Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂԾ ԺԱՄԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆԻՆ

Հունիս 20,2008 00:00

Մեր կյանքի վերջին անհանգիստ ժամանակներում ես իմ ընկերներից մեկին բարեկամաբար խորհուրդ տվեցի՝ մի արա այդ բանը, որովհետեւ կհայտնվես կեղծ ժամանակի մեջ, բայց նա չլսեց ինձ՝ բերելով բազմաթիվ պատճառաբանություններ: Ու բոլորովին վերջերս նույն ընկերս ինձ ասում էր, որ ինքը խաբվել է, սխալ է թույլ տվել:

Կյանքի առօրյա վայրիվերումները կարծես թե տանելի են, անսպասելին էլ է տանելի՝ մի կերպ, սակայն ուրիշ պահանջ ունի… Եվ թերեւս հանգիստ կարող ենք ապրել առօրյա վեճերի հետ, անհամաձայնությունների, նաեւ քաղաքական կռիվների մեջ, մնում է ընտրել ճիշտ խոսքը, այսինքն թե՝ ցանկացած պայքարի՝ առավել եւս քաղաքական պայքարի մեջ երբեք չի կարելի վերջին խոսքը սկզբում ասել, երբ որ մեր միջեւ՝ մեզ սպասելով, լռում է բառարանը, լռում է մշակույթը. նկատի չունեմ ստեղծագործական միությունները, որոնց ղեկավարները, խոսելով մշակույթից, շարունակ ատում են Ստեղծագործությունը՝ առավել եւս ստեղծագործողին:

Այնինչ մշակույթը, որի մասին անվերջ խոսում են անմշակութակիր լեզվով, ծածկում-թաքցնում է իրական կյանքի դառը պատկերը, ներշնչում է հույս, ցուցադրում գեղեցիկը եւ մղում ապրելու, մեզ հասցնում Աստվածամերձության:

Իսկ ամեն մարդ իր կյանքի օրերի մեջ փնտրում է մեկ ուրիշ մարդու՝ հույսով, ով իրեն կհասկանա, այդպես էլ ազգերն են փնտրում այլ ազգերի՝ դարձյալ հավատալով, որ իրենց կճանաչեն ու կընդունեն: Եվ երբեմն, եթե մարդու բախտը բերում է, մի օր արթնանում է եւ զարմանքով հասկանում, որ այն մարդը, որին ինքը փնտրում էր, դա ինքն է, այսինքն՝ հենց ինքն է փնտրվողը, ինքն է միակը, որ հասկանում է իրեն, եթե իհարկե հասկանում է: Այդպես էլ ազգերն են, որ իրենց հազարամյա պատմության թմբիրից մի օր արթնանում են ու զարմանքով տեսնում, որ իրենք են իրենց տերը, եթե գտնեն կամ վերհիշեն սեփական բառարաններում մոռացության մատնված սիրո բառերը…

Այսօր հունիսի քսանն է, վաղը՝ անշուշտ, քսանմեկը, եւ այդպես շարունակ… Եվ ես հույս ունեմ, ուզում եմ հավատալ, որ մենք կգտնենք այն բառերը, որի արդյունքում զրույց կկայանա, եթե ոչ՝ մեր համազգային ոգին, որն արդեն գտել է դեպի մեծ աշխարհ տանող իր բաց դուռը, ինքնուրույն ճանապարհը ու սկսել է ինքն իրեն ճանաչել, կարող է հանկարծ խաթարվել եւ նմանվել երկար ժամանակ վանդակում փակված այն արծվին, որը մի օր կարող է հավ դառնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել