Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԱՔՆՆԵԼՈՒ ԵՆ ԱՆԱՉԱՌ ԵՎ ԹԱՓԱՆՑԻ՞Կ

Հունիս 20,2008 00:00

\"\"«Եթե ԵԽ-ն բավարարված չլինի, կարող է իր անկախ միջազգային փորձաքննությունն անցկացնել»,- կարծում է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի դաշնակցական նախագահ Արմեն Ռուստամյանը:

– Ժորժ Կոլոմբիեի հետ հանդիպումից հետո ԱԺ պատգամավոր, իրավագիտության պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանը «Առավոտին» տված հարցազրույցում նշեց, որ ձերբակալված 115 հոգուց այժմ կալանված է 17 մարդ, եւ շուտով նրանց հարցերն էլ կլուծվեն, եւ մենք «այլեւս քաղբանտարկյալներ» չենք ունենա: Նախ, սրանով ընդունվո՞ւմ է, որ, այնուամենայնիվ, ունենք քաղբանտարկյալներ, եւ հետո՝ արդյոք միայն 17 մա՞րդ է անազատության մեջ, չէ՞ որ իրականում շատ ավելի մեծ թվով մարդիկ են բանտերում:

– Կարծում եմ, որոշակի իրավաբանական տերմինների հասարակական չիմացության պատճառով կարող է նաեւ առաջանալ նման շփոթմունք, բայց իրականությունն այն է, որ կալանված անվանում են նրանց, ում հանդեպ դեռ դատական գործընթացը չի ավարտվել, դատական վճիռ չկա: Թվերը ճիշտ են, սակայն կարող են նաեւ ազատազրկված լինել՝ չլինելով կալանավորված: Իրականում ազատազրկված են ավելի շատ թվով մարդիկ:

– Մեր տվյալներով՝ 69 մարդ:

– Հնարավոր է, իմ տվյալներով՝ կարծեմ 67 մարդ, բայց խնդիրը դա չէ, այդ տվյալները կարելի է հստակեցնել անուն առ անուն, այստեղ ես հարց չեմ տեսնում: Հարցը բոլորովին այլ տեղ է: ԵԽԽՎ ամառային նստաշրջանը մեզ համար շատ կարեւոր եւ վճռորոշ նշանակություն է ունենալու: Իմ կարծիքով, թիվ 1609 բանաձեւի կատարման մասին խոսելիս այն պետք է բաժանել երկու մասի: Մի մասը վերաբերում է բարեփոխումների գործընթացն արագացնելու այն պահանջներին, որը ամրագրված է բանաձեւի 8-րդ կետի մեջ: Այդ դեպքում պետք է նշվի՝ ընդհանուր գործընթացը ճի՞շտ ուղղությամբ է ընթանում, թե՞ ոչ: Այդ կետերի ուղղությամբ բավարար քայլեր կատարվա՞ծ են, թե՞ ոչ: Կարծում եմ, այստեղ լուրջ խնդիրներ չենք ունենա, որովհետեւ կատարել ենք հնարավորինս, որպեսզի մեր Սահմանադրության եւ օրենքների թույլատրած դաշտում գործընթացն արագացվի: Երկրորդ բլոկը վերաբերում է «վստահության առաջացմանը», երկխոսության խնդիրներին, լարվածությունը մեղմելու քայլերին: Այստեղ եւս երեք հիմնական խնդիր կա՝ ցույցերի անցկացման հնարավորություն, «մարտի 1-ի» հետ կապված անկախ հետաքննության եւ բանտարկյալների խնդիրը: Առաջին երկուսի կատարման հարցում ինքս խնդիրներ չեմ տեսնում, եւ օրենքը բերվեց այն տեսքին, որը քննարկվել էր Վենետիկի հանձնաժողովի հետ: Սա չի կարող դրական չգնահատվել։ Անկախ հետաքննություն անցկացնելու հարցում եւս որոշ քայլեր արել ենք, ստեղծված ժամանակավոր հանձնաժողովին մենք տվել ենք բարձր կարգավիճակ, որպեսզի այն իր նպատակին ճիշտ ծառայի: Բայց կա հետաքննության երկու տեսակ՝ ազգային եւ միջազգային: Մենք ընտրել ենք ազգային հետաքննության ձեւը, չենք գնացել միջազգային ճանապարհով, որովհետեւ 1609 բանաձեւը ուղղակի այդպիսի պահանջ չի դնում, ասում է՝ անկախ հետաքննություն, չի ասում՝ անպայման միջազգային: Այնպիսի լիազորություններ եւ այնպիսի ձեւաչափ է տրված այս ժամանակավոր հանձնաժողովին, որ, կարծում եմ, հանձնաժողովը ունի բոլոր հնարավորությունները՝ վստահելի հետաքննություն իրականացնելու համար: Ահա այստեղ լայնորեն պետք է օգտագործել մեր ունեցած հարաբերությունները ԵԽ-ի հետ, արդեն իսկ իրենք այս հարցով պատրաստակամություն հայտնել են՝ Եվրախորհրդի կողմից տրամադրել միջազգային փորձագետներ:

– Դուք չեք անդրադառնում քաղբանտարկյալների խնդրին, սակայն պահանջ կա նրանց անհապաղ ազատ արձակել, ինչը չարվեց:

– Եթե անգամ իրենք կասկածանք տեսնեն քաղբանտարկյալների առկայության առումով, ուրեմն իրենք առանձին կարող են նախաձեռնել արդեն իրենց սեփական հետաքննությունն այս մասով, կսկսեն պրոցես, որն ամբողջությամբ կիրականացնի Եվրոպայի խորհուրդը: Այս հանգամանքը հաշվի առնելով, նաեւ հաշվի առնելով, որ արդեն իսկ 5 չափանիշներով հստակ սահմանվում է տվյալ անձի քաղբանտարկյալ լինել-չլինելու հարցը, հնարավոր է, որ ԵԽ-ն, այո, որոշի իր հետաքննությունն անցկացնել: Սա զսպող հանգամանք է մեզ համար, վստահ եմ, որ համապատասխան մարմինները սրա հետ ամբողջությամբ հաշվի են նստում:

– Ժամանակավոր հանձնաժողովում ընդգրկված են մարդիկ, ովքեր իրենց գնահատականները ժամանակին տվել են մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ, եւ բոլորն էլ միաձայն մեղավոր են ճանաչել ընդդիմությանը, եւ որեւէ մեկը չի ասել, թե հնարավոր է իշխանությունն էլ է մեղավոր, ուրեմն այս մարդիկ ինչպե՞ս կարող են լինել օբյեկտիվ:

– Դա արդեն յուրաքանչյուրի խղճի գործն է, իսկ այդ աշխատանքները հրապարակային են լինելու, բոլորը տեսնելու են, թե ով ինչ է ասում եւ ինչ է մտածում: Բնականաբար, տարբեր տեսակետներ կարող են լինել, բայց դա չի նշանակում, որ արդեն կանխորոշված է հանձնաժողովի եզրակացությունը: Նման բան լինել չի կարող, որովհետեւ կան շատ օբյեկտիվ փաստեր, որոնց հետ պարտավոր ես հաշվի նստել: Հաշվի չնստելով՝ դու նախ վարկաբեկում ես քո սեփական անձը եւ ընդհանրապես երկրում տեղի ունեցող գործընթացները: Իսկ դրանից հետո նման հանձնաժողովների ոչ ոք չի հավատա: Սա շատ լավ առիթ է, որ մենք ցույց տանք, թե կարող ենք ինքնուրույն անցկացնել անաչառ եւ բաց հետաքննություն:

– Եթե իրոք այդ աշխատանքը լինի անաչառ, բաց եւ թափանցիկ, ինչպես դուք եք ասում, ուրեմն կպարզվի, որ մեղքի ամենամեծ բաժինը իշխանությանն է եղել մարտի 1-ին, այդ դեպքում նման եզրակացությունն ինչպե՞ս եք հրապարակելու:

– Նախ, այս հանձնաժողովում հստակ արձանագրված են այն խնդիրները, որը նման հանձնաժողովի առաջ դնում է 1609 բանաձեւը, այսինքն՝ հանձնաժողովը չի կարող այդ խնդիրներին չանդրադառնալ: Խոսքը գնալու է բռնության կիրառման մասին՝ մի կողմից, մյուս կողմից՝ ոստիկանության գործողությունների համաչափության մասին:

Հարցերը պետք է ամբողջության մեջ քննարկվեն, բոլոր անկյուններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել