Լրահոս
Օրվա լրահոսը

Հրատարակիչներն ու դրսի փորձը

Հունիս 20,2008 00:00

Գիրք հրատարակելը ծախսատար է բոլոր երկրներում

Դյուսելդորֆում մայիսի 28-ից հունիսի 12-ը անցկացվեց պոլիգրաֆիական ոլորտում աշխարհում հայտնի «Դրուպա» ցուցահանդեսը, որը կազմակերպվում է չորս տարին մեկ: Թեեւ Հայաստանը չէր մասնակցում ցուցահանդեսին, սակայն ոլորտում տեղի ունեցող նորարարություններին, ինովացիաներին եւ այլնին իրազեկ լինելու նպատակով հյուրի կարգավիճակով Գերմանիա էին մեկնել հայաստանյան շուրջ 15 պոլիգրաֆիական ընկերությունների ներկայացուցիչներ: «Առավոտը» հանդիպեց «Լիմուշ» տպագրատան տնօրեն Վահրամ Դարբինյանին, «Զանգակ» տպագրատան տնօրեն Էմին Մկրտչյանին եւ «Անտարես» մեդիա-հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանին, որոնք հանդիսանում են Հայաստանի պոլիգրաֆիստների ակումբի անդամներ:

Մեր գրախանութներում հաճախ տեսնում ենք պոլիգրաֆիական ցածր որակով, գրքերի ձեւավորման ավանդական սկզբունքներով՝ կամ շատ ծանր, կամ էլ շատ բարակ ստվարաթղթով արված գրքակազմեր, որոնք վանում են ընթերցողին, մինչդեռ, ըստ լուրերի, «դրսի» ցուցահանդեսներում հայաստանցիները ներկայանում են բարձրորակ արտադրանքով: Մյուս մտահոգությունը, որ ուղղեցինք մեր զրուցակիցներին, այն էր, որ մեզանում բացակայում է ողջ աշխարհում ընդունված հրատարակիչ-հեղինակ պայմանագրային քաղաքակիրթ աշխատաոճը. ասել է թե՝ հրատարակիչները հազվադեպ են պատվերներ տալիս հեղինակներին: Ասվածի առիթով «Զանգակ» տպագրատան տնօրեն Է. Մկրտչյանն ասաց. «Ութ տարի անընդմեջ առանձին տաղավարով մասնակցել եմ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին եւ մեր ցուցադրած գրքերը, հավաստիացնում եմ, չեն տարբերվել եվրոպականից: Սակայն մի բան պետք է հասկանալ, որ հայալեզու գրքերը նախատեսված են առաջին հերթին հայաստանյան շուկայի համար: Ինչ վերաբերում է նրան, որ երբեմն կարող եք հանդիպել նաեւ ցածրորակ արտադրանքի, կարծում եմ, դրան էլ պետք է նայել հետեւյալ տեսանկյունից. մեր սպառողներն ունեն ֆինանսական տարբեր հնարավորություններ ու ճաշակ: Օրինակ՝ ես, կարեւորելով գրքի արտաքին տեսքը, շեշտը դնում եմ բովանդակության վրա»:

«Լիմուշի» տնօրեն Վ. Դարբինյանն, իր հերթին ասաց. «Հայաստանն ունի քիչ ազգաբնակչություն, հետեւաբար՝ քիչ սպառող, ու եթե, օրինակ, Ռուսաստանում գրքի հրատարակման համար ծախսերը բաժանվում են, ասենք, 50.000 մասի, մեզ մոտ բաժանվում է 100-ի ու ստացվում է, որ ոչ թղթային ծախսերի մասով Հայաստանում գրքի ինքնարժեքը կարող է լինել մոտ 100 անգամ թանկ, քան Ռուսաստանում: Մյուս կողմից, մեզանում գրեթե բոլոր ստեղծագործող մասնագետները (թարգմանիչ, խմբագիր, նկարազարդող եւ այլն) պահանջում են ոչ պակաս գումարներ, քան նրանց արտասահմանյան կոլեգաները: Հաշվի առնենք նաեւ այն, որ մենք դեռ չենք արտահանում, այլ աշխատում ենք միայն ներքին շուկայի համար, որը գնողունակ չէ»:

Իսկ «Անտարես» մեդիա-հոլդինգի նախագահ Ա. Մարտիրոսյանն ասաց, որ հրատարակիչ-հեղինակ պայմանագրային սկզբունքը մեզ մոտ էլ է գործում. «Գրքերի հեղինակային իրավունքներ գնում ենք նաեւ արտերկրյա հրատարակիչներից, հեղինակներից կամ գրական գործակալներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել