ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի՝ ՄԱԱ-ում արտահայտած այս մտքին հակադարձեց ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը. «Եթե նկատի ունեք, որ Ռ. Քոչարյանը սեպտեմբերի 21-ին է հրահանգ տվել կրակել մարդկանց վրա, դա այլ հարց է, բայց չեմ կարծում, դուք չէիք սպասում, որ հասարակությունը ոտքի կկանգնի: Դուք կամ պիտի կրակեիք իշխանության օրինական տիրոջ վրա, կամ՝ իշխանությունը հանձնեիք նրան: Դուք կրակեցիք իրական տիրոջ վրա եւ արյունով ներկեցիք ձեր անփառունակ իշխանությունը»:
ՄԱԱ-ում Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետ համատեղ «Բարեփոխումներ վերեւի՞ց, թե՞ փոփոխություններ ներքեւից» խորագրով քննարկումները երեկ ընթացան բուռն մթնոլորտում: Կարապետ Ռուբինյանը նաեւ հայտարարեց, որ եթե ընդդիմության պայքարը չլիներ, ապա այսօր «վարչապետ լինելու էր բոլորովին այլ անձ եւ այլ ցիտատներ էր բերելու, կամ՝ ընդհանրապես ցիտատներ չէր բերելու: Որոշ զգաստացում նկատվում է իշխանավորների կողմից, որոշ քայլեր, թեկուզ զոռով, բայց կատարվում են ոստիկանության համակարգում, ճանապարհային ոստիկանության՝ մասնավորապես, այդ ամենը ճնշման արդյունք է, այսինքն՝ նույնիսկ եթե մենք համոզված լինեինք իշխանությունների մտադրությունների անկեղծության մեջ (իսկ մենք համոզված չենք), այդ պարագայում էլ ճնշումն անպայման պիտի պահպանվի եւ միշտ լինի»:
Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հարյուր օրը դեռ չի բոլորել, նկատեց, որ «այս կարճ ժամանակահատվածում անհնարին է արձանագրել մեծ արդյունքներ որեւէ ոլորտի փոփոխություններում: Մենք այնպիսի փուլում ենք, երբ պետք է արձանագրենք ուղղություններ, դրական միտումներ, որոնք դեռ չեն բերել հստակ վերջնական արդյունքի, բայց հուսադրող են ուղղության մեջ»: Որպես դրական քայլ՝ նշեց 1609 բանաձեւի «հայկական կողմի կատարողականը»: