Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ 1-Ը՝ ՀՀ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ»

Հունիս 21,2008 00:00

\"\"Առաջարկում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող նախկին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը:

– Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ձերբակալումը, կալանավորումը, առաջադրված մեղադրանքները եւ արդեն տեւական ժամանակ կալանքի տակ գտնվելը:

– Մեկ նախադասությամբ՝ ռուսական հատուկ ծառայությունների կողմից Սերժ Սարգսյանին իջեցված պատվեր: Իսկ թե ինչ պատվեր է՝ կասեմ մեկ այլ առիթով:

– Հավատո՞ւմ եք իշխանության խոհեմությանը, ապավինո՞ւմ եք եվրոպական երկրների միջամտություններին, որոնց արդյունքում Հայաստանում դրական զարգացումներ կլինեն:

– Չեմ հավատում իշխանության խոհեմությանը: Իսկ հարցի երկրորդ մասով ասեմ, որ, ցավոք, 1500 տարի շարունակ հայ ժողովուրդը պրոբլեմ ունի ճիշտ հավաքական մտածողության, տրամաբանության, եզրակացություններ անելու հարցում: Ներողություն եմ խնդրում, բայց ձեր կողմից հարցի նման ձեւակերպումը նույնպես այդ սխալ մտածողության արդյունք է: Ես ապավինում եմ միայն իմ խելքին, իմ խելացիության աստիճանին, իսկ Եվրամիության օժանդակությունն ինձ համար համարժեք է պայքարում հաղթելու մյուս բոլոր միջոցներին: Որքան խելքս թույլ կտա, ես հաղթելու համար օգտվելու եմ Եվրամիության, եվրոպական այլ կառույցներից, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի քրեական օրենսգրքից կամ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Աղվան Հովսեփյանի գործած սխալներից: Նշված բոլոր միջոցներն էլ ինձ համար նույնարժեք են: Պարզաբանեմ միտքս մասնակի: Ես պատրաստվում եմ իմ պաշտպան Հարություն Բաղդասարյանի իրավաբանական աջակցությամբ առաջիկա դատական գործընթացում հրապարակային միջնորդություն ներկայացնել հանրապետության դատախազություն՝ քրեական գործ հարուցել Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34 եւ 218 հոդվածների 3-րդ մասով (պատանդ վերցնելու փորձ) եւ 300 հոդվածի 1-ին մասով (պետական իշխանության յուրացում): Ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցել քրգործ՝ ՀՀ քրօրի 333 հոդվածի հատկանիշներով (սուտ մատնություն), կամ Արթուր Բաղդասարյանի նկատմամբ՝ 299 հոդվածով (պետական դավաճանություն): Այս խնդիրների լուծման համար եվրոպական կառույցների օժանդակությունը երկրում հրապարակային արդար դատաքննություններ անցկացնելու հարցում շատ էական է լինելու: Բայց եթե ես շատերի նման ցանկանամ, որ Եվրոպայի օժանդակությամբ «երկնքից երեք խնձոր ընկնի», բնականաբար, հիասթափություն եմ ապրելու, քանի որ Եվրոպան ինձ կամ պետք է մերժի, կամ խաբի: Սրա համար եմ ասում, որ մեր ժողովրդի տրամաբանության մեջ ենթական ու ստորոգյալը խառնվել են իրար, իսկ պատասխանները փնտրում են այնտեղ, ուր հարցեր չկան: Դրանով իսկ խուսափելով այն հարցերից, որոնք իրական ու լուրջ պատասխաններ են ակնկալում:

– Հունիսի 20-ին արմատական ընդդիմությունը, առաջին նախագահի գլխավորությամբ, նախատեսում է բազմահազարանոց հանրահավաք անցկացնել (հարցազրույցը կայացել էր հինգշաբթի օրը – խմբ.): Եթե դուք առիթ ունենայիք այդ հանրահավաքում ելույթ ունենալ, որո՞նք կլինեին ձեր ելույթի հիմնական թեզերը:

– Ընդհանրապես մարդկային կյանքի իմաստը երջանկություն փնտրելու մեջ է: Մարդը հնարավոր երջանկության կարող է հասնել միայն առավել արդար հասարակարգում: Առավել արդար հասարակարգ ասելով՝ նկատի ունեմ այն հասարակարգը, որը ոչ միայն չի կոտրում, չի սպանում իր քաղաքացուն, մարդու մեջ երջանկություն փնտրելու, երջանկության ձգտելու կամ երջանկության հասնելու հույսը, այլեւ օժանդակում է մարդու հոգում երջանկության զգացումի ուժեղացմանն ու ամրապնդմանը: Հասարակարգի արդարացի լինելն էլ հիմնված է այս երեք բարձրագույն օրենքների վրա, որոնք վաղուց մարդկությանը հայտնի են Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն անուններով: Խոսքը սրանց լոզունգային կիրարկման մասին չէ, այլ իրական ու բովանդակային: Իսկ վերջում կոչով կդիմեի հանրահավաքի մասնակիցներին, հորդորելով նրանց՝ ընդունել, ճանաչել, հայտարարել մարտի 1-ը ՀՀ բոլոր երեխաների ազատության եւ իրավունքների պաշտպանության օր: Իսկ Կիրովի անվան մանկական զբոսայգին վերանվանել Հայաստանի բոլոր երեխաների ազատության ու իրավունքների պաշտպանության համար պայքարում զոհված հերոսների անվան զբոսայգի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել