Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ին կտրուկ քայլեր պետք չեն

Հունիս 20,2008 00:00

Երեկ կայացած ասուլիսում քաղբանտարկյալների կանայք մանրամասներ պատմեցին ԵԽԽՎ համազեկուցողի հետ իրենց հանդիպման մասին:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնախմբի Հայաստանի հարցով համազեկուցող Ժորժ Կոլոմբիեի հետ հունիսի 17-ի հանդիպման ժամանակ, ինչպես երեկ «Հայացք» ակումբում պատմեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը, քաղբանտարկյալների կանայք նրան ասել են, որ իրենք ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի կատարման առումով ոչ մի առաջընթաց չեն նկատում, եւ կշտամբել. «Մեր կարծիքով, դուք պատասխանատվություն ունեք: Դուք գալիս եք այստեղ, լավ-լավ բաներ խոսում, երկար ժամկետ տալիս: Ուրեմն, դուք նրանց քարտ-բլանշ եք տալիս, որ մեր ամուսիններին եւ ընկերներին շարունակեն պահել բանտում»: Կոլոմբիեին հարցրել են. «Արդյոք ընդունո՞ւմ եք, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ»: Եվ ինչպես պատմեց Գրիգոր Ոսկերչյանի կինը՝ Մարինե Հարությունյանը, Կոլոմբիեն այսպես է արձագանքել. «Բայց մե՛նք չենք մեղավորը, որ ձեր երկրում այս իրավիճակն է: Մե՛նք չենք նրանց նստեցրել»: Մարինե Հարությունյանի տպավորությամբ՝ Կոլոմբիեի դիրքորոշումն ի սկզբանե պաշտպանողական էր. «Իսկ վերջում նա ասաց, որ ինքն իր պարտականությունները ազնվորեն է կատարում: Եթե սկսում ես արդարանալ, ուրեմն այնքան էլ անկեղծ չես»: Գ. Ոսկերչյանի կինը նաեւ պատմեց, որ ԵԽԽՎ համազեկուցողը պատժամիջոցներ կիրառելու իրենց պահանջներին այսպես էր արձագանքել. «Ասաց՝ իսկ դուք ի՞նչ եք կարծում, եթե մենք պատժամիջոցներ կիրառենք՝ ձեր ամուսինները դո՞ւրս կգան բանտից»:

Մեր հարցին, թե իրենց տպավորությամբ՝ համազեկուցողը իրոք համարո՞ւմ էր, թե զգալի առաջընթաց կա բանաձեւի կատարման առումով՝ Մարինե Հարությունյանը պատասխանեց. «Նրանք համարում են, թե պետք է շարունակել աշխատել, եւ այդ առումով պետք չէ ձեռնարկել կտրուկ քայլեր: Ասաց, թե իրենք չեն կարող կիրառել ավելի խիստ սանկցիաներ, այլապես Հայաստանի ժողովրդավարությունը կհայտնվի ավելի վատ վիճակում»: Մելիսա Բրաունն ասաց, որ իշխանությունների հետ աշխատելու նրանց մտադրությանն իրենք այսպես են արձագանքել. «Դուք արդեն 10 տարի նույն պատասխանն եք տալիս մեզ, մենք էլ ձեզ լսում ենք, եւ այս երկիրը գնում է դեպի վատը: Ոչ թե իշխանությունների հետ աշխատեք, այլ ժողովրդի»:

Հ. Գ. ԵԽ մամուլի գրասենյակին տված հարցազրույցում Կոլոմբիեն հայտարարել է. «Հայաստանն ակնկալում է, որ մենք իրեն օգնենք եւ ոչ թե սոսկ դատապարտենք»: Հայտարարելով, թե «հայաստանյան իշխանությունները պետք է ապացուցեն, որ Հայաստանը դուրս է գալիս այն փոսից, որում ակամայից հայտնվել է մարտի 1-ից հետո», Ժորժ Կոլոմբիեն ամփոփել է. «Ես իրոք ցանկանում եմ, որպեսզի Եվրախորհուրդը, ԵԽԽՎ-ն կարողանան եկող շաբաթ առնվազն նրանց տալ շատ ճշգրիտ հանձնարարականներ, որպեսզի նրանք շարունակեն գնալ ժողովրդավարության ճանապարհով: Դա անչափ կարեւոր է, եւ ես համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունները ականջալուր կլինեն եւ մինչեւ վերջ կիրականացնեն այն, ինչ իրենցից պահանջվել է: Կա կատարված աշխատանք, որը շատ դրական է: Պետք է գնալ ավելի հեռուն՝ մինչեւ վերջ, որպեսզի Հայաստանի վստահելիությունը ճանաչվի ինչպես հենց հայաստանցիների, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ Եվրախորհրդի կողմից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել