մեկին մինչեւ հիմա մեղադրանք չի ներկայացվել մարտի 1-ին զենք կրելու կամ կիրառելու մասին: Այդպիսի մեղադրանք չկա՛ եւ չի՛ կարող լինել: Ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել մեքենաներ հրկիզելու մասին, ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել խանութներ թալանելու մասին: 4 հոգու էին գտել, որոնցից մեկը, պարզվեց, Ռոբերտ Քոչարյանի որդու ընկերն է, մյուս 3-ն էլ Սերժ Սարգսյանի վստահված անձինք, որի մասին նրանք հայտարարեցին դատարանում: Ես ձեր անունից պահանջում եմ մեր իշխանություններից՝ ձերբակալել եւ դատի տալ բոլոր մեքենա հրկիզողներին, բոլոր խանութ թալանողներին: Վստահ եղեք, որ դրանց մեջ շարժման համակիրներից, կողմնակիցներից ոչ ոք չկա»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռակա հարց ուղղեց իշխանություններին. «Ի՞նչն է ձեզ խանգարում միանգամից լուծել այս հարցը եւ Հայաստանում այսօր չունենալ այս բորբոքված վիճակը: Գուցե թասի՞բը, որ մի բան արել ենք՝ մինչեւ վերջ պիտի անենք: Դա գողի՛, ավազակի՛ թասիբ է, թաթար-մոնղոլի՛ թասիբ է»: Եվ հայտարարեց. «Եթե մինչեւ Հայաստանի հարցի քննարկման օրը Սերժ Սարգսյանն ազատ արձակի անխտիր բոլոր քաղբանտարկյալներին, ապա ես կոչ կանեմ ԵԽԽՎ-ին Հայաստանի նկատմամբ չկիրառել այն պատժամիջոցը, որը սպառնացել են կիրառել: Միայն այս հարցը: Ես հիմա Սերժին էլ եմ դիմում: Սերժ, դու ընկերս ես եղել, ես քեզ կարող եմ նաեւ «դու»-ով դիմել, նույն իրավունքն էլ դու ունես. սա ի՞նչ խելագարություն է՝ Հայաստանում ստեղծել մի այնպիսի խնդիր, որ շարունակ բորբոքելու է ժողովրդին: Մի՞թե հնարավոր չէ 1 օրում, 1 զանգով, այ հենց այս գիշեր լուծել այդ հարցը: Եվ մենք ասել ենք՝ դրանից հետո մենք պատրաստ ենք նաեւ երկխոսության նստել իշխանության հետ եւ դուրս գալ այս թնջուկից»: Պնդելով, թե պատրաստ են երկխոսության՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճշտեց դրա բովանդակությունը. «Դա չի նշանակում, որ մենք գնալու ենք բազարների, սակարկումների՝ դուք սա ընդունեք, մենք նա ընդունենք, դուք ասեք՝ մենք լավն ենք, լեգիտիմ ենք, մենք ձեզ պաշտոններ կտանք: Մեզ ձեր տված ո՛չ մի պաշտոն պետք չէ»: Փոխարենն առաջարկեց երկխոսել նոր խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների, «քաղաքական պայմանները, խաղի կանոնները համաձայնեցնելու, պարզ ասած՝ ժողովրդավարության շուրջ»:

Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ԵԽԽՎ նստաշրջանից հետո, հուլիսի 4-ին ժամը 19-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել