Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հունիս 20,2008 00:00

\"\"Եռյակն ուրվագծվում է

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը կայացավ շախմատի Հայաստանի ակումբային առաջնության երկրորդ տուրը: «Հրազդանը» 1,5:4,5 ընդհանուր հաշվով պարտվեց «Բանկային արքային», «Միկան» 5:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ «Երեւանի» նկատմամբ, իսկ ՖԻՄԱ-ն պարտության մատնեց «Գյումրիին»՝ 4:2:

Երկու տուրից հետո ակումբները մրցաշարային աղյուսակում դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ: 1. ՖԻՄԱ, 2. «Բանկային արքա», 3. «Միկա», 4. «Հրազդան», 5. «Գյումրի», 6. «Երեւան»: Երեկ առաջնությունում երրորդ տուրի օրն էր:

Ընդամենը 3 հաջող մոտեցում

Կոլումբիայի Կալի քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթները հաջող սկսվեցին:

Արդեն տեղեկացրել ենք, որ 69 կգ քաշային կարգում Առաքել Միրզոյանը՝ օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին, մեր չորս ծանրորդներից առաջինն է մտել մրցահարթակ, երկամարտում նվաճել է արծաթե մեդալ: Նա երկրորդն է եղել նաեւ առանձին մրցաձեւերում:

Առաջնության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Առաքելը պոկում վարժությունն սկսել է 133 կգ-ից, երկրորդ մոտեցման ժամանակ ձախողել է 137 կիլոգրամը եւ միայն վերջին մոտեցումում է սանձել պատվիրված քաշը: Հայ ծանրորդը հրում վարժությունում երեք փորձահերթից հաջող կատարել է միայն մեկը: Առաջին մոտեցման ժամանակ 165 կգ-ն չի ենթարկվել նրա կամքին: Երկրորդ փորձը հաջող է եղել, սակայն անհաջողության է մատնվել նաեւ եզրափակիչ մոտեցման ժամանակ՝ չկարողանալով բարձրացնել 170 կիլոգրամը: Եթե նա դա աներ, ապա երկամարտում կունենար 307 կգ, նույնքան, որքան հաղթող դարձած ռուսաստանցի Օլեգ Շենը, եւ անձնական թեթեւ քաշի շնորհիվ ինքը կկանգներ պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Հետաքրքիր է, որ Առաքել Միրզոյանին երկրորդ տեղը գրավելու գործում կրկին օգնել է անձնական քաշը: Նա եւ բրոնզե մեդալակիր՝ կոլումբիացի Միգել Լյուիս Պինեդան երկամարտում ցույց են տվել հավասար արդյունք՝ 302 կիլոգրամ:

Երեկ ուշ երեկոյան պայքարի մեջ էր ներգրավվելու 85 կգ քաշային Արամ Անդրիկյանը, որը նույնպես մրցանակային տեղ գրավելու հավակնորդ է:

Աբրահամը նախապատվելի է

Հունիսի 21-ին Ֆլորիդայի «Seminole Hard Rock Hotel and Casino»-ում կայանալու է IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ կոլումբիացի Էդիսոն Միրանդայի միջեւ ռեւանշ մրցամարտը միջանկյալ քաշային կարգում:

Անկախ մարտի ելքից, Աբրահամը պահպանում է չեմպիոնական գոտին: Իսկ տիտղոսի հերթական պաշտպանության համար ավելի ուշ հանդիպելու է միջին քաշային կարգում պարտադիր հավակնորդի հետ, որի անունը կորոշվի Ջովաննի Լորենցո-Ռաուլ Մարկես մենամարտում:

Հայ բռնցքամարտիկը նախապատրաստության վերջին փուլն անցկացնում է Ֆլորիդայում: Նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 26 մենամարտ եւ բոլորն էլ ավարտել է իր օգտին, ընդ որում, 21-ը՝ նոկաուտով: Ինչ վերաբերում է Միրանդային, նա 32 մենամարտերից հաղթել է 30-ում (26-ը՝ ժամանակից շուտ) եւ կրել երկու պարտություն:

Մենամարտը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Ո՞վ կհաղթի այս անգամ: Կոլումբիացին խոստանում է, որ Աբրահամին եզրափակիչ գոնգը լսելու հնարավորություն չի ընձեռի: Արթուրն իր հերթին չի կասկածում իր հաղթանակին:

Ըստ «fightnews.ru» ինտերնետային վեբկայքի անցկացրած հարցման արդյունքների, մարզասերների 71,8%-ը վստահ է, որ միավորներով հաղթելու է Աբրահամը, իսկ 28,2%-ը նախապատվությունը տալիս է Միրանդային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել