Լրահոս
Օրվա լրահոսը

Հաց ու պանիր կվերցնեք

Հունիս 20,2008 00:00

Ավիավառելիքի թանկացման հետեւանքով շատ ավիափոխադրողներ, տոմսերի գնաճից խուսափելու համար, ուղեւորների սնունդը կպակասեցնեն:
Այսօրվանից Հայաստանում 1 տոննա ավիավառելիքը կվաճառվի նախկինից մոտ 150 դոլարով թանկ: Եթե ընդամենը մի քանի
օր առաջ ավիափոխադրողները 1 տոննա վառելիքը ձեռք էին բերում 1437 դոլարով, ապա այսօր այն արդեն վաճառվում է 1578 դոլարով: Մասնագետների կարծիքով, այդ թանկացումները պայմանավորված են նրանով, որ նավթավերամշակման գործարաններից ապրանքը բաց է թողնվում նախկինից անհամեմատ թանկ: Հիշեցնենք, որ վերջին 2 ամիսների ընթացքում սա ավիավառելիքի արդեն 2-րդ թանկացումն է: Ապրիլին ավիավառելիքը միջազգային շուկայում թանկացավ շուրջ 20%-ով: Չնայած միջազգային գները անդրադարձան նաեւ տեղական շուկայի վրա եւ անհամեմատ թանկացան Հայաստանի միակ ավիավառելիք ներկրող ընկերության՝ «Միկա Արմենիա թրեյդինգի» կողմից ներկրվող ավիավառելիքի գները, այնուամենայնիվ, մեր ազգային ավիափոխադրող «Արմավիան» եւ այլ փոխադրողներ, վախենալով կորցնել իրենց ուղեւորներին, հնարավորինս խուսափեցին գնաճից, իսկ «Արմավիան» պատճառաբանեց, որ «մի կերպ, կաշվից դուրս գալով, զսպում է գները»: ԱՊՀ տասնյակ երկրների ավիափոխադրողներն արդեն բարձրացրել են տոմսերի գները, իսկ Հայաստանի շուկայում՝ իրականացվող չվերթների քանակով առաջատար «Արմավիա» ընկերության ներկայացուցիչներն այս անգամ էլ հայտարարում են, որ մեծահոգաբար «անձնազոհության» են գնում: Ընկերությունից «Առավոտին» տեղեկացրին, որ հանուն հաճախորդների, իրենք պատրաստ են նույնիսկ վնասներ կրել. «Մենք պատրաստ ենք կորուստներ կրել, որ մեր հաճախորդները չդժգոհեն: Այսինքն՝ տոմսի գինը նույնը թողնել»: Իրավիճակից դուրս գալու համար «Արմավիայի» ներկայացուցիչներն այս օրերին ելք են փնտրում: Այս անգամ էլ տոմսերի թանկացումից խուսափելու տարբերակը հավանաբար կլինի ոչ թե ընկերության եկամուտների, այլ ուղեւորների սննդի հաշվին: «Արմավիայից» «Առավոտին» տեղեկացրին, որ ուղեւորների սննդակարգից կրճատումներ անելու հարցը դեռ քննարկվում է: Այսինքն՝ ընկերության ղեկավարությունը հաշվարկում ու քննարկում է, թե, ասենք, կարագը, ջեմը, բնական հյութը կամ քիչ թե շատ թանկ արժեցող այլ մթերքները ուղեւորների սննդակարգից հանելուց հետո՝ ընկերությունը որքան փող կտնտեսի:
Այնպես որ, չի բացառվում, որ շուտով «Արմավիայի» ուղեւորները, քաղցած չմնալու համար, ուղեբեռների հետ նաեւ ճանապարհին ուտելու համար խաշած հավ, ձու, հաց-պանիր եւ կանաչի վերցնեն, ու մինչ Մոսկվա կամ այլ քաղաք հասնելը ինքնաթիռում «տնավարի» մի լավ խնջույք կազմակերպեն:
Չի բացառվում, որ Հայաստանի այլ ավիափոխադրողները «շունչները պահած» սպասում են «Արմավիայի» որոշումներին, ու քանի որ ընկերությունը առաջատարն է թե իրականացվող չվերթների եւ թե ուղեւորափոխադրումների քանակով, իսկ մյուս ընկերություններն էլ ավիավառելիքը ձեռք են բերում հենց «Արմավիայի» սեփականատեր Միկա Բաղդասարովից, հետեւապես նրանց որոշումներն ուղղակիորեն կանդրադառնան նաեւ իրենց վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել