Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական խճանկար

Հունիս 20,2008 00:00

Սպանությո՞ւն՝ ռեստորանում
«Լուսաստղ» ռեստորանային համալիրի 2-րդ հարկում նախորդ երեկոյան հայտնաբերվել է 21-ամյա Լեւոն Ալեքսանյանի դիակը: Նրա գլխին առկա էին հրազենային բազմաթիվ վնասվածքներ: Ալեքսանյանը հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին էր:
Ըստ դեպքի վայրի զննության, հայտնաբերվել են 5,45 մմ տրամաչափի փամփուշտի 3 կրակված պարկուճ, 3 գնդակ, «ՉԵԶԵԹ -85 Ս» տեսակի ատրճանակ՝ 1 փամփուշտով եւ լիցքավորված փամփշտակալով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախնական վարկածի համաձայն, Լ. Ալքսանյանը ինքնասպանություն է գործել: Ըստ ոոշ լուրերի, Լեւոն Ալեքսանյանի հոգեկան վիճակն այդ պահին նորմալ չի եղել: Մինչդեռ, գլխին առկա հրազենային վնասվածքները կասկածի տեղիք են տալիս՝ արդյո՞ք ճիշտ է ինքնասպանության վարկածը: Փորձաքննության եզրակացությունը հավանաբար կտա հարցերի պատասխանները:
Կալանքը երկարացվեց
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի կալանքը: Հիշեցնենք, որ քննչական մարմինը հրաժարվել է մեղադրանքի մի մասից, այն է՝ ապօրինի զենքին վերաբերվող: Գլխավոր դատախազի նախկին տեղակալը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի դեմ ուժ կիրառելու եւ իշխանության բռնի զավթման համար:
Քննչական խորամանկություններ
Արձագանքելով «Առավոտի» հունիսի 18-ի «Առանց պաշտպանի» հրապարակմանը, երեկ ՀՀ քննչական ծառայության մամուլի բաժնից «Առավոտին» տեղեկացրին, որ «Մարտի 1-ի գործով» ձերբակալված Արա Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործը հունիսի 16-ին ուղարկվել է Երեւանի քրեական դատարան: Ա.Հովհաննիսյանի պաշտպան ունենալու հետ կապված ՔԾ մամուլի բաժինը հավելել է. «Ինչպես ձերբակալելիս, այնպես էլ մեղադրանք առաջադրելիս Ա. Հովհաննիսյանին պարզաբանվել է ՀՀ քրեական դատավարության օրենքի պահանջների համաձայն վերջինիս պաշտպան ունենալու իրավունքը, սակայն նա հրաժարվել է պաշտպանից»:
Մինչդեռ «Առավոտին» հայտնի է, որ պաշտպան Աղասի Աթաբեկյանը դիմել է հունիսի 16-ի առավոտյան ժ.10.04-ին, որպեսզի ներգրավվի այդ գործում: Տեղեկացնենք նաեւ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում այս պահին առկա է Արա Հովհաննիսյանի դիմումը՝ իր նկատմամբ քննությանը խորթ մեթոդներ կիրառելու միջոցով խոստովանական ցուցմունքներ կորզելու վերաբերյալ: Դիմումը գրվել է հունիսի 16-ին, առավոտյան ժամը 8-ին: Այդ դիմումում նա պաշտպան է խնդրել: Նույնաբովանդակ դիմումներ Հովհաննիսյանը միեւնույն ժամին գրել էր նաեւ պաշտպան Աղասի Աթաբեկյանին, ՀՀ գլխավոր դատախազին եւ հրաժարվել էր նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքներից:
Ինչ վերաբերում է «Առավոտի» այդ նույն հրապարակման մեջ հիշատակված Գեղամ Զաքեյանին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով Գ. Զաքեյան անունով կասկածյալ կամ մեղադրյալ չի եղել:
Այդ պարզաբանման մեջ նույնպես «անճշտություն» կա: էրեբունու ոստիկանության բաժին բերման ենթարկված՝ հրազենից վիրավորված Զաքեյանը, որին երեկ պատգարակով տեղափոխեցին ընդհանուր իրավասության դատարան, բաժին էր տարվել հենց «մարտի 1-ի գործով»: Դատարանը որոշման կայացումը՝ խափանման միջոցի հետ կապված, հետաձգել էր, քանի որ կասկածյալը պատգարակից չէր կարողանում տեղափոխվել, դատավոր Մարգարյանն էլ այդ պատճառով դռնփակ նիստը չէր սկսում: Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ի վերջո, դատարանը տվեց համաձայնություն՝ Զաքեյանին կալանավորելու:
Ռ. Մ.
«Իդեալն» իդեալից հեռու էր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախորդ օրը Գյումրիի քաղաքապետարանի դիմաց փլվել էր նորակառույցի պատը՝ ճզմելով հարակից տնակը: Արդյունքում՝ մահացել էին Հարությունյանների ընտանիքի 2 անդամները եւ այդ պահին նրանց հյուրընկալած Լուիզա Ադամյանը:
«Առավոտի» տեղեկություններով, հիշյալ կառույցը պատկանում էր «Իդեալ» համակարգին, որոնց սեփականատերերը պատրաստվում էին կառուցել հերթական խանութը: Առայժմ կա երկու վարկած. ամբարձիչն է ընկել տնակի վրա եւ երկրորդ, որն ամենահավանականն է, շինարարական նորմերի խախտումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել