Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐԱՊԱԿԱՍ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՅՔ

Հունիս 20,2008 00:00

\"\"Մշակույթի նախարարության պաշտոնական կայքը չի սիրում «խոսել»

Վերջերս կայացավ ՀՀ մշակույթի նախարարության այդքան սպասված պաշտոնական կայքի՝ mincult.am-ի շնորհանդեսը: Ինչպես նշված է այնտեղ, կայքի ստեղծումն ու խորհրդատվական աջակցությունն իրականացրել է Բրիտանական խորհուրդը, իսկ դիզայնն ու ձեւավորումը՝ «Բրոնկովեյ» ընկերությունը: Կայքում զետեղված ողջույնի խոսքում մշակույթի նախարարը զուր խոստանում է, որ «ոչ միայն հայաստանցիները, այլեւ օտարերկրացիները կայքի շնորհիվ պատկերացում կկազմեն մեր դարավոր մշակույթի ու ժամանակակից արվեստի զարգացումների մասին», սակայն կայքը նման հնարավորություն չի ընձեռում: mincult.am-ում այստեղից-այնտեղից վերցրած խղճուկ, ցաքուցրիվ եւ հիմնականում ուշացած տեղեկություններ են այս կամ այն իրադարձությունների մասին, որոնք լայնորեն լուսաբանվել են բոլոր ԶԼՄ-ներում: Թանգարանները, թատրոնները եւ մյուս ՊՈԱԿ-ները ներկայացված են ընդամենը հասցեներով ու հեռախոսահամարներով, բացառությամբ հատուկենտ մշակութային օջախների, որոնք ունեն սեփական պաշտոնական կայքերը: Թե որտեղ ինչ է ներկայացվում, օրինակ՝ տվյալ թանգարանի տոմսն ի՞նչ արժե, այցելուն ի՞նչ կարող է տեսնել այնտեղ, նախարարության կայքը «լռում» է: mincult.am-ից չես կարող տեղեկանալ մինչեւ 2015 թ. նախարարության ծրագրերին, որոնց մասին ժամանակ առ ժամանակ նախարարը շեփորում է ասուլիսներում կամ «յուրային» ԶԼՄ-ների էջերում:

«Նախարարության մասին» խորագրի ներքո՝ «Պատմությունը» վերնագրի տակ կարդում ենք ծեծված այն ողբաբարբառ ու պրիմիտիվ շարադրանքը, թե ինչպես «դարեր շարունակ զրկված լինելով պետականությունից՝ հայ ժողովուրդը երբեք չի ընդհատել իր նախնիներից ստացած հարուստ մշակութային ժառանգության պահպանումն ու բազմապատկումը» կամ՝ ինչպես «առանց պետական աջակցության, օտար մշակութային քաղաքականության ճնշման տակ մեր ժողովրդի տաղանդավոր զավակները ստեղծագործել են համառությամբ ու նվիրումով…»: Լա՛վ, դա նախկինում էր, երբ «մյուս ազգերը դեռ ծառերի վրա էին», իսկ հիմա՞, երբ կա պետականություն, համարյա մշտամնա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան, որն ի պաշտոնե մշակութային քաղաքականության պատասխանատուն է, եւ ո՛չ թե գերատեսչության ներքին ինտրիգներին տոն տվողը…

«Առավոտը» դեռեւս 2006թ. օգոստոսի 18-ի համարում՝ «Մրցույթ առանց մրցակցի» հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ մշակույթի նախարարությունը այն եզակի գերատեսչություններից էր, որ պաշտոնական կայք չուներ: Մշակույթի հարափոփոխ նախարարներից միակը 100-օրյա նախարար Գեւորգ Գեւորգյանն էր, որի օրոք այն ստեղծելու խնդիր դրվեց, կառավարության պահուստային ֆոնդից էլ $8000-ին համարժեք դրամ հատկացվեց նախարարությանը: Գ. Գեւորգյանին ՄԱԿ-ի «քվոտայով» փոխարինած Հասմիկ Պողոսյանի օրոք էլ ՀՀ պետական գնումների գործակալությունը կայքի ստեղծման մրցույթ հայտարարեց, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել 2 կազմակերպություն՝ «ԱյԹիԻ» ՓԲԸ-ն եւ «Բրոնկովեյ» ՍՊԸ-ն: Սակայն մրցույթ տեղի չէր ունեցել, որովհետեւ, երբ փաթեթները բացվել էին, պարզվել էր, որ ոլորտում հարուստ փորձ ունեցող եւ Հայաստանը արտերկրի բազմաթիվ հեղինակավոր մրցույթներում ներկայացրած «ԱյԹիԻ»-ին ընդամենը ֆինանսական միջոցների մասին տեղեկանքի պատճենն է պակասում: Ու վերջինս մեխանիկորեն դուրս էր մնացել մրցույթից, «Բրոնկովեյ»-ն էլ, որ հայտնի էր որպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կայքն անվճար պատրաստած մեկը, անկախ իրենից հաղթող էր ճանաչվել:

Դառնալով mincult.am-ի ստեղծմանը, փաստենք՝ ստացվում է, ե՛ւ կառավարության տրամադրած $8000-ն է նախարարությունը օգտագործել, ե՛ւ Բրիտանական խորհուրդն է աջակցել, սակայն արդյունքում «օրապակաս» կայք է ստեղծվել, որը չի կարող գործածական տեղեկատվական աղբյուր լինել լրագրողների եւ ընդհանրապես հայաստանյան մշակութային անցուդարձով հետաքրքրվողների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել